Եվրաինտեգրման որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|
15:13 - 09 հունվարի, 2025

Եվրաինտեգրման որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դիտարկմամբ՝ Եվրոպական միությանն անդամակցելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակը հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցից։ 

Պեսկովն, այդուհանդերձ, վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակցությունը շահավետ է Հայաստանի համար։ 

«Իհարկե, դա (խմբ․ ԵՄ-ին անդամակցելը) Հայաստանի ինքնիշխան իրավունք է, բայց մենք հաստատ գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունից շահում է ոչ միայն Հայաստանը՝ որպես պետություն, այլ նաև Հայաստանի ժողովրդը. «Հայաստանի տնտեսական աճի տեմպերը՝ կապված միությանը մասնակցելու հետ, չափվում են տոկոսներով»։

Նա նաև հավելել է, որ Եվրամիությունն ինքնուրույն է նախաձեռնում միությանն անդամակցելու գործընթացները, ուստի պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը։  

«Մենք գիտենք, որ Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունն այս հարցում», - նկատել է Կրեմլի խոսնակը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։  

«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,-ընդգծել է Պեսկովը։ 

Պեսկովի խոսքով՝ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։  

«Դա կախված է նրանից, թե ինչ կընդգծի հայկական կողմը», - նշել է Պեսկովը՝ գնահատելով Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների և Հայաստանի հետագա հարաբերությունների հեռանկարները։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է «Եվրաքվե» նախաձեռնությունը։ Կառավարությունում հավանության արժանանալուց հետո նախագիծն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել