armenpress.am: Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Այս մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով:
«Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական վարույթներ ունենք: Մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք: Եվ Քննչական կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք: Այն դեպքերով, որոնցով հանցավոր խմբի անդամների որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանում, ունենք լավ արդյունքներ, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք և ավարտված վարույթներ ունենք: Սակայն այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս»,–ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում բացահայտել են նաև դեպքեր, երբ այլ պետություններում կատարված հանցագործությունների դերակատարները նաև ՀՀ քաղաքացիներն են:
«Մեզ համար առաջնային խնդիր էր այնպիսի մեխանիզմներ մշակելը, որ կանխենք հետագա խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որ հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները»,–ասաց կոմիտեի նախագահը:
ՔԿ նախագահը ԿԲ նախագահին միջնորդագիր է հասցեագրել, որ այնպիսի գործիքակազմ ու մեխանիզմներ մշակվեն, որ խարդախները հնարավորություն չունենան քաղաքացիներից գումարներ հափշտակել: Ուսումնասիրությունը ցույց է տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում են մի քանի բանկերի միջոցով:
Պողոսյանի խոսքով՝ միջնորդագրի քննարկման արդյունքում հանձնաժողով է ձևավորվել, որը հիմա աշխատում է:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 6–ին հայտնել էր, որ վարկային պրոդուկտների հետ կապված խնդիրների բախված և զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերն այս պահի դրությամբ սառեցված են:
comment.count (0)