Ջերմուկ քաղաքը 2024 թվականի օգոստոսի 10-11-ին կհյուրընկալի Աստրոֆեստ փառատոնը՝ կապելով երկրաբնակներին տիեզերքի հետ: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, փառատոնի կազմակերպիչներն են Space42-ը և Ջերմուկի Երիտասարդական կենտրոնը։
«Աստրոֆեստի» նպատակն է տիեզերքը «իջեցնել» Երկիր՝ միավորելով գիտությունը, մշակույթն ու աստղադիտումները և մասնակիցներին հնարավորություն տալ դրա մի մասը դառնալ։ Այն կներառի բազմազան զբաղմունքներ՝ նախատեսված տարբեր տարիքի մասնակիցների ներգրավելու և ոգեշնչելու համար։
Փառատոնի օրը պատահականորեն ընտրված չէ․ այն համընկնում է Պերսեիդների աստղաթափի և Նավասարդի հետ։
«Աստրոֆեստն» ուղղված է խթանելու աստղագիտության հանրայնացումը և միաժամանակ միավորելու գիտության ու մշակույթի սիրահարներին։ Շատ ուրախ ենք, որ այս տիեզերական օրն անցկացվելու է հենց Ջերմուկում, որը Հայաստանի հարուստ զբոսաշրջային կենտրոններից է և հայտնի է իր մաքուր օդով, տեղական յուրահատուկ մշակույթով և, իհարկե, հեռու է լուսային աղտոտվածությունից, ինչն այն իդեալական է դարձնում աստղադիտումների համար», - նշում է Space42 կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Վաչիկ Խաչատրյանը:
Փառատոնի մուտքն ազատ է․ ցանկացած անձ կարող է անվճար մասնակցել միջոցառմանը։
Առաջին օրը՝ օգոստոսի 10-ին, կանցկացվեն գիտական հանրամատչելի դասախոսություններ, հետաքրքիր ֆիզիկական փորձեր տարբեր տաղավարներում, վարպետաց դասեր, կլինեն երաժշտական հայտնի խմբերի կատարումներ, տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Իսկ երեկոյան տեղի կունենան ամենասպասված իրադարձությունները՝ անմոռանալի աստղադիտումներ տարբեր հզորության ժամանակակից աստղադիտակներով և ամենակարևորը՝ Պերսեիդների աստղաթափի դիտում Ջերմուկի չքնաղ տեսարանների ներքո։
Երկրորդ օրը՝ օգոստոսի 11-ին, մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու քաղաքի գեղեցկությունը փոքրիկ արշավների միջոցով, այցելել պատմամշակութային վայրեր, ծանոթանալ բնական հուշարձաններին։
«Աստրոֆեստն» աննախադեպ է նաև իր հյուրերով։ Փառատոնի հատուկ հրավիրյալ բանախոսն է ֆրանսիական թվային աստղադիտակներ արտադրող Unistellar ընկերության համահիմնադիր և SETI այլմոլորակային կյանքի գիտական որոնումների ինստիտուտի գիտնական Ֆրենկ Մարչիսը, ով հայտնաբերել է բազմաթիվ աստղակերպեր և ունի իր իսկ անունով աստղակերպը։
Փառատոնը կատարյալ է գիտության սիրահարների, մշակույթի երկրպագուների, ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տիեզերքի հրաշքներով:
«Աստրոֆեստի» շրջանակում կազմակերպիչներին աջակցում են Ջերմուկ Գրուպը, փառատոնի իրականացմանը նպաստում են Young Minds-ը, Տիեզերք/Space նախաձեռնությունը, Delta մարկետինգային կազմակերպությունը։
***
«Space42» կազմակերպությունը գիտությունը հանրայնացնող նախաձեռնություն է, որի առաքելությունն է Հայաստանում զարգացնել սիրողական աստղագիտությունը՝ դարձնելով այն հասանելի և հետաքրքիր բոլորի համար՝ սկսած երեխաներից մինչև մեծահասակներ։ Երկար տարիներ այս ոլորտում գիտությամբ զբաղվելով, սերը դեպի աստղեր վերածվել է մասնագիտության և օգնել հմտանալ երկնքի ուսումնասիրության մեջ։ «Space42»-ը կազմակերպել է բազմաթիվ հանրային և փակ աստղադիտումներ՝ ապահովելով մարդկանց և տիեզերքի միջև կապը։
***
«Ջերմուկի Երիտասարդական կենտրոն»-ը ունի մոտ 3 տարվա պատմություն։ Կենտրոնի նպատակն է երիտասարդներին ապահովել ոչ ֆորմալ և ֆորմալ կրթությամբ, ապահովել նրանց արդյունավետ ժամանցը և, որ ամենակարևորն է, երիտասարդներին տալ կամավորության հնարավորություն, որը ոչ միայն օգնում է համայնքային կյանքի բարելավմանը, այլ նաև նրանց անձնային աճին։ Երիտասարդական կենտրոնի համակարգող-ղեկավարների և կամավորների մեծ բանակի ջանքերով համայնքում իրականացվում են բազմազան միջոցառումներ, որոնց մեջ են մտնում Ծիրանի փառատոնը, Ջերմուկին նվիրված օրը, «Դեպի Ջերմուկ» և «Դեպի Ջերմուկ 2» միջմարզային միջոցառումները:
comment.count (0)