Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Պատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գեւորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց
 |news.am|

Պատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գեւորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց |news.am|

news.am:  Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում բարձր գմփոց լցվեց, տրաքելու ձայն լցվեց, կինս արթնացրեց արդեն այն ժամանակ, երբ վերևից տեսանք, որ արդեն մեքենայի մեջից կրակի բոցը դուրս էր գալիս: Այս մասին նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, որի ավտոմեքենան այս գիշեր հրկիզել են: «Ես շտապելով իջել եմ ներքև, ինչքան հասցրեցի դույլով ջուրը լցրեցինք մեքենայի վրա, բայց դիմացի հարևանները մեր բախտից շլանգով հասցրեցին, բերեցին, որ պահեն վրան, որովհետև անհնար էր արդեն, մեքենան հալվում էր: Մեքենան էլեկտրական է, կարող է և հասներ այդ էլեկտրական մարտկոցներին ու այնպիսի պայթյուն լիներ, որ այս փողոցից բան չմնար։ Հետո ոստիկանությունից եկան, տեսան, որ պատուհանը ջարդած է և բենզին է լցրած մեջը: Բացի բենզինից, կար մի փայտի կտոր, որի վրա ամրացված էր բենզինոտ շոր, դա էին գցել, վառվել էր»,-ասաց նա: Ստեփանյանը հավելեց, որ երբեք իր տան դիմաց տեսախցիկ չի դրել, անգամ պատուհաններին ճաղավանդակներ չի դրել, քանի որ ոչ մեկի հետ խնդիր չունի: Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞վ արած կլինի, ավագանու անդամը պատասխանեց. «Միակ դրդապատճառ իմ քաղաքական հայացքներն է, իմ քաղաքական գործունեությունն է, ՔՊ-ի և անձամբ քաղաքային իշխանությունների կոռուպցիաները բացահայտելու արդյունքն է։ Ոչ մի կերպ չկարողացան «թալանչու» պիտակ կպցնել, մարդիկ անցան բոլոր կարմիր գծերը, եկան և կնոջս մեքենան այրեցին: Խնդիր չեմ տեսնում, թող շարունակեն, էլ ավելի ուժեղացրեցին, հետ նահանջ չի լինելու, մինչև վերջ գնալու ենք, ու ժողովրդի ասած, քթներից բերելու եմ բոլորի, ով սրա մեջ մի թեթև ներգործություն ունեցել է: Մենք կիմանանք ով է եղել, թող չկասկածեն։ Ոչ ոք իմ հետ չի կարող սպառնալիքի լեզվով խոսել, սա է իրենց չակերտավոր «լավ տղու» արարքը: Իրենք են, եկան իմ ընտանիքի վրա: ՔՊ-ի ու իրենց կցորդների ցավալի տեղերն ենք արդեն ներխուժել, ցավալին էլ կոռուպցիոն ու թալանը բացահայտելն է, չի ստացվելու։ Ես այսպես քմծիծաղով ասում եմ, բոլորը պատասխան են տալու, հատ առ հատ»,- հայտարարեց Գևորգ Ստեփանյանը: Նա տեղեկացրեց, որ իրավապահները մեքենայի մեջից առգրավել են բենզինով շորով փաթաթված փայտը, արձանագրել են, որ մեքենայի մեջ առկա էր բենզին: «Այստեղ բոլոր փողոցներում կան տեսախցիկներ, նաև անհատ մարդկանց տներում, 24 ժամում կարող են բացահայտել: Հիմա մենք այն դարում ենք, որ այն տեսախցիկները բոլոր տեղում առկա են, ցանկության դեպքում, եթե չկոծկվի, միանշանակ 24 ժամվա մեջ բացահայտվելու է»,- հավելեց նա:
12:45 - 06 մայիսի, 2025
Այրել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան

Այրել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան

Այրել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է նույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ «Այս պահին Մկրտիչ Սեդրակյան փողոցում ենք, հրատապ ահազանգով ժամանաել ենք դեպքի վայր, մեր ավագանու խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան հարձակման է ենթարկվել, հրկիզել են մեքենան։ Մեքենայից անտանելի բենզինի հոտ է գալիս։ Գեւորգը պատմեց, որ արթնացել են մեքենային հարվածելու աղմուկից։ Փաստորեն ապակին ջարդել են եւ բենզինը նետել մեքենայի մեջ։ Գեւորգ Ստեփանյանի կնոջ մեքենան է, որով հիմնականում երեխաներին դպրոց է տանում»,- տեսանյութով պատմել է Սուքիասյանը՝ նշելով, որ տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանները։ Նա հայտարարել է, թե «այս ամենի շահառուն գործող իշխանություններն են»։
09:41 - 06 մայիսի, 2025
Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: «Ես մեղքս չեմ ընդունել, կրկին պնդել եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին և քննչական մարմնին խնդրել եմ, որ առերեսում լինի իմ և նրա միջեւ», - լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Մանուկյանը։   Հիշեցնենք, որ ակտիվիստ Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյան տեսանյութ էին հրապարակել՝ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։ Տեսանյութին հաջորդել էր Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հեռախոսազանգը՝ սպառնալիքներով, հայհոյանքներով։ Չախոյանի հրապարակած ձայնագրության համաձայն՝ ինքը ևս ի պատասխան հայհոյում է: Այս հեռախոսազանգից հետո Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել՝ յոգուրտ լցնելով վարչական շրջանի ղեկավարի լուսանկարին։ Իրականացված ակցիայի հաջորդ օրն արդեն Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Աշխատակիցներից մեկը Չախոսյանին ասել էր՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասել՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ պատասխանել էր՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները, այդ թվում՝ սենյակից դուրս եկած թաղապետը, սկսել էին ծեծել Չախոյանին։  Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քր․ օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։ Արթուր Չախոյանի նկատմամբ նույնպես հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 297֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 3֊րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
18:14 - 01 մայիսի, 2025
«Մայր Հայաստան»-ն առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը մինչև 2026թ. մարտի 1-ը՝ ուղեվարձի ինքնարժեքը պարզելու համար |hetq.am|

«Մայր Հայաստան»-ն առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը մինչև 2026թ. մարտի 1-ը՝ ուղեվարձի ինքնարժեքը պարզելու համար |hetq.am|

hetq.am: Երևանի «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր կասեցնել Երևանի տրանսպորտի թանկացման որոշումը մինչև 2026թ. մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025թ. ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը։ Նման որոշման նախագծով ընդդիմադիր խմբակցությունը հանդես էր եկել Երևանի ավագանու ապրիլի 22-ի նիստում։ Ըստ ընդդիմադիր խմբակցության որոշման նախագծի՝ տրանսպորտի թանկացման նախագիծը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, լրացումներ են կատարվել որոշման մեջ՝ սակագների և արտոնությունների մասով։ «Որևէ անգամ չի արձանագրվել՝ որն է տրանսպորտի ուղեվարձի հստակ ինքնարժեքը, ինչը խնդրահարույց է տրանսպորտի ուղեվարձի սակագին որոշելու համար։ Նախագիծը հնարավորություն կտա վերլուծության ենթարկել 2025թ. ամբողջ տարվա ուղևորահոսքը, որից հետո հնարավոր կլինի սահմանել հստակ ինքնարժեք և դրա հիման վրա որոշել տրանսպորտի ուղևորափոխադրման արժեքը»,- նշված էր որոշման նախագծում։ Որոշման նախագիծը նույնիսկ չքննարկվեց ավագանու նիստում, նիստի ընդմիջումից հետո քվորում չապահովվեց։
16:07 - 22 ապրիլի, 2025
Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը |armenpress.am|

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մի քանի ուղղությամբ աշխատում է Նուբարաշենում նոր տեխնոլոգիաներով աղբի մշակման ուղղությամբ, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը։ Այս մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Ավինյանն ու հիշեցրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են նաև Համաշխարհային բանկի հետ։ Օրերս հրավեր են ստացել Սոֆիայում մասնակցելու գիտաժողովի, որը նվիրված է աղբի վերամշակման թեմային։   «Տասը տարուց ավելի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ են աշխատանքներ տարվել այդ ուղղությամբ, սակայն չեղարկեցինք, քանի որ հասկացանք՝ այն տրամաբանություն չունի, ի սկզբանե սխալ է դրված եղել խնդիրը։ Կա ևս մեկ ծրագիր, որն ամենահավանականն եմ համարում։ Խոսքը երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան, մասնավոր, միջազգային որևէ գործընկերության հետ իրականացվելիք ծրագիրն է, որը կներառի աղբավայրի փակումը, վերամշակման կայանի կառուցումը, սակայն դեռ վերջնական պատասխան չենք տվել ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին, բայց հավաքել ենք առաջարկների փաթեթներ, որոնց  հիման վրա մշակել ենք երկփուլ մրցույթը»,-տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան  Ավինյանը։ Ծրագրի իրականացման համար հավանաբար անհրաժեշտ կլինի 4-5 տարի։
13:17 - 22 ապրիլի, 2025
Երևանի ավագանին աղբանության վճարի արտոնություններ սահմանեց որոշակի խմբերի համար |hetq.am|

Երևանի ավագանին աղբանության վճարի արտոնություններ սահմանեց որոշակի խմբերի համար |hetq.am|

hetq.am: Երևանի ավագանու որոշմամբ աղբահանության վարձ վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով կսահմանվեն արտոնություններ։ Որոշման նախագիծը 43 կողմ, 3 դեմ և 14 ձեռնպահ ձայներով ընդունվեց ավագանու ապրիլի 22-ի նիստում։ Աղբահանության վճարից կազատվեն միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողները, մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (երեխաներ, ծնողներ և ամուսին), ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով)։ Աղբահանության վճարից կազատվեն նաև ավտոտնակ ունեցողները։ Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կկիրառվի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով։ Իսկ անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կսահմանվի տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով։ Որոշումը կտարածվի 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Հիշեցնենք, որ աղբահանության վճարը 2025թ. հունվարից թանկացել է: Եթե մինչև հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ անձի, ապա այժմ այն հաշվարկվում է ըստ մակերեսի, 1 քառակուսի մետրի դիմաց՝ 13 դրամ: Նախգծի զեկուցող եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը նշեց, որ աղբահանության վճարի թանկացմամբ պոտենցիալ հավաքագրումը 800 մլն դրամով ավել կլինի։
11:47 - 22 ապրիլի, 2025
Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մասը լքեց դահլիճը
 |hetq.am|

Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու հարցը չքննարկվեց. ավագանու անդամների մեծ մասը լքեց դահլիճը |hetq.am|

hetq.am: Տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու և փաթեթների արժեքները իջեցնելու առաջարկով հանդես եկած Անդրանիկ Թևանյանի որոշման նախագիծն այսօր պետք է քննարկվեր Երևանի ավագանու նիստում։ Հարցը զեկուցվողների շարքում էր։ Մինչ այն կքննարկվեր, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց՝ իրենց խմբակցությունը և «Հանրապետություն» խմբակցությունը չեն մասնակցի հարցի քննարկմանը։ Տրանսպորտից անվճար օգտվելու ևս մեկ արտոնյալ խումբ սահմանելու հարցի քվեարկությունից հետո իշխանության ներկայացուցիչները, «Հանրապետություն» խմբակցության հետ, լքեցին նիստերի դահլիճը։ Ավագանու ուղիղ եթերը ընդհատվեց։ Նիստերի դահլիճում մնացին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչները։ «Իրենք ուղղակի փախել են նիստերի դահլիճից»,- իր ուղիղ եթերում այսպես մեկնաբանեց Թևանյանը` կոչ անելով բոյկոտել տրանսպորտի «անհիմն թանկացումը»։ Թևանյանը պնդեց՝ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի սահմանում է։ Ինչ էր առաջարկում ավագանու որոշման նախագծի հեղինակ Անդրանիկ Թևանյանը Տրանսպորտի մեկ ուղևորության գինն այս առաջարկի դեպքում ավտոբուսների և մետրոյի դեպքում կսահմանվեր 100 դրամ, տրոլեյբուսի պարագայում՝ 50 դրամ։ 30 օրվա փաթեթ հնարավոր կլիներ ձեռք բերել 5500 դրամով, 180 օրվանը՝ 20 000 դրամով, իսկ մեկ տարվանը՝ 35 000 դրամով։ Մեկ օրվա համար փաթեթ ձեռք բերելիս կընձեռվեր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն ընդամենը 400 դրամով, 7 օրվա դեպքում՝ 2000 դրամով։ Բացի այդ, տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն առաջարկվում էր ընձեռել հաշմանդամության բոլոր խմբերի անձանց (ներկայում միայն 1-ին և 2-րդ խմբում գտնվող մարդիկ կարող են անվճար օգտվել տրանսպորտից)։
16:37 - 18 մարտի, 2025
Զինծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ևս կերթևեկեն անվճար. ավագանու որոշում
 |news.am|

Զինծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ևս կերթևեկեն անվճար. ավագանու որոշում |news.am|

news.am: Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Ըստ այդմ, տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Այս նախաձեռնության հեղինակը ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն է: «Առաջարկվում է Երևան համայնքում 10 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, այսինքն՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով, ևս դարձնել անվճար»,- ասաց Վահան Ավագյանը Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ներկայացնելով համապատասխան նախագիծը: Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց՝ սա ընդհանուր համակարգային բարեփոխումների և դրա շրջանակում արտոնություններ տրամադրելու տրամաբանության մեջ է մտնում: Երևանի ավագանին նախագիծն ընդունեց 51 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
16:04 - 18 մարտի, 2025
Ավագանին քննարկում է Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի հաշվետվությունը |1lurer.am|

Ավագանին քննարկում է Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի հաշվետվությունը |1lurer.am|

1lurer.am: Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում 2024-ի հիմնական ձեռքբերումներից են 171 նոր ավտոբուսների և 15 էլեկտրական տրոլեյբուսների ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ ներկայացնելով Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Անետա Բաբայանը նաև հիշեցրեց՝ 2024-ին տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն: Պատրաստվել է նաև 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը, որին առնչվող հիմնական աշխատանքներն ավարտված են, իսկ բարելավումները շարունակվում են: «Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, և այժմ ֆինանսավորման ու Կառավարության հետ բանակցությունների պրոցեսում ենք»,- ասաց նա: Ըստ 2024 թվականի հաշվետվության՝ կատարվել է նաև ընդհանուր 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգում, 123 բակային տարածքների բարելավում: Շարունակվում է նաև վերելակների փոխարինման ծրագիրը: «Երբ ուսումնասիրում եմ տարեկան ծրագիրը, դա, ըստ էության, բավականին ամբիցիոզ և հավակնոտ միջոցառումների ու ծրագրերի փաթեթ է և բավականին լուրջ: Այս մի քանի անշունչ տեքստերի հետևում թաքնված է ահռելի ծավալի աշխատանք»,- ասաց Բաբայանը: Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ աղբի վճարը թանկացել է 4 անգամ, բայց հաշվետվության մեջ չներկայացվեց, թե ինչ աշխատանք է կատարվել այս մասով: Դիտարկմանն արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ միայն նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենա են գնել: Ավագանու «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը դժգոհեց, թե թերակատարումներ էլ են եղել, բայց դրանց մասին չնշվեց: Տիգրանն Ավինյանն արձագանքեց. «Եվ այդ «խայտառակ» թերակատարումներով հանդերձ՝ 2024 թվականի Երևանի բյուջեն կատարվել է 94,5 տոկոսով»: Ավինյանը նաև խոստացավ, որ հաջորդ տարվա հաշվետվությունը հիմնված կլինի որակական ցուցանիշների վրա:
11:48 - 18 մարտի, 2025
Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ ավագանու անդամի հայցադիմումը

 |factor.am|

Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ ավագանու անդամի հայցադիմումը |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սկզբում վարույթ չի ընդունել ներկայացված հայցադիմումը, քանի որ, ըստ դատարանի, հայցում սխալներ են եղել։ Դատարանը վերադարձրել է հայցադիմումը և հայցվորին 15 օր ժամանակ տվել՝ թերությունները վերացնելու համար։ Երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։ Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։ «Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և պարծեցել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում, և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։ Ավինյանն այդ տեսաուղերձում էլ դարձյալ լրատվամիջոցներին էր մեղադրել։
17:07 - 06 մարտի, 2025
Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան
 |tert.am|

Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան |tert.am|

tert.am: Աշխատանքային պայմանագրով ասվում է, որ վարորդն իրավունք ունի ուղևորին միայն ասելու՝ մի՛ վճարիր կանխիկ, ուղևորին այլ բան հարկադրել՝ կլինի վճարելը, ավտոբուսից իջնելը կամ սպառնալը՝ վճարի, թե չէ չեմ վարի, վարորդն իրավունք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։«Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անձամբ հայտարարեց, որ անցնելու է կոշտ մեթոդների, հիմա «Երևանի ավոտբուս» ՓԲԸ-ի տնօրինությունն ի՞նչ պատասխան տա, իրենք ոնց կարող են պատասխանել, թե Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման վարչության աշխատողն ավտոբուսի մեջ ի՞նչ գործ ունի»,- հայտարարեց նա: Դիտարկմանը՝ այդ աշխատակիցները կարող են ստուգայցեր կատարել, Սուքիասյանն ասաց. «Անգամ եթե շրջայց են իրականացնում, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց տարբեր չինովնիկներ հարկադրեն՝ չէ, վճարի, կամ՝ իջի»: Նրա խոսքով՝ եթե «Երևանի ավտոբուս»-ի տնօրինությունը չխուսափեր հանդիպել, իրենք կասեին՝ Կենտրոն թաղապետարևանի առևտրի բաժնի աշխատողն ի՞նչ գործ ունի քո ավտոբուսի մեջ: «Այդ աշխատողն իր կամքով չի եկել, հաստատ ինստրուկտաժի արդյունքներով է եկել ու այդ ինստրուկտաժը պետք է հասկանանք՝ ումից է եկել, հետևաբար թելերը տանելու է քաղաքային ադմինիստրացիա»,- ասաց նա:
18:06 - 18 փետրվարի, 2025
Մեկ ուղևորատոմսը լինի 100 դրամ, մնացած փաթեթները շարունակեն գործել. ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց»-ի նախագիծը

Մեկ ուղևորատոմսը լինի 100 դրամ, մնացած փաթեթները շարունակեն գործել. ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց»-ի նախագիծը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է մեկանգամյա օգտագործման ուղևորատոմսի համար սահմանել 100 դրամ արժեք՝ 10 օր տևողությամբ, թե՛ ֆիզիկական կրիչով, թե՛ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում: Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ մնացած փաթեթները թող շարունակեն գործել: Նա նշեց, որ իշխող խմբակցությունը տրանսպորտի թանկացման նախագիծը ներկայացնելուց ի վեր առնվազն վեց անգամ փոփոխություն է կատարել դրանում՝ նվազեցնելով սակագինը և երկարացնելով փաթեթների ժամկետները: Թորոսյանի խոսքով դա արվել է հանրության ճնշման և ընդդիմադիր ուժերի դիմադրության արդյունքում: Մինչ այս նախագծի քննարկումը Երևանի ավագանին նույն նիստի ընթացքում 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց նույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որը ներկայացրել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
13:25 - 11 փետրվարի, 2025
Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի տոմսային փաթեթներում փոփոխություններին վերաբերող նախագիծը

Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի տոմսային փաթեթներում փոփոխություններին վերաբերող նախագիծը

Երևանի ավագանին 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի տոմսային փաթեթներում փոփոխություններին վերաբերող նախագիծը: Փոփոխվեղ կետերը ներկայացնում ենք ստորև: Թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին արտոնյալ տոմսեր տրամադրելու համար Երևան քաղաքի հաշվառում ունենալու պահնաջը կհանվի: Անվճար երթևեկելու իրավունք են ստանում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Մինչ այս միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ստանալ, իսկ երեխաները այլ կատեգորիայում են ներառվում: Անվճար երթևեկելու հնարավորություն կունենան Երևանի հաշվառում ունեցող, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից: Մինչ այս որոշման մեջ պարտադիր պայման էր երեխաների անչափահաս լինելը: Անսահմանափակ են դառնալու 1 օր և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Վերջին կետը նախագծում նշված չէ, բայց քանի որ քաղաքացիներին առաջարկություններ են արել, որոշել են ներառել: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավելի վաղ հայտնել էր, որ որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, քանի որ տեխնիկական և այլ փոփոխություններ պետք է կատարվեն համակարգում:
13:12 - 11 փետրվարի, 2025