Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ չպիտի թույլ տան, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա Աժ շենքից
17:01 - 12 հունիսի, 2024

Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ չպիտի թույլ տան, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա Աժ շենքից

Բաղրամյան պողոտայում տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ 

Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց․ «Սա ավելին է, քան իշխանափոխություն, սա հայ ժողովրդի ոտքի կանգնելու պատմությունն է, հաղթանակների սկիզբը․․․ Մեր ջանքով ու ձգտումով, մեր նվիրումով ու զոհաբերությամբ, այսօր վճռական օր է մեզ համար, չափազանց կարեոր»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ չպիտի թույլ տան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա Աժ շենքից․

«Ես ասել եմ, որ [եթե] 96 ժամվա ընթացքում այն ժողովուրդը, որ Հանրապետության հրապարակում հավաքված էր, իր կամքը դրսեւորի, խոստանում եմ, որ կիրացնենք մեր փափագը՝ այս մարդուն հրաժարեցնելու։ Օրինական ճանապարհով, խաղաղ, անցնցում, ոչ մի ավելորդ բռնությամբ, պարտավոր է գալ, խոսել, բանակցել, ներկայացնել կամ քննարկել անցնցում հեռանալու ճանապարհը։ Ինքը այսօր մուտք է գործել ԱԺ, մենք նպատակ չենք ունեցել արգելափակելու, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա։ Որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ։ Չի կարող ցինիկ կերպով ուղղակիորեն չանդրադառնալ այն ամբողջ ընդվզումին ու ցավին, որ իր պատճառով պատճառվել է մեր ժողովրդին»։

Հիշեցնենք, որ հանրահավքին զուգահեռ Ազգային ժողովում ընթանում նիստ, որին ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Քննարկվում է ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականը։

Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։

Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել