Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում
23:34 - 25 մայիսի, 2023

Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

2020 թվականին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են սպաներ, որոնց վարքը՝ սկսած անգամ խոսքից, անմարդկային է եղել, որոշներն էլ իսկապես փորձել են իրենց օգնել։

Արսենը այն գումարտակի զինծառայողներից է, որին հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արսենն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում, ի վերջո կարողացել են կապի դուրս գալ եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկվել։

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արսեն Այվազյանն այսօր հարցաքննվեց Խուռհատ սարի գործով, որի շրջանակում ամբաստանյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Արսեն Այվազյանի կարծիքով՝ Վահանյանն այն աստիճանի վիրավոր չի եղել, որ չկարողանար իրենց կողքին լինել։

Ըստ Արսեն Այվազյանի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու

Ինչպես դատարանում հարցաքննված մի շարք այլ զինծառայողներ, Արսեն Այվազյանը եւս հայտնեց, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որից րոպեներ անց ասել են, թե պատահական է եղել։ Սակայն հաջորդ օրվանից սկսած նոր ժիլետներ, զենքեր են բերել, եւ ըստ Արսենի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու։

Արսեն Այվազյանը գումարտակի առանձին դասակի կազմից է եղել՝ Ռաֆայել Խալաֆյանի հրամանատարությամբ։ Վերջինիս վիրավորվելուց հետո դասակը սերժանտներն են ղեկավարել, նոր հրամանատար այդպես էլ չի նշանակվել։

Արսենը սկզբում Ջրականում է եղել, որտեղից նահանջից հետո տեղափոխվել է Հադրութ։ Իշխան Վահանյանին առաջին անգամ այնտեղ՝ Հադրութի դպրոցում է հանդիպել։ Ըստ նրա՝ քայլքի մեջ որեւէ փոփոխություն չի եղել, այսինքն՝ Վահանյանի՝ այդ փուլում ենթադրյալ վիրավորման մասին վկայող ոչինչ տուժողը չի տեսել։ 

Դպրոցում են եղել նաեւ մի շարք այլ հրամանատարներ, որոնք, ըստ տուժողի, իրենց փորձում էին ինչ–որ բաներ բացատրել, որոնք, սակայն, իր գնահատմամբ, որեւէ կերպ օգտակար չէին լինելու, օրինակ՝ ասում էին, որ տանկերի դիմաց ավտոմատով կրակեն։ Այդ ժամանակ է, որ տուժողը լսել է, թե ինչպես է գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը արդեն նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանին ասել՝ ով նահանջի, մեջքից կխփես․ «Գարիկ Վարդերեսյանը մինչեւ պատերազմը՝ հեռախոսով խոսելիս, ասել է նաեւ՝ բոլորը մեռնելու են, ինքը ողջ է մնալու, գնալու եք մեռնեք, տենց բան եմ հիշում, դա անմարդկային էր»,– պատմեց տուժողը (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ

Հադրութի դպրոցը եւս հրետանու հարվածի տակ է ընկել․ նորակոչիկների գումարտակին ուղարկել են Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Թե ով է տվել այդ հրամանը, Արսենը հստակ չգիտեր․ ասաց՝ կամ Վարդերեսյանը, կամ Վահանյանը։

Սարում հարձակումից հետո տուժողը որեւէ հրահանգ չի լսել

Արսեն Այվազյանի խոսքով՝ թեեւ սարում սպաներ եղել են, սակայն բուն մարտի պահին ինքը նրանցից ոչ մեկին չի տեսել, դիրքավորման մասին հրամանները զինվորներն իրար խոսքով են փոխանցել․ «Գիշերը հրետանու հարվածներ են եղել, առավոտյան արդեն անտառից լսեցինք կրակոցներ, ինչքանով հասկացա, երկու կողմից հարձակվեցին մեր վրա, այսինքն՝ ճակատային հատվածից եւ վերեւի սարից շրջափակեցին, ես մեջտեղի հատվածում էի, դիմացս անտառ էր, հենց անտառից էին կրակոցները՝ հրաձգային տեսակի զենքերից»։ Հարձակումից հետո, ըստ Արսենի, ինքը որեւէ հրահանգ չի լսել, անցել են պաշտպանության, բայց խուճապային իրավիճակ է եղել․ «Քանի որ բոլորս 2-3 ամսվա զինծառայողներ էինք, զինվորական փորձ չունեինք, բնականաբար, շատ դժվար էր, հստակ չգիտեինք՝ ինչ անել, որն է ճիշտ, որը՝ սխալ, ու խուճապը իրոք շատ էր, բայց եթե հրաման լիներ, դա կառավարելի կլիներ»։

Փոխհրաձգությունը, ըստ նրա, տեւել է մի քանի րոպե, որից հետո սկսել են վիրավորներին իջեցնել։ Այդ ժամանակ եւս հրամանատարական կետի մոտ ոչ մեկին տուժողը չի տեսել։ Առհասարակ, Իշխան Վահանյանի ենթադրյալ վիրավորման եւ փախուստի մասին նա միայն լսել էր, անձամբ չէր տեսել։ Հաշվի առնելով, որ ըստ բժշկական թղթերի՝ Վահանյանը սարում բեկորային վնասվածք է ստացել, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ սարում հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, եթե, ըստ տուժողի, հրաձգային զինատեսակներից էին կրակում։ Դա Այվազյանը քիչ հավանական համարեց՝ նշելով, որ խիտ անտառ էր, ծառերը կխոչընդոտեին։

Վիրավորներին իջեցնելուց հետո նա այլեւս հետ չի բարձրացել, որովհետեւ զորքն արդեն նահանջելիս է եղել։ Հավաքվել են, սկսել քայլել այն ճանապարհով, որով կամազները վիրավորներին են տարել․ «Մենք ճանապարհով իջնում էինք ներքեւ, հետո հրաման եկավ, որ էդտեղ վտանգավոր է, պետք է բարձրանանք Սարիշենի կողմ․ էնտեղ մերոնք են»։ Թե ով էր այդ հրամանը տվել, Արսենը չգիտեր։

Այդ ընթացքում է, որ զորքը բաժանվել է երկու մասի․ ըստ Արսենի՝ քանի որ անձրեւ էր եկել, բարձրանալը դժվար էր, ոտքերը սահում էին։ Այդպես հետ են ընկել զորքից, հայտնվել շրջափակման մեջ․ «Հովհաննես Մուրադյանը զանգեց Արսեն Ղարիբյանին, ասաց, որ շրջափակման մեջ ենք, նա էլ ասաց՝ եթե չեք հասցրել հասնել Սարիշեն, իջեք ներքեւ»։ Դրանից հետո Մուրադյանը, ըստ տուժողի, եւս մի զանգ է կատարել ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյո՞ք Հադրութի զորամասում հայեր են, ինչին ի պատասխան՝ ստացել է տեղեկություն, որ հայկական համազգեստով են, բայց հայ թե ադրբեջանցի՝ պարզ չէ։ Մի կամավոր քեռի ասել է, թե հայեր են, որոնք շրջափակման մեջ են, ուստի որոշվել է գնալ նրանց օգնության։ Բայց ինչպես հայտնի է, Հադրութում այդ ժամանակ արդեն հակառակորդն է եղել, եւ նահանջող 98 հոգանոց անձնակազմը այնտեղ չի էլ հասել․ ճանապարհին զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը, զոհվել է նաեւ այդ կամավոր քեռին։ Հիշեցնենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն չի իմացել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը մեղադրողից հետաքրքրվեց՝ քեռուց որեւէ լուսանկար կամ ֆոտոռոբոտ կա՞, ինչին մեղադրողը բացասական պատասխան տվեց․ «Փորձել ենք օպերատիվ–հետախուզական ճանապարհով ճշտել, բայց դրական արդյունք չի եղել, գիտենք միայն, որ անունը Արտյոմ է»։

Մնալով մոտ 25 հոգով՝ 2-3 ամսվա զինծառայողները թաքնվել են գյուղի տներում, հեռախոսով կապ հաստատել հիշյալ Գարիկ Վարդերեսյանի հետ։ Վերջինս, ըստ տուժողի, ասել է՝ նորմալ է, գալիս ենք ձեր հետեւից, դուք դուխով ենք, սակայն ոչ ոք այդպես էլ օգնության չի հասել։ Փոխարենը հակառակորդն է նկատել իրենց․ «Որոշ ժամանակ հետո մեզ տեսան, ռուսերենով գոռացին՝ դուրս եկեք, շրջափակման մեջ եք, բայց այդպես էլ տուն չեկան, հաջորդ օրը պաշտոնով մեկն եկավ, իջավ տան մոտ, մեր տղաներից մեկը պատուհանից իրեն սպանեց ու մենք իջանք անտառ․․․ Անտառում ահագին ժամանակ սպասեցինք, երբ արդեն ցրտում էր, որոշվեց, որ առանձնանանք, քանի որ տարբեր կերպ էինք տեսնում դուրս գալու ելքը»։ 

Այդպես 6 ընկերներով բաժանվել են, անցել գյուղից գյուղ, տնից տուն․  «Դեկտեմբերի 17-ի կողմն էր, արդեն ջուրն ու ուտելիքը վերջանում էր, տղաներից 2–ը գնում են՝ տեսնեն ջուր կա՞, մտնում ենք մի գյուղ, Ջաբրայիլի կողմերն էինք, հասկանում ենք, որ կապ կա, զանգ ենք կատարում, հարցեր տալիս՝ ո՞նց կողմնացույց սարքենք, ո՞նց գնանք Պարսկաստան, պատերազմը ո՞նց է վերջացել․․․ Ամսի 18-ին ասում են՝ բացատրեք ձեր տեղը, Արմանն է բացատրում՝ ոնց ենք եկել, գաղտնաբառ ենք որոշում՝ «Հոկտեմբերի 22»՝ Արմանի ծնունդի օրը․․․ Դեկտեմբերի 20-ին արդեն լսում ենք՝ «Հոկտեմբերի 22»․․․ Կարմիր Խաչն էր, խաղաղապահները, մի քանի ադրբեջանցի ու հայեր»։

Իշխան Վահանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդություն ներկայացվեց

Տուժողի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։ Միջնորդությամբ Վահանյանը նշել էր, որ շուրջ 2 տարի է, ինչ կալանքի տակ է, եւ այս ընթացքում հարցաքննվել են դատակոչված վկաների եւ տուժողների մեծ մասը, ինչով պայմանավորված՝ նա այն կարծիքին է, որ առկա են բավարար հիմքեր իր նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը վերացնելու համար․ «Ապացույցների մեծ մասը արդեն իսկ հետազոտվել է, ես օբյեկտիվորեն չեմ կարող ազդել վկաների կամ տուժողների վրա, չեմ կարող խոչընդոտել գործի քննությանը եւ ոչ մի մտադրություն չունեմ, ես պատրաստ եմ անկեղծ ցուցմունք տալ եւ ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունը, ունեմ 20 տարվա զինվորական կենսագրություն, 2 անչափահաս երեխա, հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ»,– նշել էր ամբաստանյալը՝ հավելելով, որ եթե դատարանը նպատակահարմար կգտնի, ինքը պատրաստ է նաեւ հնարավորության սահմաններում գրավ վճարել։

Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը։ Մասնավորապես, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ չբերվեց որեւէ օբյեկտիվ պատճառաբանություն, ըստ որի՝ կալանավորումը պետք է փոխվի ավելի մեղմ խափանման միջոցով։ Ըստ մեղադրողի՝ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ Իշխան Վահանյանը ազդեցություն կգործադրի դատակոչի ցուցակում ներառված անձանց վրա կամ կխոչընդոտի գործի քննությանը․«Թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նշվում է, որ վերահաս պատժի ծանրությունը չի կարող կանխորոշիչ նշանակություն ունենալ, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրվում է երկու առանձնապես ծանր հարցագործություն, որոնց համար նախատեսվող պատիժը առավել քան մեծ է, ուստի այս պայմաններում, հաշվի առնելով նաեւ իմ կողմից մատնանշածը՝  մեծանում է հավանականությունը, որ նա կարող է փորձել ազդեցություն գործադրել վկաների կամ տուժողների վրա»։

Տուժողների ներկայայցուցիչ Գուրգեն Գրիգորյանը, միանալով մեղադրողի առարկությանը, նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ ընդգծելով, որ իրենց կողմից ներկայացվել են նոր հաղորդումներ, նախաձեռնվել նոր վարույթներ, ուստի չի բացառվում, որ Վահանյանին նոր մեղադրանք ներկայացվի։ Գրիգորյանի այս դիտարկումը Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը անմեղության կանխավարկածի խախտում որակեց։ Նա նաեւ ընդգծեց՝ մեղադրողը իրավացիորեն նշեց, որ արարքի ծանրությունը եւ սպասվելիք պատժի խստությունը խոչընդոտող հանգամանք չեն կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու համար։ 

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 7-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել