Երևանում 2 երիտասարդի դանակահարած տղամարդը ձերբակալվել է
20:14 - 12 դեկտեմբերի, 2023

Երևանում 2 երիտասարդի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Երևանի Շոպրոնի փողոցում 2 երիտասարդներին դանակահարած, նրանցից մեկի մահվան պատճառ դարձած երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
Հայտնել էինք, որ Երևանում անհայտ անձը վիճաբանության ժամանակ դանակահարել էր Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ին և Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ն: Դավիթ Ս.-ն հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, շարունակվել է Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում, որին մի կողմից մասնակցել են Երևանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։
 
«Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ․Հ․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևանի 27-ամյա և Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինն ստացել է միջին ծանրության (նախնական տվյալներով), իսկ երկրորդը՝ Դ․ Սայադյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Գ․Հ․-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։
Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել