Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին
23:55 - 21 ապրիլի, 2025

Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ 

Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց մեղադրական ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։

Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ճառի սկզբում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն հիշեցրեց իրադարձությունները, որ նկարագրված են Իշխան Վահանյանի մեղադրանքում, ապա առանձնացրեց ու վերլուծեց այն բոլոր ցուցմունքները, որոնք, ըստ նրա, արժանահավատ են եւ հաստատում են Վահանյանի մեղքը։ 

Նշենք, որ ճառը դատավարության կողմերի եզրափակիչ ելույթն է, որի ընթացքում նրանք ամփոփում են ողջ դատաքննությունը՝ հիշատակելով դատարանում հետազոտված այն բոլոր ապացույցները, որոնցով, իրենց գնահատմամբ, հաստատվում կամ հերքվում է մեղադրանքը։

Կատարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել 6, գերեվարվել 7 զինծառայող

Իրադարձությունները տեղի են ունեցել հետեւյալ կերպ․ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջրականի զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը Իշխան Վահանյանին հրաման է տվել՝ իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սար եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հոկտեմբերի 9-ին հրամանը կատարվել է։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման։ Ըստ մեղադրանքի՝ց մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել մի շարք իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները եւ որևէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Փոխարենը նա, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը, պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չի փոխանցել,  անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների եւ ինքնակամ լքել մարտադաշտը։

Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ընդգծեց՝ Վահանյանի դրսևորած իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ Հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի՝ Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ՝ գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է այդ ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց (առ այսօր, Խուռհատ սարի մարտական օպերացիային մասնակցած անձանց ամբողջական ցանկ առկա չէ-հեղ․), զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝

  • Տիգրան Ագանեսյանը
  • Նարեկ Ղազարյանը
  • Հարութ Ղարախանյանը
  • Սուրեն Խեչումյանը
  • Էրիկ Մարտիրոսյանը
  • Արտաշես Այվազյանը
  • Հայկ Հարությունյանը
  • Սասուն Պետրոսյանը
  • Ալբերտ Ստեփանյանը
  • Սամվել Սամբատովը
  • Կարեն Ներսեսյանը
  • Գրիշա Գրիգորյանը
  • Դավիթ Ադոյանը
  • Արտյոմ Մկրտչյանը
  • Արման Գաբրիելյանը
  • Ռաֆիկ Սահակյանը։ 

Հակառակորդի կողմից գերեվարվել են՝

  • Էրիկ Գասպարյանը
  • Ալբերտ Գրիգորյանը
  • Նարեկ Սիրունյանը
  • Էրիկ Խաչատրյանը
  • Ռոբերտ Վարդանյանը
  • Կարեն Մանուկյանը
  • Արայիկ Գալստյանը։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ 

  • Արման Արմաղանյանը
  • Արթուր Հարությունյանը
  • Նիկոլայ Ստեփանյանը
  • Դավիթ Սահակյանը
  • Արսեն Այվազյանը
  • Ռուսլան Թումանյանը։

Մեղադրողը պնդեց՝ Վահանյանը, որպես հրամանատար, պարտավոր է եղել անձնուրաց ծառայել եւ եղած միջոցներով ազդել մարտի վրա

Ըստ մեղադրողի՝ առաջին հարցը, որը Իշխան Վահանյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում ենթակա է քննարկման, նրա պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է (375-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ). «Քրեական գործով ձեռք բերված և հետազոտված՝ ՊԲ նախկին հրամանատարի՝ 09.10.2020 թվականի թիվ 2224-Ա հրամանի համաձայն՝ Իշխան Վահանյանը նույն օրն ազատվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնից և նշանակվել՝ որպես նույն գումարտակի հրամանատար: Որպես այդպիսին, ամբաստանյալ Վահանյանը եւս, թե՛ նախաքննության և թե՛ դատաքաննության ընթացքում չվիճարկեց իր կողմից պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը»,- նշեց մեղադրողը։

Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է. 2020 թ․ հոկտեմբերի 10-ի դրությամբ Իշխան Վահանյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրվա՞ծ եղել են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր էր կատարել «Խուռհատ» սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, ինչպես նաև ստորաբաժանման նահանջը կազմակերպելու և իր պարտականությունները ենթակա անձնակազմի սպաներից որևէ մեկին փոխանցելու ժամանակ։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն թվարկեց 
«ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով եւ Մարտական կանոնադրությամբ սահմանված զինծառայողի, հրամանատարի, գումարտակի հրամանատարի, շտաբի պետի այն պարտականությունները, որոնք տվյալ դեպքում վերաբերելի են Վահանյանին․

  • Հրամանատարը (պետը) պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար և  պարտավոր է  միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական ծառայության ժամանակ պահանջել ենթականերից խստագույն կատարել նշված պահանջները:
  • Գումարտակի  հրամանատարն անձամբ պատասխանատու է ընդունվող որոշումների, ենթակա ստորաբաժանումների ճիշտ կիրառման և նրանց՝ առաջադրված խնդիրների կատաման համար: Նա պարտավոր է սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրված խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների անմիջական նախապատրաստությունը մարտին (ստացած խնդրի կատարմանը), ինչպես նաև անընդհատ ու հաստատակամորեն ղեկավարել նրանց, հետևողականորեն հասնել ընդունած որոշումը սահմանված ժամկետներում կատարելուն:
  • Գումարտակի նահանջը կազմակերպվում ու իրականացվում է ստորաբաժանումները հակառակորդի գերազանցող ուժերի հարվածներից հեռացնելու, հետագա գործողությունների համար ավելի բարենպաստ դիրք զբաղեցնելու, այլ ուղղություններում օգտագործելու համար ուժերի մի մասն ազատելու (դուրս բերելու) նպատակով: Այն անցկացվում է միայն ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, պետք է մանրակրկիտ նախապատրաստվի և իրականացվի կազմակերպված ու գաղտնի՝ գումարտակը (վաշտը) մարտունակ վիճակում  (Ձեր ուշադրություննեմ հրավիրում այդ պահանջին) ժամանակին որոշված շրջան (Սա ևս կարևոր է մեղադրանքի հիմնավորվածությունը քննարկելու տեսանկյունից) հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջանը /հենակետը/ զբաղեցնելով»․․․ ()

… () Գեւորգ Ավետիսյանը հիշատակեց նաեւ մի քանի վկաների ցուցմունքներ, որոնք եւս փաստել են, որ հրամանատարի վրա դրված են եղել վերոնշյալ պարտականությունները։

Օրինակ՝  18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը հայտնել է, որ ըստ մարտական կանոնագրքերի՝ վիրավորման դեպքում մարտի դաշտից դուրս գալու պարագայում հրամանատարը, սահմանված կարգի համաձայն, պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին և այդ մասին հայտնել վերադասին։ Մեկ այլ վկա վկա, զորամասի օպերատիվ բաժանմունքի նախկին պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը հայտնել է, որ ըստ Մարտական  կանոնադրոության՝ նահանջը պետք է իրականացվի կազմակերպված, որպեսզի ենթակա անձնակազմը տեղյակ լինի իր հետագա գործողությունների մասին, իմանա, թե որ ուղղությամբ է դուրս գալու և չընկնի խուճապի մեջ: Նույն գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Իշխան Վահանյանը, Մարտական կանոնադրությունների համաձայն, պարտավոր է եղել մինչ հեռանալը իր փոխարեն, եթե անգամ վիրավորում էր ստացել, նշանակել պաշտոնակատար, խնդիրներ առաջարել եւ այդ մասին զեկուցել վերադասին ու փոխանցել կապի միջոցները․

«Վերը նշված, ինչպես նաև քրեական գործում առկա այլ ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ գործով հաստատվել է 10.10.2020 թվականի դրությամբ գումարտակի հրամանատար հանդիսաող Իշխան Արմենի Վահանյանի վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և մարտական կանոնադրության՝ առաջադրված մեղադրանքում նշված կետերով դրված պարտականությունների առկայությունը: Մասնավորապես այն, որ Իշխան Վահանյանը պարտավոր է եղել անձնուրաց կերպով ծառայելիր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  հմտորեն ղեկավարել գումարտակը, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարևոր ուղղությունում և իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում և խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով, կազմակերպել ստորաբաժանման նահանջը՝ սահմանելով այն շրջանը, որտեղ պարտավոր է նահանջել գումարտակը»,- պնդեց մեղադրողը։

Ըստ մեղադրողի՝ բազում ցուցմունքներով հերքվել է Վահանյանի այն պնդումը, թե ինքը կատարել է իր պարտականությունները

Երրորդ հարցն էլ, ըստ մեղադրողի, որ պաշտոնեական անգործության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, հետեւյալն է․ Իշխան Վահանյանը, որպես գումարտաակի հրամանատար, կատարե՞լ է իր վրա դրված վերը նշված պարտականությունները, թե՞ ոչ կամ այլ խոսքով՝ դրսևորե՞լ է անգործություն թե՞ ոչ. «Եթե նախորդ երկու դեպքերում Իշխան Վահանյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ հայնեց, որ ինքը կատարել է իր վրա օրենսդրությամբ և մարտական կանոնագրքերով դրված պարտականությունները և այն հետևանքները, որոնք առաջացել են իր մեղքով չեն: Մարտադաշտից հեռացել է իր այդ պարտականությունները կատարելուց հետո, երբ ստացած վիրավորման պատճառով այլևս հնարավոր չի եղել մնալ տեղում կամ տեղաշարժվել»,- նկատեց մեղադրողը։

Վերջինիս խոսքով՝ իր այս ցուցմունքով Իշխան Վահանյանը նպատակ է հետապնդել խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ: Նրա հայտնած տեղեկությունները, սակայն, ըստ մեղադրողի, հերքվում են մի շարք վկաների ցուցմունքներով․

«Օրինակ՝ զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանն իր ցուցմունքով հայտնել է, որ 10.10.2020 թվականին Իշխան Վահանյանը զանգահարել է իրեն և խուճապահար վիճակում  զեկուցել, որ հակառակորդը հարձակում է գործել, ինչի արդյունքում զորքը փախչում  է, բացի այդ, ունեն զոհեր և վիրավորներ, ինքը նույնպես վիրավոր է, ինչի համար նահանջում են, իսկ Վահանյանը ցանկանում է հեռանալ։ Տեղեկանալով, որ Վահանյանը ծանր վիրավորում չի ստացել, հայտնել է, որ պետք չէ խուճապի մատնվել և հեռանալ, անհրաժեշտ է զորքին հավաքել և շարունակել ղեկավարել զորքը: Այնուհետև, Իշխան Վահանյանը երկրորդ անգամ զանգահարել է իրեն և հայտնել, որ գրեթե հասել է Հադրութ քաղաք, ինչին պատասխանել է, որ հակառակորդի կողմից գրավված լինելու պատճառով, պետք չէ գնալ Հադրութի վերևի գյուղի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում տեղյակ չի եղել, որ Վահանյանը չի կատարել իր հրամանը և առանձնացել է գումարտակի անձնակազմից: Նշել է նաև, որ ինքը որևէ կերպ տեղեկացված չի եղել Վահանյանի կողմից հրամանատարությունը այլ սպայի հանձնելու մասին, մինդեռ այդ մասին նա պարտավոր է եղել հայտնել: Ինքը դեպքի օրը գումարտակի սպաներից կապի մեջ է գտնվել միայն Իշխան Վահանյանի հետ: Եթե ենթակա անձնակազմը լիներ Վահանյանի ղեկավարության ներքո, ինքը ոչ Վահանյանին և ոչ էլ անձնակազմին դեպի Հադրութի ուղղությամբ չէր ուղղորդի: Վերլուծելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերը՝ կարծիք է հայտնել, որ այնտեղ պատշաճ կերպով չի կազմակերպվել նահանջը, իսկ թեթև վիրավորում ստացած գումարտակի հրամանատարի փախուստը ազդել է ենթակա անձնակազմի մոտ խուճապ առաջացնելու և նմանատիպ զոհեր տալու տեսանկյունից,- հիշեցրեց մեղադրողը։

Վերջինիս պնդմամբ՝ ամբաստանյալի ցուցմունքը հերքվել է նաև նրա տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանի՝ հետեւյալ ցուցմունքներով․ «(․․․) Երբ անձնակազմը իջել է սարի ներքևի հատվածի խաչմերուկ, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, պատճառաբանելով, թե վիրավոր է, միայնակ նստել է տեղում գտնվող ավտոմեքենաներից մեկը և իր հետ վերցնելով կապի միջոցները, հեռացել՝ չսահմանելով անգամ իրենց հետագա գործողությունների շրջանակը կամ նահանջ կատարելու ուղղությունը: Անձնակազմը, տեսնելով կատարվածը, ավելի է մատնվել խուճապի: Իշխան Վահանյանի հեռանալուց հետո կապի բացակայության, կոնկրետ նահանջի ուղղությունը չիմանալու պատճառով 5-ից 6 ժամ ինքը և մյուս սպաները փորձել են դուրս գալ տեղանքից, բացի այդ կապի դուրս գալ գնդի հրամանատարի հետ, սակայն չի հաջողվել, բոլոր ուղղություններից կրակել են իրենց ուղղությամբ: Հակառակորդի կրակոցների ազդեցության տակ ավագ լեյտենանտ Հովիկ Մուրադյանը և կամավոր Արտյոմը շարժվել են Վանք գյուղի ուղղությամբ, իսկ իրենք՝ մոտ 35 զինվորով և 4 սպաներով, փորձել են բարձրանալ նույն զորամասի 3-րդ գումարտակի  ուղղությամբ, ինչը չի ստացվել, քանի որ այդ հատվածից ևս կրակոցներ են հնչել։ Այնուհետև փոխել են ուղղությունը և կարողացել շրջափակումից դուրս գալ՝ գնալով Սարուշեն գյուղի ուղղությամբ»: 

Վահանյանի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու համատեքստում մեղադրողը հիշեցրեց, որ Հայկազ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ, երբ ինքն ու Իշխան Վահանյանը կալանավորական նույն մեքենայում են եղել, Վահանյանը փորձել է համոզել, որ Գրիգորյանը դատարանում հայտնի, թե ինքն իբր կապի միջոցները և հրամանատարությունը փոխանցել է նրան, ու ինքն իրականում լուրջ վիրավորում է ստացած եղել, ինչին, սակայն, Գրիգորյանը չի համաձայնվել։

Ի թիվս այլնի, մեղադրողը հիշատակեց նաեւ սխալ ուղղությամբ գնացած, 70-օրյա շրջափակումից հրաշքով փրկված զինծառայողների ցուցմունքները (նրանց ցուցմունքները՝ 1,2,3,4,5,6)

Միակ ցուցմունքը, որ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը գնահատեց անարժանահավատ, կապի ծառայության պետ Վիգեն Ծատրյանինն էր«Վիգեն Ծատրյանից որևէ այլ վկա սույն քրեական գործի շրջանակներում չհայտնեց կապի միջոցներ ունենալու մասին: Խոսքը լիցքավորում ունեցող կամ սարքին վիճակում գտնվող կապի միջոցների մասին է: Ծատրյանը հանդիսացել է կապի ծառայության պետը, ով անմիջական պատասխանատվություն է կրել կապի միջոցների համալրվածության, բաշխման և սարքինության համար, եւ չի բացառվում, որ իր ծառայությունը դրական ներկայացնելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար է նման բովանդակության ցուցմունք տվել։ Բացի այդ,  քրեական գործում առկա է ձայնագրություն, որտեղ Վիգեն Ծատրյանի ենթակա Հովհաննես Մուրադյանը, ով եղել է գումարտակի կապի թիվ մեկ պատասխանատուն, հեռախոսային խոսակցության ժամանակ ևս հայտնում է, որ ինքը կապ չունի, ինչով պայմանավորված էլ զանգահարել է ոչ թե զորամասի հրամանատարությունից որևէ մեկին, այլ զինծառայողների ծնողներին»,- ասաց Ավետիսյանը։

Նա պնդեց՝ Իշխան Վահանյանը 10.10.2020 թվականին «Խուռհատ» սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, գտնվելով նշված հատվածում չի իրականացրել որևէ գործողություն, որն ուղղված կլինի իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և մարտական կանոնագրքով սահմանված պարտականությունների կատարմանը:

Ըստ մեղադրողի՝ Վահանյանը պարզապես նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը

Չորրորդ հարցը, որ առաջ քաշեց Գեւորգ Ավետիսյանը, հետեւյալն էր, Վահանյանն ունեցե՞լ է  հնարավորություն կատարելու իր վրա դրված պարտականությունները․

«Այս հարցի շուրջ ցուցմունք տալուց Իշխան Վահանյանը նշել է, որ ինքը որոշակիորեն զրկված է եղել նաև իր պարտականությունները կատարելու լիարժեք հնարավորությունից: Որպես այդպիսին, դրանք կապել է երկու հանգամանքների հետ՝ աջ ազդրի շրջանում ստացած մարմնական վնասվածքի, որը զրկել է մարտադաշտում իրեն ազատ գործելու և երկար մնալու հնարավորությունից, եւ ենթակա անձնակազմի կողմից խուճապահար վիճակում Խուռհատ սարից իջնելու և բարոյահոգաբանական վատ վիճակում իրենց կողմից տրված հրամանները չլսելու և չկատարելու հետ: Ինչպես նախորդ դեպքում, այս հանգամանքը ևս հերքվել է քրեական գործում առկա ապացույցներով»։

Մեղադրողը դարձյալ մեջբերեց Վահանյանի տեղակալ Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը այն մասին, որ իր գնահատմամբ Վահանյանն ի վիճակի է եղել կատարել իր վրա դրված պարտականությունները, ավելին, նրա գործողություններն իրեն կասկածելի են թվացել, քանի որ վիրավորին ինքը ասոցացնում է այնպիսի վնասվածքների հետ, որի դեպքում անձը զրկվում է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, այլապես գլխացավը կամ ոտքի ցավն իր համար վիրավորում չէ: Վահանյանը մշտապես ոտքի վրա է կանգնած եղել և տեղաշարժվել ինքնուրույն, ինքը որևէ օգնություն նրան չի ցուցաբերել․ «Հիշեցնեմ, որ Հայկազ Գրիգորյանը նշեց նաև այն մասին, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ ի թիվս այլնի Վահանյանը փորձել է Հայկազ Գրիգորյանին համոզել լուրջ վիրավորում ստանալու մասին»,- ընդգծեց նա։

ՊԲ 18-րդ ՀԴ-ի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը եւս նշել է, որ թեթև վիրավորումը, որը կյանքին վտանգ սպառնացող չէ, հնարավոր է բուժել նաև մարտադաշտում: Ամեն դեպքում ցանկացած հրամանատար պարտավոր է գտնվել իր զորքի կողքին և կատարել վերադասի ցուցումները․ «Միաժամանակ բոլոր վկաներն առանց բացառության հայտնեցին, որ թեև իրենց բարոյահոգեբանական վիճակը լավ չի եղել, սակայն դա իրենց չի զրկել վերադաս հրամանատարության հրամանները լսելու և դրանք կատարելու ունակությունից»։

Ըստ մեղադրողի՝ Իշխան Վահանյանի կողմից մարտադաշտում մնալու և իր պարտականությունները կատարելու հնարավորությունը հիմնավորվել է նաև դատաքննության ընթացքում դատարանի կողմից իրականացված հարցման պատասխանով, որով ուղղակիորեն նշված է, որ նման վիրավորումների դեպքում բուժօգնությունը տրամադրվում է տեղում, առկա սանիտարական միջոցներով. «Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից, վերը նշված ապացույցները համադրելով քրեական գործում առկա մյուս ապացույցների հետ, կարելի է փաստել, որ Իշխան Վահանյանը, թե ստացած վիրավորման, թե՛ զորքի բարոյահոգաբանական վատ վիճակում գտնվելու պայմաններում, հնարավորություն ունեցել է իրականացնել իր վրա դրված պարտականությունները և մնալ մարտադաշտում, ինչը չի կատարել և նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը»,,- նշեց մեղադրողը։

Վերադաս հրամանատարությունը տեղյակ եղել է, որ թշնամին Հադրութում է

Դատախազ Գեւորգ Ավետիսյանն իր ելույթում շեշտեց՝ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ վերադաս հրամանատարությունը՝ զորամասի հրամանատար Արթուր Քյարամյանի գլխավորությամբ, տեղյակ եղել է հակառակորդի՝ Հադրութում գտնվելու մասին: Նա դա հայտնել է Իշխան Վահանյանին, սակայն վերջինս այդ մասին թե՛ «Խուռհատ» սարում գտնվելու, թե՛ շրջափակման մեջ մնացածների հետ հեռախոսով զրուցելու ժամանակ չի տեղեկացրել: 

Ավետիսյանի խոսքով՝ քրեական գործում եղած ապացույցներով հիմնավորվում է նաև, որ Հադրութ չգնալու և սահմանված ուղղության նշված լինելու պարագայում Հովհաննես Մուրադյանի և «Քեռի» մականունով կամավորականի ուղեկցությամբ դեպի Վանք գյուղ իջած զինծառայողները հնարավորություն ունեցել են դուրս գալու, քանի որ Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի և մյուս զինծառայողների ուղեկցությամբ դուրս եկած անձնակազմը առանց լուրջ մարդկային կորուստների կարողացել են դուրս գալ մարտի դաշտից: Ճանապարհին վիրավորում է ստացել ընդամենը մեկ զինծառայող, որը հաջորդ օրը դուրս է բերվել: 

Այս համատեքստում մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Արսեն Ղուկասյանի կողմից դեռևս նախաքննության ընթացքում ներկայացված լազերային սկավառակի զննության արձանագրությունը, ցույց է տալիս՝ եղե՞լ է արդյոք անկառավարելի վիճակ, թե՞ ոչ, սպայակազմը և ժամկետային զինծառայողներն ունեցե՞լ են վերադաս հարամանատարության կողմից ուղղորդման կամ սահմանված կարգով նահանջ կատարեկլու կարիք, թե՞ ոչ, կամ ունեցե՞լ են արդյոք սահմանված բնագիծ կամ ուղղություն, որով պետք է նահանջեին:

Նշենք, որ Արսեն Ղուկասյանը անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է։ Շրջափակման մեջ գտնվող Սարգիսը զանգահարել է հորեղբորը եւ օգնություն խնդրել։ Վերջինս էլ այդ խոսակցությունը ձայնագրել եւ հետագայում փոխանցել է քննչական մարմնին։

Սարգիս Ղուկասյան- Ուզում ես՝ տամ ավելի լավ իմացող մարդու, թող ինքը տեղանքը նկարագրի, հետո զապիս արեք, ուղարկեք։

Արսեն Ղուկասյան- Շուտ արեք, շուտ արեք։

Սարգիս Ղուկասյան- Արեք, ով գիտի տեղանքը: Մուրադյա՛ն, տվեք Մուրադյանին հեռախոսը։

Հովհաննես Մուրադյան- Ախպերս, լսո՞ւմ ես։

Արսեն Ղուկասյան- Հա, ասա, սաղ ասա միանգամից, շուտ․․․

Հովհաննես Մուրադյան- Նայի, Հադրութի պոստից, որ նայում ես դեպի հակառակորդը, հենց ուղիղ աջ կողմը մենք անտառի մեջ ենք, ես ԿԳԲ-ի զորքին ասացի, որ մենք էդ սարի գլխին անտառի երեք տեղ պոստ ունենք դրած, հիմի էդ պոստի վրից կրակում են մեզ: Պտի իմանանք՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակե,  հելնենք գոնե էնտեղ:

Արսեն Ղուկասյան-Դե, էդքանը պետքա փոխանցենք։

Հովհաննես Մուրադյան- Հա, ախպեր, թեկուզ համար-մամար խոսացեք ԿԳԲ-շնիկներ են, հաստատ իրանք գիտեն:

Արսեն Ղուկասյան- Լավ, հենց հիմա կանենք:

Հովհաննես Մուրադյան- Մեկին ասա՝ հետս կապնվի, մեկ էլ ջոգենք՝ զորքը ոնց կարանք տանենք ավելի ապահով տեղ: Հա, թող մի հատ զանգեն, սաղ ասեն։

Արսեն Ղուկասյան-Լավ:

Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ հիշյալ խոսակցությունից հետո այլևս Սարգիս Ղուկասյանի հետ չի կարողացել կապ հաստատել և մինչ օրս եղբոր որդու՝ Սարգիս Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ:

Մյուս ապացույցը  սպա-հոգեբան Արայիկ Հայրյանի ցուցմունքն է, որը դատարանում հայտնեց, որ երբ զինծառայողները «Խուռհատ» սարից եկել են զորամասի ժամանակավոր տեղակայման վայր, ինքն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ։ Վերջիններս հայտնել են, որ իրենց ղեկավար սպա չի եղել, ինչի պատճառով, չիմանալով, թե ուր գնան, բաժանվել են խմբերի ու գնացել տարբեր ուղղություններով: Նշել են, որ այդ մարտերի ժամանակ Վահանյանը թեթև վիրավորման պատրվակով թողել է մարտադաշտն, ինչը հոգեբանական առումով ևս բացասական ազդեցություն է ունեցել իրենց վրա:

Մեղադրողի գնահատմամբ՝ Վահանյանը պատերազմի ընթացքում պարբերաբար դրսեւորել է խուսափողական վարքագիծ

Իր ելույթի վերջին հատվածում դատախազ Ավետիսյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանին մեղսագրված է հանցանք, որը դրսեւորվել է մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությամբ։

Այս հանգամանքը ապացուցելու համար Ավետիսյանը նշեց մի քանի դրվագներ՝ պնդելով, որ Իշխան Վահանյանն օգտագործել է ցանկացած առիթ մարտական գործողությունների շրջանից դուրս գալու համար եւ իր այդ մտադրությունն իրականացնելու համար անգամ օգտագործել է վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համար հրամանատարական կետից դուրս գալու հնարավորությունը։ Այդ ժամանակ ձևականորեն կատարել է իր այդ պարտականությունը, և հասնելով զորամասի մշտական տեղակայման վայր, որի թույլտվությունը նա վերադաս հրամանատարի կողմից չի ունեցել, երկու օր բացակայել է մարտական գործողությունների վայրից: 

Իր այս պնդումը հիմնավորելու համար մեղադրողը հիշատակեց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը․ Գարիկ Վարդերեսյանը նշել է նաև, որ 02.10.2020 թվականին, երբ գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը Նյուզգյար գյուղում ենթարկվել է հրետակոծության, Իշխան Վահանյանին հանձնարարել է շտապօգնության մեքենայով ուղևորվել գյուղ և տարածքում գտնվող վիրավորներին տարհանել, սակայն հետագայում տեղեկացել է, որ գյուղի մոտակայքից նա վերցրել է մի քանի վիրավորների և գյուղ չմտնելով, թողնելով վիրավորների մի մասին, հեռացել: Դրանից հետո՝ մինչև հոկտեմբերի 4-ն  ընկած ժամանակահատվածում, Իշխան Վահանյանը իր հետ կապ չի հաստատել և ինքը տեղեկություն չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին, չնայած նրան հանձնարարած է եղել տեղում կազմակերպել վիրավորներին Նուզգյար բնակավայրից տեղափոխման գործընթացը եւ վերադառնալ հրամանատարական կետ: 

Վահանյանի խուսափողական վարքագիծը հիմնավորելու համար մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Վարազդատ Հովհաննիսյանի ցուցմունքը։ Ըստ դրա՝ Վահանյանը «Խուռհատ» սարում տեղի ունեցած մարտերի ժամանակ իրեն և գումարտակի այլ ծառայողներին հրամայել է  բարձրանալ սարի վրա, իսկ նա մնացել է թիկունքում՝ մոտ 50 մետր իրենցից ներքև։ Երբ առաջին խումբը բարձրացել է վերև հակառակորդը կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի պատճառով սկսել են վիրավորներին տարհանել: Այդ ընթացքում շրջվել են և մոտ 10 մետր հեռավորության վրա նկատել Իշխան Վահանյանին, ով միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենան և հեռացել՝ իրենց թողնելով մարտական գործողությունների վայրում: Անգամ իր հետ չի տարել ավտոմքենայի մոտ վազող երեք զինծառայողներին:

Մեղադրողը կարեւոր նաեւ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դատաբժիշկ փորձագետ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը, ըստ որի՝ Իշխան Վահանյանի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների առկայության պայմաններում վերջինս հնարավորություն ունեցել է ինքնուրույն գործողություններ կատարելու և տեղաշարժվելու․ «Իշխան Վահանյանը «Խուռհատ» սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ 1.5*1.0 սմ չափսերով վիրավարումով լքել է մարտադաշտը, իսկ դրանից առաջ՝ 29.09.2020 թվականին ստացած 2.7*1.0 սմ չափսերով վիրավորումով (ԱՎԵԼԻ ՄԵԾ), շարունակել է իր պարտականությունների կատարումը մինչև 02.10.2020 թվականը ներառյալ»,- ընդգծեց մեղադրողը։

Ամփոփելով իր ելույթը՝ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածներով: Ուստի միջնորդում եմ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին, նշանակել պատիժ ազատազրկում 11 տարի ժամկետով, իսկ նախկին քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 9 տարի ժամկետով: Նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների համաձայն՝ պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը »,- նշեց մեղադրողը՝ միջնորդելով, որ Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել