Էս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը. վարչապետը՝ աջակողմյան ղեկով մեքենաների մասին |tert.am|
09:41 - 05 դեկտեմբերի, 2019

Էս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը. վարչապետը՝ աջակողմյան ղեկով մեքենաների մասին |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստին ընդունվեց նախագիծ, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև մարդատար ավտոմոբիլների տողով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացնելիս ասաց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Նա նշեց, որ մաքսազերծելուց հետո դրանք կարող են հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը, ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:

«Ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: «Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառն այն է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»-ասաց նա:

Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա էլի վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի:

Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել