azatutyun.am: Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերացնելը շատ դժվար է, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախկին նախարարն անդրադարձավ նաև քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումներին առնչվող գործին և այլ հարցերի։
Ներկայացնում ենք հատված ասուլիսից.
«Չգիտեմ՝ գնալու եմ, թե չէ {հարցաքննության}, ես չեմ ստացել ծանուցագիր մինչև օրս զարմանալիորեն, և ես այդ պատրաստակամությունը հայտնել են դեռևս ոչ հանրայնորեն դեռ անցյալ տարվա աշնանը ու չեմ հարցաքննվել»,- ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործին։ Ըստ այս գործի՝ 120 միլիոն դրամ է պետբյուջեից հափշտակվել։
«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները։ Եթե կլինեն ապացույցներ, որ որևէ մեկ դրամ պետությունից հափշտակվել է, ես առաջինը կլինեմ այդ ամենը դատապարտողը։
Առողջապահությունում վերահսկողությունը լինում է պոստֆակտում, եթե նման ստուգումների արդյունքում պարզվում է, որ որևէ մեկը սխալ է ներկայացրել թվերը, ավելի գումար է ստացել պետությունից, պարզապես կամ փողերը վերականգնում են բյուջե, եթե դիտավորություն չկա, եթե կա, քրեական պատասխանատվություն», - նշեց առողջապահության նախկին նախարարը։
Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործի շրջանակներում այս պահին կալանավորված է միայն «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը։ Կալանքից ազատվեց այս գործով մեղադրյալ միակ պաշտոնյան՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, իսկ հիվանդանոցի տնօրենի կալանքը հակառակը՝ ևս երկու ամսով երկարաձգվեց։
Այս մեղադրանքներն, ըստ նախկին նախարարի, առաջադրվել են որովհետև. «Մենք կոռուպցիայի համաթվի խնդիր ունենք, մենք պետք է ցույց տանք, թե ինչքան անկախ ենք և այլն։ Մեղադրանքի հիմքում չեմ տեսել որևէ ապացույց»։
Ավելի վաղ Թորոսյանը այս գործի վերաբերյալ գրել է․ «Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար»։ Նա նաև շեշտել էր, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում
Լուսանկարը՝ Մեդիամաքս
comment.count (0)