Երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի՞ է եղել․ հակասություններ՝ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքում
21:58 - 24 հունիսի, 2024

Երթը շարունակելու հրամանի պահին ԱԹՍ–ի ձայնը լսելի՞ է եղել․ հակասություններ՝ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքում

44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրու զորամասի կապի վաշտի ավագ վարպետ Աբգար Խաչատրյանն այսօր ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան՝ հարցաքննվելու Արցախի Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքից 18 զինծառայողի զոհվելու գործով։

Խաչատրյանը մեկն է ականատես այն վկաներից, որ դեպքի օրը նույն զինծառայողների հետ նույն ուղղությամբ շարժվելիս են եղել։

Զոհված զինծառայողները նույն զորամասի ինժեներասակրավորական անձնակազմից էին (այսուհետ՝ ԻՍՎ), որոնք հրաման էին ստացել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին զորամասի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հրամանատարությամբ Իշխանաձորից Ջրական տեղափոխվելու։ Ըստ քրեական գործի՝ ճանապարհին նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված՝ Անդրանիկ Վերանյանը իր մոտ է հրավիրել կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու չեն տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող ԱԹՍ–ի ձայնն է՝ նա, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։

Անդրանիկ Վերանյանն այժմ մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ վկայի՝ իրենց նախապես բացատրել են, թե ԱԹՍ–ի ձայն լսելու դեպքին ինչ է պետք անել

Ցուցմունք տալով՝ Աբգար Խաչատրյանը պատմեց, որ նախքան Ջրական ուղեւորվելը թե՛ զորամասի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը, թե՛ զորամասի շտաբի պետ Դավիթ Հարությունյանը իրենց հրահանգավորել են, բացատրել, որ ԱԹՍ–ի ձայն լսելու դեպքում պետք է մեքենաներից իջնել եւ խումբ–խումբ բացազատվել։ Նախքան հոկտեմբերի 9-ը այդպես էլ վարվել են։ Մեղադրողի հարցին՝ իսկ ԱԹՍ–ի ուղղությամբ կրակելու հրահանգավորում եղե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, սակայն, որ գործնականում եղել է դեպք, երբ յուրային զինվորները կրակել են ԱԹՍ–ի ուղղությամբ եւ այն խոցել։

Խաչատրյանի խոսքով՝ Ջրական ուղեւորվելուց անմիջապես առաջ տեղեկացել են, որ խնդիր է ծագել, ԻՍՎ–ի եւ հակատանկային դասակի անձնակազմերը չեն գտնվում։ Զբաղվել են նրանց որոնումով։ Ավելի ուշ պարզվել է, որ ԻՍՎ անձնակազմը Իշխանաձորի խաչմերուկում բացազատված է, եւ  երբ ԻՍՎ–ի ծառայության պետ Խորեն Մելիքյանին հարցրել են, թե ինչու են ուշացել, վերջինս, ըստ վկայի, պատասխանել է, որ մեքենան էին լիցքավորում։ Վկան նշեց՝  մեքենաները պետք է լիցքավորեին նախորդ օրը երեկոյան, որպեսզի առավոտյան ծեգին ճանապարհ ընկնեին։ Թե ինչու դա պատշաճ չի արվել, նա չգիտեր։ 

Մեքենան, որի մեջ եղել է վկան, Նիսան մակնիշի ամենագնաց է եղել։ Ղեկին՝ գումարտակի թիկունքի պետ Արտյոմ Պողոսյանը, կողքին՝ Անդրանիկ Վերանյանը, կիսաբաց թափքին՝ Ծոյիկ մականունով հայտնի զինծառայողը (Երվանդ Իսկանդարյանը)։ Վերջինս թափքում էր՝ ԱԹՍ–ի հնարավոր հարձակման մասին նախօրոք հուշելու համար․ «ԱԹՍ–ի ձայնը կար այն պահից, երբ էրեխեքին ման էինք գալիս, երբ հասանք Իշխանաձորի խաչմերուկ, էլի ձայնը կար, մեկ հեռու էր, մեկ՝ մոտ, 24 ժամ այդ ձայնը կար․․․ Անձնակազմը խաչմերուկ բացազատված էր, հետո տեսա, թե ոնց նստեց, շարժվեց, այդ ժամանակ ձայնը խոր գալիս էր»,– ասաց վկան՝ հավելելով, որ շարժվելուց րոպեներ անց ձայնը գնալով ուժեղացել է։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդները

Մեղադրողի հարցին, թե ինչ են արել, երբ ձայնն ուժեղացել է, վկան պատասխանեց, որ մտածել են, թե իրենք են թիրախավորվել, եւ շարժի ընթացքից իրենց մեքենայից դուրս են գցել՝ ծառերի տակ պատսպարվելով։

– Ճի՞շտ էր ձեզ մեքենայից գցելը,– հարցրեց մեղադրողը։

– Դե, մենք մտածեցինք, որ մեր վրա էր գալիս,– պատասխանեց վկան։

– Իսկ զինվորների բացազատվելը հրահանգին համապատասխանո՞ւմ էր։

– Իհարկե։

– Բա ինչի՞ նստեցին, գնացին։

– Դե, դա արդեն չեմ կարող․․․ Այն ժամանակ, երբ հրաման էին տվել, որ զորքը բացազատվեր, շատ ճիշտ էր։

– Իսկ որ նստեցին, գնացին, ճի՞շտ էր։

– Դե, ի՞նչ ասեմ․․․ Ձայնը գալիս էր։

– Իսկ ձայնը գալու ժամանակ զորքը ի՞նչ պիտի անի։

– Դե, պիտի մնա իր տեղում, բայց էլի եմ ասում, այդ ժամանակ այդքան ուժեղ չէր, 3-5 րոպե հետո ուժեղացավ։

– Ո՞վ է հրաման տվել, որ նստեն ավտոմեքենան։

– Վերանյանը, այդտեղ միայն ինքը կարող էր։

Նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը հարցրեց՝ արդյո՞ք Վերանյանի հրամանն իրեն վտանգավոր է թվացել, ինչպիսի՞ն են եղել իր զգացողություններըլ, ինչին ի պատասխան՝ վկան ասաց՝ վտանգ միշտ էլ եղել է, բայց իր զգացողությունները լավ չեն եղել, չի կարող ասել, որ դա սխալ հրաման էր, բայց կարծում է, որ վտանգ կար, կարելի էր մի քիչ էլ սպասել։

Տուժողներն էլ հետաքրքրվեցին, թե ինչու վկան չի փորձել կասեցնել այդ հրամանի կատարումը, եթե այդպես է կարծել, ինչին ի պատասխան՝ նա ասաց՝ եթե իմանար, որ իր ասածը արդյունք կտար, կասեր, բայց ինքը վստահ էր, որ դա ոչ մի դեր չէր ունենալու․ «Ամեն Աստծո օր այդ դեպքը իմ աչքի դիմացն է, ամեն անգամ փորձում եմ դետալներ գտնել, մի բան հիշել, մի բան մոռանալ»,–հավելեց նա։ Մեղադրողի հարցին, թե ինչու է ամեն օր հիշում, ում է մեղադրում կատարվածի համար, Աբգար Պողոսյանը չպատասխանեց։

Ըստ վկայի՝ ոչ մեկը չի կարող ասել՝ այդ պահին անձնակազմի մնալն էր ճիշտ թե գնալը

Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը հարցրեց՝ Վերանյանը ինչպե՞ս է հրաման տվել, ի՞նչ բառեր է օգտագործել, սակայն վկան չկարողացավ պատասխանել այդ հարցին։ Նաեւ չգիտեր՝ հրամանին ընդդիմացող եղել է թե ոչ, ասաց՝ ինքը անմիջապես Վերանյանի մոտ չի եղել, խոսակցություն չի լսել․ մի զինծառայող ցանկացել է կրակել ԱԹՍ–ի ուղղությամբ, ինքը մոտեցել է նրան, կանխել դա՝ իրենց գտնվելու տեղը չբացահայտելու համար։

Ձախից՝ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Մարգարյանը

– Լսե՞լ եք, որ որեւէ մեկը ասի ԱԹՍ–ի մասին, Վերանյանն էլ ասի՝ օդը ձեր խնդիրը չէ,– հարցրեց պաշտպանը։

– Չեմ կարող ասել։

– Լսե՞լ եք, որ Ծոիկը ԱԹՍ–ի մասին մինչեւ խաչմերուկ հասնելը ասի։

– Հա, ասում էր՝ օդում բան կա, դրա համար էլ վերեւում էր նստած, որ ինքը ավելի շուտ լսի, վերեւից ասաց՝ օդը կեղտոտ է, մինչեւ քաշեցինք, հասանք, էրեխեքը արդեն բացազատված էին, դուրս էին եկել,– պատասխանեց վկան։

– Խաչմերուկ կոչվածը անվտա՞նգ տեղ էր։

– Պատերազմի ժամանակ անվտանգ տեղը ո՞րն է։

– Ճիշտ էր այդտեղ մնա՞լը, թե՞ պետք էր դուրս գալ։

– Եթե բացազատված մնայինք, հնարավոր է՝ ավելի լավ լիներ, հնարավոր է՝ ավելի վատ, ոչ մեկը չի կարող ասել՝ ճիշտ էր մնալը թե սխալ, բայց որ այդ իրավիճակում բացազատված էին էրեխեքը, դա ճիշտ էր։

– Վերանյանը ինչպիսի՞ սպա է։

–  Ինչի սպան տեսա՞կ է ունենում, հրաման կատարող սպա է։

– Անձնական ի՞նչ շարժառիթ պիտի ունենար՝ հրամայելով մեքենա նստել եւ շարժվել։

–  Ի՞նչ շարժառիթ պիտի ունենա, անձնական ոչ մի բան չկա, նպատակահարմար է գտել, որ նստեն, հրաման է տվել, դա արդեն իրեն հարցրեք։

Մեղադրողը փորձեց միջամտել․

– Դուք, որպես սպա, ունեցե՞լ եք նման շահագրգռվածություն, երբ հրաման եք ստացել։

– Դե, հա, շահագրգռված եմ կատարել, բայց եթե ես զգամ, որ սխալ է, չեմ անի։

– Հիմա հրահանգավորում կար, շտաբի պետը ուղեկցում էր, այդ պայմաններում Վերանյանը, որպես սպա, հրաման կատարելու անձնական շահագրգռվածություն ունե՞ր։

– Չեմ կարող ասել,– պատասխանեց վկան։

Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային

Հանրային մեղադրող  Հայկ Մարգարյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ քննիչի մոտ եւ դատարանում հայտնած տեղեկություններում էական հակասություններ կան։

Պաշտպան Նարեկ Մարգարյանը չառարկեց, միաժամանակ միջնորդեց հրապարակել նաեւ նախորդ դատավորի նախագահությամբ վկայի տված ցուցմունքը։ Հիշեցնենք՝ այս քրեական գործը շուրջ 2 տարի շարունակ քննում էր դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին։ Դրանից հետո գործը փոխանցվեց դատավոր Սուրեն Խաչատրյանին։

Դատավոր Սուրեն Խաչատրյանը

Մեղադրողի միջնորդությունը դատարանը բավարարեց, իսկ պաշտպանինը՝ մերժեց՝ բացատրելով, որ երբ գործը փոխանցվել է իրեն, ինքը գործի քննությունը սկսել է ամենասկզբից, այլ ոչ թե ընդհատված տեղից, որպեսզի անձամբ անմիջականորեն ընկալի ապացույցները, հետեւաբար նախորդ դատարանում տրված ցուցմունքները մեղադրական կամ արդարացման դատավճռի հիմքում չեն դրվելու։ Պաշտպանն էլ թույլտվություն խնդրեց՝ այդ դեպքում նախորդ դատարանի ցուցմունքին հղում տալով հնչեցնել իր հարցերը։ Դատավորը թույլատրեց՝ նշելով, որ դրանք այժմ պաշտպանի ձեռքի տակ են որպես նյութ։

Վկայի ցուցմունքների գլխավոր հակասությունը վերաբերում էր Անդրանիկ Վերանյանի եւ Տարոն Նիկողոսյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը․ «Նախաքննության ժամանակ Դուք նշել եք, որ Վերանյանը, տեսնելով անձնակազմին, ասաց, որ կանգնեցնեն մեքենան, որից հետո Տարոնին հարցրեց՝ ինչու են կանգնել, նա էլ պատասխանեց՝ անօդաչու թռչող սարքի ձայն է լսել, հետո Վերանյանը հարցրեց՝ հիմա՞ էլ է գալիս, Տարոնը ասաց՝ չէ, անցավ, որից հետո Վերանյանը ասաց, որ նստեն մեքենան եւ շարունակեն ճանապարհը, այսինքն՝ մանրամասն նկարագրում եք խոսակցություն, այնինչ դատարանում ասացիք, որ խոսակցություն չեք լսել»,– ընդգծեց հանրային մեղադրողը։

Տեւական ժամանակ վկան փորձեց մտաբերել՝ դա անձա՞մբ է լսել թե՞ Վերանյանն է իրեն պատմել՝ մեքենա վերադառնալով, սակայն այդպես էլ չկարողացավ հստակեցնել։

Մյուս հակասությունն այն էր, որ նախաքննության ժամանակ վկան ասել էր, որ մեքենա նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու պահին ԱԹՍ–ի ձայն չի լսել, մինչդեռ դատարանում ասաց՝ ձայնը թույլ, բայց կար։ Մեղադրողի հարցին ի պատասխան՝ նա ի վերջո պնդեց դատաքննական ցուցմունքը։

Նախաքննության ժամանակ վկան ասել էր նաեւ, որ վտանգն առաջացել է իրենց շարժվելուց հետո, եւ ՈՒՐԱԼ–ի կանգնած տեղումն վտանգն ավելի մեծ էր, քանի որ մոտակայքում շուրջ 400 մարդ կար, նաեւ՝ հոսպիտալ, ռազմամթերքի պահեստ։ Դատարանում, սակայն, չհամաձայնեց իր այս ցուցմունքին, ասաց՝ վտանգը միշտ էլ եղել է։ Նաեւ նշեց ոչ թե 400, այլ 1000 թվակազմի մասին։ Թե որն էր իրական թիվը, չկարողացավ ճշգրտել։

– Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նիստի ժամանակ ասել եք, որ Վերանյանն ասել է՝ նստեք, գնացեք, առանց այն էլ ԱԹՍ–ն վերեւն է, ինչը նշանակում է, որ այդտեղից ինչքան հնարավոր է, շուտ պիտի գնայինք,– նախորդ ցուցմունքը հիշեցրեց պաշտպան Նարեկ Գրիգորյանը։

– էդ է եղել, որ էդ բաց տարածքից դուրս գանք․․․

– Նաեւ ասել եք՝ Տարոնը ասել է՝ ձայն ենք լսում, Վերանյանն էլ ասել է՝ մենք էլ ենք լսում, բայց հեռու է, ձեր այստեղ մնալը ավելի վտանգավոր է։ Եղե՞լ է նման բան թե ոչ։

– Ես հիմա փորձում եմ մտաբերել՝ էդ խոսակցությունը եղել է, երբ Վերանյանը մոտեցել է Տարոնին, թե հետո մեքենայի մեջ է պատմել, չեմ կարող հիշել։

Դատավորը ընթերցեց վկայի նախաքննական ցուցմունքի մնացած մասը․ «․․․Մենք տեսանք, որ իրենք տեղավորվում էին մեքենան, որ շարժվեն։ Այդ ժամանակ կապվեցի Վերանյանի հետ, ասացի, որ հակատանկային դասակը ճարել են, ու մենք գնացինք այդ դասակի ուղղությամբ, ասել էին, որ ինչ–որ դաշտում ծառերի մոտ են․․․ Մի քանի րոպե հետո ԱԹՍ–ի ձայն լսվեց, Արտյոմը  արագացրեց մեքենայի ընթացքը, քանի որ շատ մոտիկից էր լսվում։ Մենք մտածեցինք, որ մեզ վրա է գալիս, ուստի երեքս ընթացքից բացեցինք մեքենայի դռները ու մեզ դուրս գցեցինք, իսկ մենքենան գնաց, կպավ մի քանդված շինության ու կանգնեց։ Դրանից հետո պայթյունի ձայն լսեցինք ձախ կողմից, այսինքն՝ այն կողմից, որի ուղղությամբ ԻՍՎ–ն պիտի գնար․․․ Նստեցինք մեքենան, գնացինք այդ ուղղությամբ, որտեղ տեսանք, որ ԻՍՎ–ի մեքենան այրվում էր։ Այն կանգնած վիճակում էր, առաջամասով՝ քիչ թեք, որից հասկացա, որ հարվածից առաջ վարորդը փորձել է կանգնեցնել մեքենան։ ՈՒՐԱԼ–ի բեռնախցում զինվորներն իրենց տեղում վառվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ձայները, նույնիսկ մտածում էինք՝ իրենց հետ կարող է ականներ էլ լինեին։ Այդ զինվորի հայրը (նկատի ունի՝ Հարություն Օհանյանին, որը այդ ՈՒՐԱԼ–ում գտնված զինծառայող Արման Օհանյանի հայրն է,–հեղ․), գետնին ընկած, ձեռքերով խփում էր ծնկներին ու գոռում էր։ Վերանյանը մեքենայից իջավ, գնաց մոտիկ, բայց նրան տեսնելով՝ հայրը հարձակվեց նրա վրա, ասաց՝ քո պատճառով էրեխեքը մեռան, քարով խփեց Վերանյանին։ Մենք վերջինիս մի կողմ տարանք։ Այդ ժամանակ այդտեղ հավաքված մարդիկ կային, որոնցից հիշում եմ Իշխանաձորի գյուղապետին (նրա ցուցմունքը՝ այստեղ), որոնք հրշեջ էին կանչում․․․Հոր հուզված վիճակից ելնելով՝ մենք Վերանյանին հեռու տարանք, նստեցինք մեքենան ու գնացինք, որ հակատանկային դասակին վերցնենք։ Այդ ժամանակ հայրն էլ, բոլորս էլ շոկի մեջ էինք կատարվածից ու տեսարանից․․․ Ցավում եմ տեղի ունեցածի համար, սակայն ցանկանում եմ ասել, որ պատերազմի ժամանակ ես էլ, բոլորն էլ մշտապես գտնվել ենք վտանգի տակ, նույն ԱԹՍ–ն կարող էր նույն հաջողությամբ մեզ էլ խոցել»,– պատմել էր Աբգար Խաչատրյանը իր՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի նախաքննական ցուցմունքում։

Դատավարության մասնակիցների ճշգրտող այլ հարցերին եւս վկան չկարողացավ հստակ պատասխաններ տալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 4-ին։

 

Միլենա Խաչիկյան

Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Սուրեն Խաչատրյանը, վկա Աբգար Խաչատրյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել