Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան |armenpress.am|
14:02 - 13 հոկտեմբերի, 2023

Անկլավների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում․ Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում խնդրահարույց հարց համարվող անկլավների խնդիրը բարդ է թվում, այնքան էլ պարզ է այն պատճառով, որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։

Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց՝ ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով բոլորովին այլ բան է։  Նախարարի պնդմամբ՝ որևէ անկլավ կոչվող տարածք նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։

«Երբ ենթադրյալ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի արդյունքում սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով։ Ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով մեծ է ու իրավական կարգավորումներով հիմնավորված է։ Երբ մեկնարկի սահմանագծման  և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»,- ասաց Սանոսյանը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր «ադրբեջանական 8 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի տարածքում և դրանք պետք է վերադարձվեն։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն այս պահին Ադրբեջանի տարածքում է: «Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Եվ այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն՝ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև իսկ ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը: Սա շատ կարևոր նրբություն է: Եթե սեղանին դրվում է կամ երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ մի կետի վրա, դա նշանակում է՝ ամբողջ քարտեզը գծագրվում է»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել