Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
«Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։
Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։
Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դպրոցում սեպտեմբերի 6-ին ցնցումներ էին արձանագրվել, ինչից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և դասերն իրականացվում էին հեռավար։ Դպրոցը ցնցումների պատճառը պարզելու խնդրով դիմել էր Երևանի քաղաքապետարան և ՆԳՆ։ Դպրոցի տնօրենը ցնցումների պատճառ համարել էր հարակից իրականացվող շինարարությունը։
comment.count (0)