armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն հիմնելու նպատակի մասին։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանա կատարած այցի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ-ղազախական միջմշակութային հարաբերություններին, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև առկա գործընկերությանը և երկխոսությանը, դրանց զարգացման հեռանկարներին։
Նախարարի խոսքով՝ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը ղազախ հանրությանը հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել ժամանակակից Հայաստանի մշակույթի մասին։
«Սա միանգամյա միջոցառում չէ, քանի որ մենք նախորդող տարիների ընթացքում շատ հետաքրքիր միջոցառումներ ենք ունեցել։ Մենք ակտիվ կերպով նաև նշել ենք ղազախ բանաստեղծների հոբելյաններ։ Երևանի պետական համալսարանում գործում է ղազախական կենտրոնը, որտեղ նաև համապատասխան թարգմանություններ են արվում։ Բացի այս, նպատակ ունենք նաև Ղազախստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալ․ այժմ քննարկումների փուլում ենք», - հայտնեց Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այն բոլոր միջոցառումները, որոնք փոխադարձաբար իրականացվում են երկու երկրների կողմից, միտված են երկու ժողովուրդների մշակույթը միմյանց ներկայացնելուն և մարդկանց շրջանում իրազեկվածությունը բարձրացնելուն։
«Այդ իմաստով շատ կարևորում եմ, որ Հայաստանի մշակույթի օրերը, որոնք անց են կացվում Ղազախստանում, անցկացվում են Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այստեղ ներկայացվում է մշակութային ժառանգություն, որը համաշխարհային է», - ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ ղազախական կողմը շատ հետաքրքրված է նաև Մատենադարանում պահվող ղփչաղերեն ձեռագրերով։
«Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում այց եղավ նաև Մատենադարան, որտեղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հնարավորություն ունեցավ ծանոթանալ այդ ձեռագրերին։ Մենք այժմ համատեղ գիտական խումբ ենք ձևավորում, որը կզբաղվի ձեռագրերի ուսումնասիրությամբ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ հայ-ղազախական միջմշակութային հարաբերությունների զարգացման դինամիկան և պոտենցիալը տեսանելի են։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև կրթության ոլորտում առկա համագործակցությանը, քանի որ երկու երկրների Կառավարման ակադեմիաները, Երևանի պետական համալսարանը, Հայաստանում սլավոնական և այլ բուհեր ևս շատ ակտիվ կերպով համագործակցում են ղազախական կրթական հաստատությունների հետ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում հոկտեմբերի 14-16-ը եղել է Աստանայում՝ մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը։
comment.count (0)