<diaysor.am: v class="html-content">
Նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Կնյազ Իբոյանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբիշներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- նշեց նա։
Դավթյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացված է այս առաջնությանը, հիմնականում ընդգրկված են մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են։
«Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որ նրանք կարողանան էլ ավելի լավ հանդես գալ ու մեդալներ ձեռք բերել»,- ասաց ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետը։
Նշենք, որ մազիկները հայտարարությամբ էին հանդես եկել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը։
Արսեն Հարությունյանը, մասնավորապես, նշել էր. «Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»-ը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»։
Մալխաս Ամոյանը ևս անդրադարձել էր թեմային ՝ նշելով․ «Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»։
comment.count (0)