Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքը ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է. Քերոբյան
 |armenpress.am|
11:36 - 13 ապրիլի, 2023

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքը ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ապրիլի 5-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի որոշումը հակասում է ԵԱՏՄ առևտրի կանոններին, հայկական կողմն այդ հարցը քննարկում է ռուս գործընկերների հետ:

Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Պատգամավորը  հիշեցրեց, որ մի քանի օր է՝ Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտը լուրջ խնդրի առաջ է կանգնած և զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից: Նա հետաքրքրվեց, թե կոնկրետ ե՞րբ է լուծվելու այդ հարցը:

«Մեր գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է: Եվ մենք այս հարցը հիմա քննարկում ենք գործընկերների հետ: Այսինքն՝ այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, հակասում է ԵԱՏՄ-ում առևտրի կանոններին: Եվ հիմա մենք այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բացի այդ նաև բանակցություններ են վարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով մենք, հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին, կկարողանանք լուծել այս հարցը»,-ասաց Քերոբյանը:

Նա խնդրի կարգավորման հստակ ժամկետ չնշեց՝ հավելելով, որ աշխատում են, կփորձեն հնարավորինս արագ լուծում տալ:

Քերոբյանն, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ կառավարության աշխատանքից դժգոհությանն, ասաց, որ գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է, բայց ոչ ամենախոշորը, կաթի արտադրությունն էլ գյուղատնտեսության մեջ ամենախոշոր կտորը չէ: Նա պատգամավորին առաջարկեց  չսրել իրավիճակը:

Հայաստանն անցյալ տարի ԵԱՏՄ շուկա է արտահանել  18 մլն դոլարի կաթնամերթք, որը Հայաստանի արտահանման ծավալի 1 տոկոսից էլ քիչ է:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ավելի վաղ դիմել էր Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան դադարեցնելու համար: «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել