– Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞,– այսպես ընդմիջվեց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Լեւոն Գալստյանի մոր՝ Արմենուհի Գալստյանի հարցաքննությունը,– հազիվ մի տեղ հարցնում են՝ Ձեր էրեխուն ի՞նչ է եղել, ես չգիտեմ՝ ուր գնամ, էլ որ դատարան, – ասաց նա։
Արմենուհի Գալստյանը մեկն է այն ծնողներից, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի մարտական օպերացիայի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ժամանակ չեն հարցաքննվել։ Փաստաբան Գայանե Հովակիմյանը այսօր միջնորդեց՝ նրան եւ մի քանի այլ ծնողների տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրել եւ հարցաքննել դատարանում։ Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց՝ միաժամանակ պարզաբանելով՝ քանի որ բոլոր հանգամանքները դատարանում արդեն քննարկվել են, շատ հարցեր չեն տալիս՝ հասկանալով, որ ծնողի համար դժվար է։
Որդեկորույս ծնողները
– Շատ դժվար է, բայց ավելի դժվար է, որ մինչ այսօր չգիտեմ իմ որդու զոհվելու հանգամանքները․․․ [Վահանյանը], հա, մեղավոր է, բայց մենակ ինքը չէ, էլի մեղավորներ կան․ Հայկազը (նույն գումարտակի սպա, նրա ցուցմունքը՝ այստեղ), որ էս աթոռին նստած չէ, որ նոյեմբերի 7-ին ինձ ասում էր՝ տղադ լավ ա, կզանգի։ Այսինքն՝ հերիք չէ՝ սպանել են, մի հատ էլ զոհվելու հանգամանքն են գաղտնի պահել,– վրդովվեց տիկին Արմենուհին։
Իշխան Վահանյանը այն գումարտակի հրամանատարն է, որի կազմում ծառայել է Լեւոն Գալստյանը։ Նրան այժմ մեղադրում են իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Անկանոն նահանջը, ըստ գործի նյութերի, նրա ենթադրյալ փախուստին է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։
Արմենուհի Գալստյանը, ինչպես եւ շատ այլ ծնողներ, մինչ օրս տեղյակ չէ՝ կոնկրետ երբ եւ ինչ հանգամանքներում է իր որդին զոհվել․ «Լեւոնս ամեն օր զանգում էր, էդ օրը չի զանգում, ես եմ զանգում, չի վերցնում, սկսում ենք հետաքրքրվել, ասում են՝ ծուղակում է, հետո գալիս է [տեղեկություն], չգիտեմ՝ սուտ թե ճիշտ, որ ծուղակից հանել են, էդ օրը չի զանգում, 11-ի առավոտյան՝ ժամը 7–ին, զանգում է, շատ ցածր ձայնով՝ մամ, ես լավ եմ, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում, ծուղակում ենք, բայց տեղյակ ենք պահել, գալու են մեր հետեւից․․․ Էդ ժամանակ լինում են Հադրութի տան մեջ․․․ Դրանից հետո մենք սկսում ենք զանգել․ ամսի 11–ին զանգում եմ ՊՆ, ասում, որ 15 հոգով տան մեջ են, հաջորդը՝ Արայիկ Հարությունյանին, ում պատահի, ում հնարավոր է, բոլորին տեղյակ ենք պահում»։
Մոր խոսքով՝ Արայիկ Հարությունյանն իրենց փոխանցում է Թաղասեռի գյուղապետի եւ Հադրութի ղեկավարի համարները․ «Էրեխեքին ուղղորդում են էդ գյուղի թարմաների տակ, մի ողջ օր մարտ վարելով՝ հասել են էդտեղ։ Լեւոնս մի փոքր վիրավորում է ունեցել։ Երբ արդեն պիտի ընդառաջ գային, մի քանի անգամ զանգել է, իսկ ամսի 12-ի առավոտյան ասել է՝ չեն եկել, ասել են՝ փոքր ձորակ կա, անցեք, բայց դա դիտարկման մեջ է, չենք կարող անցնել, հետներս էլ՝ 4 վիրավոր, հազիվ բերել, հասցրել ենք․․․ Ժամը 12-ի կողմերը վերջին զանգն է լինում՝ էլ զարյադկա չունենք, չեմ կարողանա զանգել․․․ Հարցնում ենք՝ զենք–զինամթե՞րք, ասում է՝ ունենք․․․ Ասում ենք՝ դե ձեր հետեւից գալիս են, ուշադիր եղեք․․․ Սպաները փախել են, էրեխքին թողել են ծուղակի մեջ»,– պատմեց նա։
Որդեկորույս մայրը ցավով նշեց, որ երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են իրենց ձեռքը վերցնում քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքը․ «Պարո՛ն դատավոր, արդեն երկրորդ գործն են ամուսնուս վրա հարուցում, էս էլ նրա համար, որ․․․ Մի քանի օր առաջ Բադալյան Մանուկին է տեսել (ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն էր, այժմ մեղադրյալ է մեկ այլ գործով), Բադալյան Մանուկն է Արմենի վրա գործ հարուցել, պատկերացնո՞ւմ եք։ Արցախի երգի տակ բռունցք է արել, ամուսինս ասել է՝ իջեցրու, դու դավաճան, էրեխեքին թողել, գնացել ես, էդ երգի տակ իրավունք չունես բռունցք անես։ Այ դրա համար Արմենի վրա գործ է հարուցված։ Ծնողն էլ չգիտի՝ ինչ անի, ես նույն վիճակում եմ, պարզապես տղամարդը ավելի բռնկվող է․․․ Ես սարի նման, սպորտսմեն տղա եմ տվել, էսօր եկել, աղաչում եմ, որ ասեն՝ իմ էրեխեն ինչից է զոհվել, հետն էլ սաղ օրը դատարաններում եմ։ Ավելի արագ Արմենի գործն է քննվում, քան սա․․․ Էսպես, ախր, չի կարելի։ Մենք էլ ենք երեխա ունեցել, մենք էլ ենք ուզել, որ էդ երեխան իր նպատակներին հասնի, ուրախ–զվարթ ծառայության ենք ուղարկել, որ հայրենիքին պիտանի լինի, ոչ թե որ հետո սպանեն, դավաճանեն, վերջում էլ ծնողներին դատեն»։
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ որդու մարմինը նույնականացումից միայն ամիսներ հետո են իրեն փոխանցել․ «Պարոն դատավոր, ողջ ընթացքում, ամսի 11-ից մինչեւ 12 ու դրանից հետո գիտե՞ք՝ քանի անգամ եմ ՊՆ զանգել, ամեն անգամ նորից սկսել են գրանցել, ես ջղայնանում էի, ասում էի՝ դեռ գրանցո՞ւմ եք, փոխանակ հասնեք օգնության․․․ Ես ամբողջ օրը պարտաճանաչ Կառավարության շենքի դիմաց խնդրում էի, որ իմ բալին ինձ տան, հուսահատությունից գետնին նստել էի, ասում էի՝ ինձ տվեք, այնինչ պարզվում է՝ Հերացիում նույնականացված էր․․․ Ես չգիտեմ՝ որ դատարան գնամ, ում դիմեմ, Արթուր Դավթյանին (նախկին գլխավոր դատախազ,–հեղ․) 8 թերթ գրել եմ, որ մեզ այս ձեւ խաբել են, էրեխուս մարմինը էնքան քանդակած են տվել, որ ես չեմ ճանաչել, Գերմանիա եմ հասել․․․»
Մելինե Երանոսյանի ցուցմունքը
Զոհված զինծառայող Սերյոժա Երանոսյանի մայրը պատմեց, որ որդու հետ ինքն է կապի մեջ եղել, ռազմաճակատում են եղել նաեւ իր մյուս որդին ու ամուսինը․ «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը լուսաբաց 6-ին, զանգում է, բա մամ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին, ես չեմ իմանում, որ շրջափակման մեջ են, ասում եմ՝ անջատի, չբռնվես, դու մի ասա՝ արդեն ընկել է շրջափակման մեջ, զանգել, ինձ հաջող է անում։ Խոսել է նաեւ եղբորս հետ, բա քեռի ջան, մենք սենց վիճակի մեջ ենք, չգիտենք՝ ոնց անենք, ինչ անենք, մեր չորս կողմը թուրքեր են, ասել է՝ 12 էրեխեքի հետ են, որից մեկը, հետո ենք իմանում, Լեւոնն է եղել»։
Այդ խոսակցությունից հետո Մելինեն որքան զանգել է, որդին անհասանելի է եղել։ Փորձել է կապ հաստատել դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանի միջոցով (նա նույնպես մեկ այլ գործով մեղադրյալ է,–հեղ․)․ «Էնքան արագ եմ խոսել՝ մտածելով, որ պատերազմ է, չվնասեմ։ Ներկայացել եմ որպես բարեկամ, ասել եմ՝ տղա ջան, ի՞նչ կլինի, մի զինվոր կապ է ունեցել ծնողների հետ, հիմա կապ չկա, կարո՞ղ ես տեղեկություն տալ, խնդրում եմ․․․ Հայկազն էլ լիքը զինվորների մեջ էր, ոչ տարավ, ոչ բերեց, ասաց՝ տղերք, մեջներդ Երանոսյան Սերոժ կա՞, մեկն ասաց՝ էդ Սերոժիկը ընկել ա շրջափակման մեջ, չենք կարողացել օգնել․․․»
Հովհաննես Մարտիրոսյանի ցուցմունքը
Զոհված Աշոտ Մարտիրոսյանի հայրը՝ Հովհաննես Մարտիրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նորակոչիկներին խաբելով են տարել, համոզելով, հայհոյելով․ «Տարել են «թուրքի գերեզմաններ» կոչվող տարածք, դասակից մնացել են մի քանի հոգի, մնացածը՝ վիրավոր ու զոհ․․․ Դրանից հետո ոտքով եկել են Հադրութի դպրոց, ինչ–որ սպա է տեսել, զանգել Վահանյանին, ասել է՝ բեր մեր մոտ․․․ Հանել են էդ սարը, սարից էլ Մուրադյան Հովոն է հետները մնում (զոհվել է,–հեղ․), մնացածը փախչում են»,– նշեց նա։
Դեկտեմբերի 3-ին հայկական կողմին է վերադարձվել 54 մարմին, որոնց մեջ եղել է նաեւ Մարտիրոսյանի որդին։
Դատավոր Ջոն Հայրապետյանը
Կորյուն Զաքարյանի ցուցմունքը
Զոհված Մխիթար Գրիգորյանի հայրը՝ Կորյուն Զաքարյանը, կարճ խոսեց, նշեց, որ վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 9-ին է կապի դուրս եկել։ Հաջորդ օրը նա զոհվել է․ «Խփել են իր կողքի ընկերոջ թեւին, ինքն է իջեցրել, ընկերն ասել է՝ հետս արի հոսպիտալ, բա սա՝ չէ, տղերքը մնացին, ոնց ես գամ Ստեփանակերտ, ու էլ կապ չենք ունեցել․․․ Սաղ էլ պիտի պատասխան տան, լավերը զոհվել են․․․»
Ալինա Գրիգորյանի ցուցմունքը
Զոհված Վահագն Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը պատմեց, որ իր որդու հետ վերջին խոսակցությունը հոկտեմբերի 8-ին է եղել․ «Որդիս ունեցել է աչքերի խնդիր, օպտիկական ակնոց էր կրում, 2 շաբաթ առաջ եղել էր հոսպիտալում, բորբոքվել էր, Ստեփանակերտի հոսպիտալ էին ուղարկել, բուժում նշանակել։ Պատերազմը սկսելուց 2 օր առաջ ասաց՝ նորից նույն խնդիրն ունեմ, երկուշաբթի հոսպիտալ են պառկեցնելու, իսկ կիրակի պատերազմը սկսվեց, անգամ ակնոց չէր հասցրել հետը վերցնել, ուզում եմ հասկանալ՝ նման խնդրով էրեխուն ո՞նց են ուղարկում դիրքեր»,– վրդովվեց մայրը։
Վահագն Խաչատրյանի մասին առավել մանրամասն՝ այստեղ։
Ռուզաննա Վարդանյանի ցուցմունքը
Տուժողի իրավահաջորդ ճանաչվեց նաեւ զինծառայող Սարգիս Ղուկասյանի մայրը՝ Ռուզաննա Վարդանյանը։ Նա, սակայն, դատարանին հայտնելու տեղեկություններ չուներ, ասաց՝ քանի որ ամուսնուն նույնպես կորցրել է, որդու հարցերով ամուսնու եղբայրն է զբաղվել (նրա ցուցմունքը՝ այստեղ)։
Սարգիս Ղուկասյանի հետ ընտանիքը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել, շրջափակման մասին հետագայում է տեղեկացել։ Նա ուսումնական գումարտակի այն մի քանի զինծառայողներից է, որ առ այսօր համարվում են անհետ կորած։
Նիստի ավարտին դատարանը անդրադարձավ նաեւ մեղադրյալ Իշխան Վահանյանի խափանման միջոցին։ Վահանյանը միջնորդել էր այն փոխարինել տնային կալանքով, ինչի դեմ առարկեցին տուժող եւ մեղադրող կողմերը։
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին։
Գլխավոր լուսանկարում՝ որդեկորույս հայրերը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)