Հայտնի է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հաղթողը
18:10 - 18 հոկտեմբերի, 2024

Հայտնի է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հաղթողը

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Ապարան քաղաքը։

Մրցույթի արդյունքները ներկայացվեցին ու ամփոփվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած եզրափակիչ նիստում, որը վարում էր մրցութային հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

«Տարեցտարի ավելի է լավանում երիտասարդական մայրաքաղաքի և միջոցառումների որակը։ Այսինքն, ով էլ շահի մրցույթում, մեր ակնկալիքն է, որ կպահպանի և կզարգացնի սահմանված բարձր նշաձողը»,- հույս հայտնեց փոխնախարարը։ 

ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ 

Ինչպես նշվեց նիստի ընթացքում՝ ավելի վաղ իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը: 

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցույթի արդյունքներն ամփոփում և հաստատում է մրցութային հանձնաժողովը՝ փորձագիտական գնահատման երկու բաղադրիչների (համայնքի կարողությունների և քաղաքների՝ հայտով ներկայացրած ծրագրի փորձագիտական գնահատում) և SMS քվեարկության արդյունքների համադրությամբ։

Փորձագիտական խմբի գնահատման և SMS քվեարկության համադրությամբ մրցույթում առավելագույն՝ 33,31 միավորը հավաքել է Ապարան համայնքը, որը 2025 թվականին կհռչակվի Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք:  

Հատկանշական է, որ փորձագիտական խումբը բարձր միավորներով նախապատվություն էր տվել Նոյեմբերյանի հայտին, սակայն SMS քվեարկության 18 հազար 21 մասնակիցներից 10 հազար 440-ը քվեարկել է Ապարանի օգտին՝ որպես ՀՀ 2025-ի երիտասարդական մայրաքաղաք։

Մրցույթին հայտ ներկայացրած մյուս քաղաքներից՝ Աբովյան հավաքել է հանրագումարային 14,8 միավոր, Ալավերդին՝ 12,57, Մարտունին՝ 19,76, իսկ Նոյեմբերյանը՝ 19,30։

Ամենամյա այս մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները և ծրագրերի ծավալների ընդլայնման գործընթացը և այլն։

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել՝ համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված, այնուհետ՝ Կապանը (2021), Հրազդանը` 2022-ին, Մեծամորը՝ 2023 թվականին, իսկ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Գավառն է։

Մրցույթի արդյունքներով երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը դիտարկվում է որպես երիտասարդական, մշակութային, սպորտային միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման առաջնահերթ վայր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել