Իսրայելի Քնեսեթում դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագծի ընդունումից հետո բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են հավաքել։ Առողջապահության ոլորտի աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնում օրինագծի ընդունմանը՝ միանալով հայտարարված գործադուլին։ Ինչպես տեղեկացնում է Jerusalem Post-ը, հուլիսի 25-ի գործադուլին կմիանա բժիշկ-օրդինատորների 73 %-ը։
Բողոքի ակցիաները շարունակվել են նաև գիշերը։ Ցուցարարները փակել են մայրուղիները։ Ըստ The Times of Israel-ի՝ հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների միջոցով Թել Ավիվի գլխավոր մայրուղիներից մեկը հնարավոր է եղել բացել միայն գիշերը ժամը 1-ից հետո՝ չնայած հազարավոր ցուցարարներ շարունակել են ցույցը մոտակա խաչմերուկներից մեկում։
Երուսաղեմում նույնպես ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ են օգտագործել։ Ցուցարարները հավաքվել են Քնեսեթի դիմաց, այնուհետև փակել են մայրուղիներից մեկը և ցույց անցկացրել Գերագույն դատարանի շենքի դիմաց։ Իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում առնվազն 5 ցուցարար և 3 ոստիկան է վիրավորվել։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կվերսկսի երկխոսությունը քաղաքական ընդդիմության հետ դատական բարեփոխումների թեմայով։
ԱՄՆ-ն Իսրայելի ղեկավարներին կոչ է արել փոխհամաձայնություն գտնել դատական բարեփոխումների հարցում։ Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում լուրջ փոփոխությունները պետք է ունենան հնարավորինս լայն կոնսենսուս։
comment.count (0)