Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 25-ին տեղեկատվություն է ստացել առ այն, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մարզադպրոցի շենքում ժամանակավորապես բնակություն հաստատած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մի քանի օր է մնացել են առանց էլեկտրաէներգիայի մատակարարման։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ անհապաղ կապ է հաստատվել շենքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու ներկայացուցչի հետ:
«Բնակիչները նշել են, որ, ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված, առանց էլեկտրաէներգիայի մատակարարման շենքում բնակվելը դարձել է անհնար:
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով Պաշտպանի հանձնարարությամբ նույն օրը մշտադիտարկման այց է իրականացվել:
Այցի ընթացքում բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ բարձրացված հարցը ստացել է լուծում և էլեկտրաէներգիայի մատակարարումը սեղմ ժամկետում վերականգնվել է։
Նշվում է, որ Պաշտպանը կարևորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո։
comment.count (0)