ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ
13:25 - 16 ապրիլի, 2025

ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին՝ հիմք ընդունելով  համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումը։

«Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022-2024 թվականներին Քաջարան համայնքի կատարած գնումները և հայտնաբերել, որ համայնքապետարանն այդ թվականներին շուրջ 700 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետ Մանվել Փարամազյանի կնոջ՝ Լիլիթ Դավթյանի մասնակցությամբ ընկերության հետ։ 2024 թվականի հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Ընկերության հետ ևս երկու պայմանագիր կնքվել է 2022 թվականին։ 

«Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերության 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։ Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։

Հանձնաժողովն արձանագրել է, որ Մանվել Փարամազյանին փոխկապակցված անձը՝ կինը, պայմանագրի կնքման պահին գործարար կամ այլ գործնական հարաբերությունների մեջ է գտնվել ընկերության հետ, հետևաբար ընկերության հետ Մանվել Փարամազյանի կողմից պայմանագիր կնքելն առերևույթ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, որի մասին Մանվել Փարամազյանը պարտավոր էր Հանձնաժողով հայտարարություն ներկայացնել, ինչը չի արել: 

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Մանվել Փարամազյանը իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման համար չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ, որպեսզի չհայտնվի շահերի բախման իրավիճակում կամ հայտնվելու դեպքում առաջնորդվի օրենքով նախատեսված կանխարգելման ընթացակարգերով։ Այն, որ մանկապարտեզի կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Աժդանակ» ՍՊԸ-ն, Հանձնաժողովը չի համարում գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորությունից ազատող հանգամանք:

Այսպիսով, Մանվել Փարամազյանը ենթարկվել է վարչական տույժի՝ 300 հազար դրամի չափով։ 

«Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Սևան և Գավառ համայնքներում։ Ստեփանավան և Սևան համայնքների վերաբերյալ նյութերի հիման վրա Հանձնաժողովը նույնաբնույթ տույժեր է կիրառել համայնքապետերի նկատմամբ։ 

 

Լիլիթ Գրիգորյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել