Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել մայրերին վնասվածք հասցրած 12 ոստիկաններին. զոհված զինծառայողների ծնողները նստացույց են իրականացնում

Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց։ Այս մասին հայտնում են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունից։

«Մենք պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ հերոս ծնած մայրեր են »,- ասված է հկ հայտարարության մեջ։

Ավելի ուշ նախաձեռնության անդամները հայտարարել են նաև, որ այսօր 19:00-ին կիրականացնեն քայլերթ դեպի Կառավարության շենք։

« «Որդիների Կանչ»-ը կոչ է անում միանալ մեզ հենց հիմա, հենց այս պահին ու վայրկյանին։
Ներկա պահին մենք գտնվում ենք  ՀՀ Քննչական կոմիտե-ում,,
ժամը 19:00-ին բոլորով շարժվելու ենք քայլերթով դեպի Հանրապետության հրապարակ` Կառավարության շենքի դիմաց։

Շատ կարևոր է բոլորիդ ներկայությունը, որովհետև մենք ժամ առ ժամ կորցնում ենք և Հայրենիքը, և Հայրենիք պահող տղերքին, ցավոք արդեն նաև սովորական ՀՀ քաղաքացիների։
Պահը օրհասական է։ Մենք իրոք ունենք բոլորիդ աջակցության կարիքը, ավելի քան երբևէ։
Շատ եք ասում ինչ կարող եք անել մեզ համար, հիմա մենք մեր շուրթերով ենք խնդրում, որ այսօր, հիմա միանաք մեզ։ Հիմա, այսօր եկեք ապացուցեք, որ դուք իրոք կիսում եք մեր վիշտը և իրոք կանգնած եք մեր կողքին։ Կոչը վերաբերվում է նաև մինչև այս պահը լուռ մնացող մտավորականներին, երգիչներին, արտիստներին, հասարակական գործիչներին, վերջապես բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում»,- ասված է կազմակերպության երկրորդ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը պանթեոն։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով): Մինչ այս պահը դեպքի առթիվ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև