ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու գործով ձերբակալված 12  անձինք ազատ են արձակվել, կատարվել են խուզարկություններ |hetq.am|

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու գործով ձերբակալված 12 անձինք ազատ են արձակվել, կատարվել են խուզարկություններ |hetq.am|

hetq.am: Նոյեմբերի 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով ձերբակալված բոլոր 12 անձինք ազատ են արձարկվել: Դատարանները նրանց ձերբակալման որոշումները ճանաչել են ոչ իրավաչափ։ Քննչական կոմիտեն ձերբակալված անձանց անունները չի հրապարակել, մենք պարզել ենք նրանցից 11-ի ինքնությունը։ Այսպես, ձերբակալված են եղել, ապա ազատ արձակվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը, «Հետք»-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Նշենք, որ օրենքով սահմանված կարգի խախմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու՝ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է ոչ մեծ ծանրության արարք,  սանկցիան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք է  կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։  Գործը քննվում է  Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այն վերաբերում է նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում և նոյեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին։ Ինչպես արդեն վերը նշեցինք, քրեական գործի շրջանակներում խուզարկություներ են իրականացվել։ Դրանցից մեկը կատարվել է Միհրան Հակոբյանի բնակարանում։ Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ հստակ նշելով, թե ում բնակարանում պետք է իրականացվի խուզարկությունը, ինչպես նաև, թե ով պետք է իրականացնի այն՝ ինչ առարկաներ փնտրելու նպատակով։  Ըստ դատարանի որոշման՝ խուզարկությունը պետք է իրականացներ ավագ քննիչ Լևոն Քաջազնունին՝ Հակոբյանի բնակարանում փնտրելով հավաք կազմակերպելուն առնչվող առարկաներ, օրինակ՝ բարձրախոս, թուղթ, որի վրա հավաքի մասնակիցների անուններ կլինեին, էլեկտրոնային կրիչ։ Խուզարկությունը, սակայն, իրականացրել է մեկ այլ քննիչ՝ Էդգար Խալաթյանը, այսինքն՝ ոչ այն անձը, ով, ըստ դատարանի որոշման, պետք է խուզարկություն իրականացներ, ըստ որում՝ առկա չի եղել որևէ գրություն այն մասին, որ Խալաթյանին է հանձնարարավել խուզարկությունն իրականացնել կամ որ այս գործով ձևավորվել է քննչական խումբ։ Կարդալ ավելին՝ hetq․am-ում։  
18:55 - 24 նոյեմբերի, 2020
Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը, առգրավել են պարգևատրված անվանական զենքը |tert.am|

Խուզարկել են ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը, առգրավել են պարգևատրված անվանական զենքը |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, Երևանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ասաց, որ խուզարկությունն արվել է զանգվածային անկարգություն կազմակերպման հոդվածով հարուցված գործով, որի շրջանակում ուրբաթ օրը ձերբակալել էին իրեն, արդեն շաբաթ երեկոյան դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: «ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչները, Արաբկիրի ոստիկանության բաժնի երկու օպերլիազորների հետ մանրակրկիտ խուզարկեցին տունը, փնտրում էին բարձրախոսներ, կրիչներ, այլ տեխնիկական սարքավորումներ, իհարկե, նման որևէ բան չհայտնաբերեցին: Ես ունեմ անվանական զենք, որով պարգևատրվել եմ: Իմ անվանական զենքը առգրավեցին, համապատասխան փաստաթղթավորում կատարելուց հետո հեռացան: Զենքը, կրկնում եմ, պարգևատրում է, համապատասխան վկայականով առգրավեցին և տարան»,-ասաց նա: Ռոբերտ Մելքոնյանը իրավապահ և ուժային կառույցների աշխատակիցներին հորդորեց չհետևել, իր ձևակերպմամբ, գլխավոր հող հանձնող Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին: Շարունակությունը՝ tert.am-ում
16:55 - 24 նոյեմբերի, 2020
Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ. ՀՀ ՔԿ

Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:Նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
18:49 - 06 նոյեմբերի, 2020
Հայաստանում կալանավորված վարձկանները հարազատների հետ դեռևս կապ չեն հաստատել. Վերջիններս չունեն հեռախոս․ ՔԿ
 |pastinfo.am|

Հայաստանում կալանավորված վարձկանները հարազատների հետ դեռևս կապ չեն հաստատել. Վերջիններս չունեն հեռախոս․ ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահին ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու վարձկանի վերաբերյալ տվյալներ, որոնց մասնակցությամբ իրականացվել են քննչական գործողություններ, նրանց մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նրա փոխանցմամբ` միջոցներ են ձեռնարկվում, որ կալանավորված վարձկանները կապ հաստատեն հարազատների հետ, տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ,սակայն այս պահին դա չի հաջողվել` տեխնիկական պատճառներով, այն է` հարազատների մոտ չկա հեռախոս։ Ինչ վերաբերում է պահման պայմաններին, ապա Վարդանյանը հայտնեց, որ առաձին հսկողություն է իրականացվում։ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանն էլ նշեց, որ վարձկաններն ունեն դատավարական կարգավիճակ, ՀՀ-ի և ԱՀ-ի համար կարևոր նշանակության անձինք են՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, որ այն մտահոգությունները, հրապարակայնացվող տեղեկությունները, որ մեր դեմ պատերազմում են վարձկաններ, այսինքն, միջազգային կոնվենցիաներով արգելված հանցագործություն է տեղի ունենում, փաստարկված է: Վարձկաններն առաջադրված մեղադրանքում իրենց մասնակի են մեղավոր ճանաչել։ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ վերջիններս նշել են, որ ոչ ոքի չեն սպանել, մինչդեռ Ռ. Վարդանյանը նշեց, որ նրանց կոնկրետ անձի սպանության համար չի մեղադրանք առաջադրվել:  
23:43 - 05 նոյեմբերի, 2020
Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով |forrights.am|

Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով |forrights.am|

forrights.am: Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ Միշա Մելքումյանի մահը բռնի մահ է: Մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը: Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը «ծիծաղելի» որակեց դրանք` ասելով. «Դա իրենց գործելաոճն է, իրենք այդ նույն կերպ են փորձում ցանկացած փաստ ձևախեղված ներկայացնել»: Վարդանյանը հայտնեց, որ ինքն անձամբ է հարցաքննել գերությունից վերադարձած տատիկին ու վստահեցնում է՝ ամեն ինչ շատ անկեղծ է ասվել: Շարունակությունը՝ forrights.am-ում
19:32 - 05 նոյեմբերի, 2020
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է 21 հայ զինծառայող․ Ռաֆայել Վարդանյան
 |armtimes.com|

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է 21 հայ զինծառայող․ Ռաֆայել Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է ընդհանուր առմամբ 21 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից։ Ինչ վերաբերում  է գերեվարված քաղաքացիական անձանց, նրանց վերաբերյալ տվյալները, ըստ Վարդանյանի, ճշգրտման փուլում են, կներկայացնեն ավելի ուշ․ «Այս տվյալները անընդհատ փոփոխվում են, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ուղարկվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց, եւ Ադրբեջանը տրամադրի հստակ տվյալներ նրանց վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովվեն մարդասիրական բոլոր նորմերը՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Վարդանյանը։ Վերջինիս խոսքով՝ գերեվարված զինծառայողի վերաբերյալ համացանցում հայտնված ոչ մի դեպք չի վրպում վարույթն իրականացնող մարմնի «աչքից»․ «Քրեական գործը քննվում է ԱԱԾ-ի հետ համատեղ, եւ այն բոլոր տեսանյութերը, որ առկա են համացանցում, հասանելի են կամ մենք ստանում ենք տարբեր աղբյուրներից, զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում, միջոցներ են ձեռնարկվում նաեւ նրանց ընտանիիքի հետ կապ հաստատելու ուղղությամբ, նրանց մասնակցությամբ քննչական-դատավարական գործողություններ եւս իրականացվում  են»։  
18:01 - 05 նոյեմբերի, 2020
Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել. Ռաֆայել Վարդանյան
 |news.am|

Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել. Ռաֆայել Վարդանյան |news.am|

news.am: Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա ասաց, որ քննչական խումբը զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին մասնակցել է, եւ տեղում իրականացվել են քննչական-դատավարական գործողություններ. «Նույն օրը նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակում արդեն հետազոտությունն իրականացվել է Առողջապահության նախարարության դատաբժիշկ փորձագետների կողմից»։ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ եղել են ածխացած դիակներ, ինչպես նաեւ դիակներ, որոնց մարմնի մասերը պայթյունի հետեւանքով բացակայում էին. «Բայց այս պահին բոլորի մասով եզրակացություն չենք ստացել։ Նախնական տվյալներով՝ այս պահին խոշտանգված կամ դիտավորյալ անդամահատված դիակների վերաբերյալ տվյալներ չունենք։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 29 դիակներից 4-ին հարազատները ճանաչել են»։
17:56 - 05 նոյեմբերի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:  Մասնավորապես՝ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝
16:37 - 05 նոյեմբերի, 2020
Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»:
18:56 - 04 նոյեմբերի, 2020
Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին շրջանում քրեական գործերի էական աճ է արձանագրվել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը: «Բոլորիս հայտնի պատճառներով՝ գնալով քրեական գործերի վարույթների քանակը, նյութերի նախապատրաստումը, քրեական գործերի նախաքննության ծավալները մեծանում են, քրեական գործերի աճը տարեցտարի, նույնիսկ հաշվետու կիսամյակային շրջաններով արդեն ակնհայտ է: 2017-ին վարույթում քննվել է 20 հազար 57 գործ, 2018-ին՝ 25 հազար 675 գործ, 2019-ին՝  32 հազար 960 գործ, 2020-ի առաջին կիսամյակում եղել է 17 հազար 510 գործ: Բայց վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արդեն քրեական գործերի էական աճ է սկսվել՝ հատկապես զինվորական բնագավառում»,-ասաց Մելիքյանը: Նա նշեց՝ չնայած նախատեսել էին, որ 2021-ին վարույթում կլինի մոտ 33 հազար գործ, բայց հաստատապես ավելի շատ կլինի: Մելիքյանը նկատեց, որ գործերի քանակի հետ կապված՝ քննիչների ծանրաբեռնվածությունն ավելի է աճելու: Անդրադառնալով 2021-ի բյուջեին՝ նա նշեց, որ բյուջեով նախատեսվում էր 5 ծրագրով ֆինանսավորում ստանալ, սակայն 4-ն է լինելու: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառումը չի նախատեսվել, քանի որ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությանն առաջարկվել է միջոցառումով նախատեսված անհրաժեշտ գրասենյակային գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքերի ձեռքբերման պահանջները ներկայացնել փոխվարչապետի գրասենյակ: Դա կատարվել է, և խնդիրը կարգավորվել է այդ ծրագրի շրջանակում:
15:30 - 04 նոյեմբերի, 2020