Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերը կդիտարկվեն անցումային արդարադատության լույսի ներքո |forrights.am|
10:43 - 02 սեպտեմբերի, 2019

Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերը կդիտարկվեն անցումային արդարադատության լույսի ներքո |forrights.am|

forrights.am։ Մեկ տարի շարունակ շրջանառվող «անցումային արդարադատություն» տերմինն օրեր առաջ առաջին անգամ տեղ գտավ պաշտոնական փաստաթղթում։ Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացրեց «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծում անդրադարձ է կատարվել 2018 թվականի օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայաստանյան դատաիրավական համակարգին անհրաժեշտ է անցումային արդարադատություն, իսկ մոտ ապագայում պետք է լուրջ քննարկումներ ունենալ և անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին որոշում ընդունել․

«Մենք ունենք դրանց կարիքը ոչ միայն այն պատճառով, որ շատ կոռումպացված գործիչներ շարունակում են իրենց արատավոր գործունեությունը, այլ նաև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան շատ թերություններ»,- իր ելույթում նշել էր վարչապետը։

Թերությունների շտկման համար նախատեսվում է ստեղծել 20 հոգուց կազմված հանձնաժողով, որը կզբաղվի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ։

Փաստահավաք հանձնաժողովը ներառելու է խախտումներից տուժած անձանց կողմից ներկայացված տեղեկությունների փաստաթղթավորումը, այդ անձանց համաձայնությամբ նրանց պատմությունները հանրայնացումը, պետական մարմիններից տեղեկություններ պահանջելը, ինչպես նաև դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեությանը գնահատական տալը՝ անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը։

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմամբ մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստեր կհավաքվեն հետևյալ ոլորտներում՝

ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների,

բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների,

գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների,

դ) սեփականազրկումների այլ դրսևորումների,

ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողների։

Իրավապաշտապանները ողջունեցին ուսումնասիրման ոլորտում առանձնացված վերջին կետի ներառումը նախագծում։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի խոսքով՝ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերն անցումային արդարադատության տրամաբանության մեջ տեղավորվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեպպինգի շնորհիվ․

«Շատ կարևոր է հասկանալ, թե պրակտիկայում ինչպես է գործելու ծրագիրը, քանի որ, ցավոք սրտի, Արդարադատության նախարարի փաստաթղթերում հստակ մեխանիզմը նշված չէ։ Մի կողմից շատ ուրախալի փաստ է, որ այս գործերը դիտարկվելու են անցումային արդարադատության լույսի ներքո, մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչպես է աշխատելու»,- արձանագրում է իրավապաշտպանը։

Շարունակությունը՝ forrights.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել