Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին
 |azatutyun.am|
11:40 - 02 հունիսի, 2024

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր թեկնածությունն է առաջադրել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, կիրակի հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

67-ամյա Ահմադինեժադը համարվում է քաղաքական կոշտ գծի կողմնակից, պաշտոնավարել է երկու ժամկետ՝ 2005-ից 2013 թվականներին, իսկ նրա երկրորդ ժամկետը նշանավորվել է 2009 թվականին վիճելի արդյունքների պատճառով բուռն բողոքի ցույցերով և դաժան ճնշմամբ:

Երկրի ղեկավարության հետ նրա տարաձայնությունները տարիների վաղեմություն ունեն․ նախագահի պաշտոնում աշխատելիս Ահմադինեժադը, հակաճառելով Իրանի հոգևոր առաջնորդին, պաշտոնանկ էր արել Ալի Խամենեիի կողմից նշանակված նախարարին և դրանից հետո էլ տասնօրյա գործադուլ հայտարարել՝ բոյկոտելով կառավարության բոլոր նիստերը։

Իրանի նախկին նախագահի պաշտոնավարման տարիների այս դրվագը բեկումնային դարձավ նրա քաղաքական կարիերայի համար․ սրվեցին նրա հարաբերությունները ոչ միայն հոգևոր առաջնորդի հետ, այլ նաև երբեմնի թիմակիցների համար նա պահպանողական գործչից դարձավ հեղափոխական և մեկը, ով հանդգնել էր չենթարկվել երկրի հոգևոր առաջնորդին։

Նրանից բացի, գրանցվել է ևս 12 թեկնածու։ Նրանց թվում են նաև միջուկային հարցերով նախկին գլխավոր բանակցող Սաեդ Ջալիլին և բարեփոխական հայացքներով հայտնի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, 2021 թվականի ընտրությունների մասնակից Աբդոլնասեր Հեմաթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել