ՔԿ նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության խնդիրները
17:58 - 14 սեպտեմբերի, 2023

ՔԿ նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության խնդիրները

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։

Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ, որոնք չեն կատարվել, իսկ Կոմիտեի և Հանդկաստանի դեսպանատան միջև ստեղծված կոնտակտային կապը գործում է անխափան։ Դրանք էապես նպաստում են տեղեկատվության փոխանակման և քրեական վարույթների նախաքննության արդյունավետությանը։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին արժևորել է հայ-հնդկական դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ դրանց ջերմությունը շարունակական է։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանատան հետ համագործակցության հարցում ՀՀ քննչական կոմիտեի շահագրգռության և ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգալից վերաբերմունքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ մարմինների միջև գործակցության խորացմանը, կրթական և աշխատանքային նպատակներով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների իրավական պաշտպանությանը, նրանց առնչվող քրեական վարույթներով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ նկատել է, որ վերջին շրջանում Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունների քանակական աճ չի նկատվում։ Շեշտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է մեր երկրում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցավոր ոտնձգություններին արագ քրեաիրավական արձագանքի ապահովումը։

Երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ տիկին դեսպանի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ իրավական հարաբերությունների առաջընթացի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել