Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն
 |armenpress.am|
12:45 - 27 հունիսի, 2024

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն |armenpress.am|

armenpress.am:  Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հանդիսանում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի երկրների խնդիրը։ 

Այս մասին Օ’Բրայենը հայտարարել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջինս պտրաստվո՞ւմ է Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում նախագահ Իլհամ Ալիևին հստակ ուղերձ հղել այն մասին, որ Հայաստանի դեմ հետագա ցանկացած սպառնալիքը կամ ագրեսիան հետևանքներ կունենան։      

«Նախագահ Ալիևի հետ մենք շատ հստակ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, որը հուսով է, որ իրեն կհարգեն որպես համաշխարհային առաջնորդ, երբ կհյուրընկալի COP29-ը, այլ նաև ողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն աշխարհի այլ վայրեր այժմ արտահանումներն իրականացնում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, և որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն իրականացնել Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով՝ դեպի Սև ծով, իսկ մյուսը՝ հավանական շատ ավելի մեծ երթուղի, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղության ժամանակը»,- հայտարարել է  Օ’Բրայենը:  

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներում ԱՄՆ-ի պաշտոնյաներն անդրադառնում են երկրում մարդու իրավունքները հարգելու կարևորությանը: 

«Սա եղել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին օրերին տեղի ունեցած զրույցի ընթացքում»,- եզրափակել է Օ’Բրայենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել