Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու գործով ձերբակալված 12  անձինք ազատ են արձակվել, կատարվել են խուզարկություններ |hetq.am|
18:55 - 24 նոյեմբերի, 2020

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու գործով ձերբակալված 12 անձինք ազատ են արձակվել, կատարվել են խուզարկություններ |hetq.am|

hetq.am: Նոյեմբերի 20-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու գործով ձերբակալված բոլոր 12 անձինք ազատ են արձարկվել: Դատարանները նրանց ձերբակալման որոշումները ճանաչել են ոչ իրավաչափ։ Քննչական կոմիտեն ձերբակալված անձանց անունները չի հրապարակել, մենք պարզել ենք նրանցից 11-ի ինքնությունը։

Այսպես, ձերբակալված են եղել, ապա ազատ արձակվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր Դանիելյանը, «ՎԵՏՕ նախաձեռնության անդամներ Նարեկ Մալյանը և Ռոբերտ Մելքոնյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ՀՀԿ-ի անդամ Հայկ Մամիջանյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ՀՅԴ-ի անդամներ Սևակ Նազարյանը, Գերասիմ Վարդանյանը, Աշոտ Հովհաննիսյանը և Սարգիս Կարապետյանը։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը, «Հետք»-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։

Նշենք, որ օրենքով սահմանված կարգի խախմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու՝ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է ոչ մեծ ծանրության արարք,  սանկցիան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք է  կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ 

Գործը քննվում է  Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այն վերաբերում է նոյեմբերի 20-ին՝ Սարյան և Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում, ինչպես նաև Հանրապետության հրապարակում և նոյեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում և հարակից տարածքներում հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքերին։

Ինչպես արդեն վերը նշեցինք, քրեական գործի շրջանակներում խուզարկություներ են իրականացվել։ Դրանցից մեկը կատարվել է Միհրան Հակոբյանի բնակարանում։

Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ հստակ նշելով, թե ում բնակարանում պետք է իրականացվի խուզարկությունը, ինչպես նաև, թե ով պետք է իրականացնի այն՝ ինչ առարկաներ փնտրելու նպատակով։

 Ըստ դատարանի որոշման՝ խուզարկությունը պետք է իրականացներ ավագ քննիչ Լևոն Քաջազնունին՝ Հակոբյանի բնակարանում փնտրելով հավաք կազմակերպելուն առնչվող առարկաներ, օրինակ՝ բարձրախոս, թուղթ, որի վրա հավաքի մասնակիցների անուններ կլինեին, էլեկտրոնային կրիչ։

Խուզարկությունը, սակայն, իրականացրել է մեկ այլ քննիչ՝ Էդգար Խալաթյանը, այսինքն՝ ոչ այն անձը, ով, ըստ դատարանի որոշման, պետք է խուզարկություն իրականացներ, ըստ որում՝ առկա չի եղել որևէ գրություն այն մասին, որ Խալաթյանին է հանձնարարավել խուզարկությունն իրականացնել կամ որ այս գործով ձևավորվել է քննչական խումբ։

Կարդալ ավելին՝ hetq․am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել