1lurer.am: Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում:
Ինչպես գիտենք, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո մենք ունենք բավականին մեծ դիմելիություն, և այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ:
850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար մենք պայմանավորվել էինք, որ հընթացս կիրականացնենք ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն ծրագրում կարող է առաջանալ: 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում: Սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝ մենք առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր: ՀՀ քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա: Շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը: Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ դնել սույն թվականի օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:
«Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)