armenpress.am: Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։
Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։
Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ ծանր հրետանի և հրթիռներ։
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարված է հասցրել Դեյր էս Զորի արևելյան հատվածներին։ Այս հարվածների մասին նաև հայտարարել է Պենտագոնը՝ նշելով, որ այնտեղ գտնվում է օբյեկտ, որն, իբր, օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի կողմից։
«Այսօր (խմբ․՝ նոյեմբերի 8-ին) նախագահ Բայդենի ցուցումով ԱՄՆ ռազմական ուժերը ինքնապաշտպանական հարված են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտին, որն օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա հետ կապված խմբավորումների կողմից: Այս հարվածը հասցվել է ամերիկյան երկու F-15 կործանիչների կողմից զենքի պահման օբյեկտի վրա: Ինքնապաշտպանության այս ճշգրիտ հարվածը պատասխան է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի դեմ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հետ կապված խմբավորումների կողմից իրականացված մի շարք հարձակումների», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտ լրացուցիչ քայլեր ձեռնարկել իր մարդկանց և օբյեկտները պաշտպանելու համար:
Ըստ AFP գործակալության՝ այս հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել։
Ավելի ուշ Al Mayadeen-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Դեյր էս Զորից արևելք գտնվող «Կոնիկո» գազի հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ավիաբազան հրթիռների և անօդաչուների հարձակման է ենթարկվել։ Իսկ «ալ Օմար» նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա 6, այնուհետև 15 հրթիռ է արձակվել՝ ի պատասխան ամերիկյան հարձակման։
comment.count (0)