44–օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ Հայկազ Գրիգորյանը երեկ բերվել էր Երեւանի քրեական դատարան՝ Խուռհատ սարի գործով կրկնակի հարցաքննության։
Գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Իշխան Վահանյանին, որը մեղադրվում է իշխանության անգործություն ցուցաբերելու եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։
Հայկազ Գրիգորյանը մեկն է այն սպաներից, որի հետ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկ անձնակազմը չկանոնակարգված նահանջ է իրականացրել։
Ավելի քան երկու տարի առաջ այս դեպքերի մասին դատարանում որպես վկա հարցաքննվելուց հետո հետո Գրիգորյանը եւս մեղադրյալի կարգավիճակ է ստացել․ նրա ցուցմունքի հիման վրա հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր եւս մեկ քրեական վարույթ։
Այսօր թե՛ Վահանյանը, թե՛ Գրիգորյանը կալանքի տակ են։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առանցքային մի շարք դրվագների վերաբերյալ նրանք շարունակ հակասում եւ հերքում են իրար։
Իշխան Վահանյանը զորքի ղեկավարումը եւ ռադիոկապը հանձնե՞լ է Հայկազ Գրիգորյանին թե՞ ոչ
Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Հայկազ Գրիգորյանին տեղեկացրեց՝ որպես վկա նա պարտավոր է ցուցմունք տալ, սակայն եթե կլինեն հարցեր՝ առչվող իր վերաբերյալ քրեական գործին, իրավունք ունի հրաժարվել դրանց պատասխանելուց։
Հիշեցնելով մեղադրյալ Իշխան Վահանյանի խոսքերը, թե նախքան հոսպիտալ մեկնելը զորքի ղեկավարումը եւ վերադաս հրամանատարության հետ կապի միջոցը հանձնել է Հայկազ Գրիգորյանին՝ դատավորը դիմեց վերջինիս․
– Եղե՞լ է նման բան։
– Մինչեւ գնալը ինձ ոչ մի հանձնարարություն, ոչ մի բան չի եղել, ինձ ռադիոկապ չի հասել, ինձ մոտ եղել է «Այքոն» տեսակի ռադիոկապ, որը գործում է գումարտակի ցանցի ներսում միայն։
- Բա որ տեսաք՝ գնում է, չասացի՞ք՝ ռացիադ տուր։
- Նենց վիճակ էր, այնքան շատ վիրավորներ կային, դրա մասին չէինք մտածում,- ասաց վկան՝ հավելելով, որ հետագայում հոսպիտալից ուղարկել են Վահանյանի ռադիոկապը, ինքն էլ այն փոխանցել է սպառազինության գծով տեղակալին։ Վահանյանը, սակայն, հերքեց սա։
Դատավորի հարցին, թե ինչ նշում կար Վահանյանի ռադիոկապի վրա, վկան դժվարացավ պատասխանել․
- Եթե դա Վահանյանի «Հայդարան» է, դրա վրա գրվածք է եղել, անհնար է՝ հանձնած լինեք ու տեսած չլինեք։
- Կարողա շպ (շտաբի պետ,-հեղ․) գրած լիներ, չեմ հիշում։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Հայկազ Գրիգորյանը
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հիշեցրեց՝ Վահանյանը դատարանում հայտնել է, որ վիրավորումից հետո 30 րոպե մնացել է տեղանքում, իր V82 ռադիոկապով զորամասի հրամանատար Արթուր Քարամյանին զեկուցել իր վիրավորման մասին եւ լիազորությունները փոխանցել Հայկազ Գրիգորյանին․
– Ըստ Վահանյանի՝ այդ ժամանակ Դուք գտնվել եք նրա կողքին,– դիմելով Գրիգորյանին՝ նշեց դատախազը։
– Ես տենց բան ընդհանրապես չեմ հիշում, տենց բան չի եղել,– պնդեց վկան։
– Բայց Արթուր Քարամյանը կապի դուրս եկե՞լ է (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։
– Ոչ, բջջայինով զանգել ենք, չի պատասխանել,– ասաց վկան՝ հավելելով, որ չէր էլ կարող, որովհետեւ իրենց մոտ եղած ռադիոկապերի հաճախականությունները տարբեր էին։
– Վահանյանը նշել է, որ V82-ով կապվել է Քարամյանի հետ։ Նա կարողացել է, Դուք ինչո՞ւ չեք կարողացել։
– Չեմ կարող պատասխանել այդ հարցին, հաճախականության տիրույթները տարբեր են, V82-ը ավելի քիչ հեռավորության վրա է բռնում։
Գեւորգ Ավետիսյանը ընդգծեց՝ թե՛ Հայկազ Գրիգորյանը, թե՛ անձնակազմի հետ մնացած մյուս 3 սպաները միաձայն պնդում են, որ իրենց մոտ եղած ռադիոկապով խոսել կարող էին միայն գումարտակի ներսում, սակայն զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանը եւս դատարանում հայտարարել է, որ գումարտակի շտաբի պետի, այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի մոտ եւս «Հայդարա» տեսակի ռադիոկապ է եղել, որով նա հանգիստ կարող էր կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ։ Գրիգորյանի պատասխանը, սակայն, չփոխվեց․ «Ես չեմ ունեցել, երբ վաշտի հրամանատարից ստանձնել եմ շտաբի պետի պաշտոնը, ինձ չի տրվել»,– պնդեց նա։
Հայկազ Գրիգորյանը օգնե՞լ է Վահանյանին նստել մեքենան թե՞ ոչ
Վկա Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ վերջին անգամ Վահանյանին տեսել է Խուռհատ սարի ներքեւում, երբ վիրավորներին մեքենա էին նստեցնում։ Լսել է, որ Վահանյանն էլ է ասել, թե վիրավոր է, սակայն եղել է ոտքի վրա, եւ իր տպավորությամբ՝ վիրավորման մասին հուշող ոչինչ չի եղել․ «Ես վիրավորը սենց եմ հասկանում․ մի տեղից արնահոսում է, թեւն է կտրված, ոտքն է կոտրված, հրազենային վիրավորում կա, իսկ եթե, ասենք, գլուխս է ցավում, էդ վիրավորում չէ»,– ասաց նա։
– Վահանյանը նաեւ ասել է, որ երբ վիրավորում է ստացել, Դուք օգնել եք նրան իջնել դեպի ավտոմեքենա։
– Ես տենց բան չեմ հիշում, չի եղել։
Այս դրվագի առնչությամբ Վահանյանը հիշեցրեց՝ անգամ ժամկետային զինծառայողներից մեկն է նախաքննության ժամանակ ցուցմունք տվել, որ ինքը ներկա է եղել, երբ Հայկազը, իր թեւը բռնած, իջեցրել է իրեն։ Դրանից հետո Վահանյանի համար անհասականալիորեն քննիչը ինքնաբացարկ է հայտնել։ Վահանյանն էլ ենթադրել է՝ դրսիցի ինչ-որ ճնշում է եղել․ «Նստեցրել է ինքը (նկատի ունի՝ Հայկազը,-հեղ․), ճանապարհել է ինքը, սրանից էն կողմ ճշտություն չկա»,- նշեց Վահանյանը։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը
Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ Վահանյանից հետո զորքի ղեկավարումը ստանձնել են ինքն ու մեկ այլ վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը։
– Բայց դուք գիտեք, որ երկու հոգի չի կարող,- ընդգծեց դատավորը։
– Հարգարժան դատարան, բոլոր որոշումները կայացրել ենք միասին։
– Դատարանում տարբեր ցուցմունքներ են հնչել նահանջի հետ կապված․․․ Վերջիվերջո ի՞նչն է եղել պատճառը, որ զորքը բաժանվել է,– հարցրեց դատավորը։
– Իմ մտածելակերպով՝ խուճապը, մեկ էլ հակառկորդի կրակոցները, վիրավորները, խառը:
Հիշեցնենք՝ նախորդ անգամ դատարանում ցուցմունք տալիս վկան ասել էր՝ իրավիճակն այնպիսին էր, որ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։
– Իսկ ո՞նց ստացվեց, որ Հովհաննես Մուրադյանի (զոհվել է,-հեղ․) հետ մնացած անձնակազմն ու դուք առանձնացանք։
Հիշեցնենք՝ նահանջի ժամանակ զորքը մասնատվել է․ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ գնացած անձնակազմը նահանջել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ եւ ընկել շրջափակման մեջ։
– Իրենք մեզնից շուտ են դուրս եկել,– պատասխանեց վկան՝ պնդելով նաեւ իր նախկինում հայտնած տեղեկությունը, թե նահանջի ժամանակ՝ մեկ այլ սարի գլխին, իրենք հրետակոծության տակ են ընկել։ Այդ հանգամանքը այլ վկաներ դատարանում հերքել են։
Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ Վահանյանից հետո զորքի հետ մնացել է 3 սպա, 1 ենթասպա։ Զորքի քանակը եղել է 70-ին մոտ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս էին բաշխված 4 սպաներով․ «Ես ու Վազգենը եղել ենք դեմից՝ անձնակազմը իրարից հեռու–հեռու, մեջտեղում եղել է Ղարիբյան Արսենը (նրա ցուցմունքը՝ այստեղ), վերջում էլ՝ ավագը՝ Ջավադյան Ղարիբը»,– պատմեց վկան։
Վահանյանն էլ հավելեց՝ սարը բարձրանալիս եղել են 90 հոգով․ 2 «Ուրալներ»-ի մեջ՝ 25-ական զինվոր, 2 «Կամազներ»-ի մեջ՝ 20-ական․ «Էսօրվա պես հիշում եմ»,- ասաց նա։
Ըստ Իշխան Վահանյանի՝ վկան ճնշման տակ սուտ ցուցմունք է տալիս
Երբ հերթը հասավ մեղադրյալ Վահանյանին, վերջինս նախքան հարցեր տալը դատարանին խնդրեց անցնել դռնփակ ռեժիմի․
– Ինչի՞ համար,– հարցրեց դատավորը։
– Ավելի մանրամասների։
– Չէ, դռնփակ դատական նիստ անցկացնելու հիմքերը օրենքով են սահմանված, ուղղակի Ձեր ցանկությամբ չենք կարող,– ասաց դատավորը՝ պարզաբանելով այդ հիմքերը։
– Վկայի հետ կապված հարցեր կան․․․ Ես շատ բան կարամ պարզաբանեմ, –ասաց Վահանյանը։
Դատարանը, սակայն, որոշեց հարցաքննությունը շարունակել դռնբաց ռեժիմով։ Իշխան Վահանյանը պատմեց՝ Արսեն Ղարիբյանին, որպես առանձին դասակների հրամանատար, հասնում էր «Հայդարա» տեսակի կապի միջոց, եւ դա, ըստ Վահանյանի, եղել է Հայկազ Գրիգորյանի մոտ, ուստի նա կարող էր վերադաս հրամանատարության հետ կապի դուրս գալ։
– Չէ, տենց չի եղել, եթե Ղարիբյանի ռացիան է, ինձ մոտ ի՞նչ գործ ունի,– հերքեց Գրիգորյանը։
Ըստ Վահանյանի՝ Գրիգորյանն իր ռադիոկապը տվել է ենթասպա Ղարիբին (զոհվել է,-հեղ․), ինքն էլ իր V82 ռադիոկապն է տվել Գրիգորյանին․ «Ինքը ինչի՞ սա դատարանում չի ասում, [որովհետեւ], անցած անգամ էլ ասեցի, ճնշում է եղել, ու որ դեմից տենց է ասել, հիմա տենց ասելով գնում է, ու ես էդ էլ կարող եմ մանրամասն բացատրել»,– ասաց Վահանյանը։
– Սա Ձեր վերջին հնարավորությունն է դա անելու,– նշեց դատավորը։
Վահանյանը պատմեց, որ նախորդ նիստից առաջ ինքն ու Գրիգորյանը մի պահ իրար տեսել են (պահվում են նույն ՔԿՀ–ի տարբեր հարկերում, դատարան են բերվում նույն մեքենայով,–հեղ․), Գրիգորյանն ասել է՝ հիշում է, որ Վահանյանը ռադիոկապը տվել է իրեն, որոշել է գալ, այս անգամ ճիշտը պատմել, մինչդեռ այսօր՝ դատարան գալու ճանապարհին, ըստ Վահանյանի, նա ասել է, թե խորհրդակցել է իր փաստաբանի հետ, եւ փաստաբանն ասել է՝ դա սուտ մատնություն կդիտարկվի, ինչ նախկինում ես ասել, դա էլ կասես․ «Ճշտությունը ես հատիկ–հատիկ ասել եմ ու դրա բացատրությունը տալիս եմ, սրանք իր ասած բառերն են»,– ասաց մեղադրյալը։
Վկա Գրիգորյանը սակայն, պնդեց՝ նախկինում ինչ ասել է, ճիշտ է ասել։ Նա չհերքեց միայն փաստաբանի հետ խորհրդակցելու հանգամանքը։
Դատարանը հարկ համարեց պարզաբանել, որ ըստ օրենքի՝ եթե վկան այս փուլում ասի, որ նախկինում ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված մի բան է ասել, բայց իրականում այլ կերպ է, կազատվի պատասխանատվությունից, բայց եթե հետագայում պարզվի, որ նախաքննության կամ դատաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները սուտ էին, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել․
– Ճշմարտությունը ասելու րոպեն է։ Այն, ինչ եղել է Ղարաբաղում, այն, ինչ լսել ենք դահլիճում, անցավ։ Թացը չորի հետ խառնվել էր, մեղավոր–անմեղ, ինչ ասես, եղել է, հիմա իրավական գործընթացն է, չենք ասում՝ Վահանյանին օգնիր կամ օգնիր դատապարտվի, բայց ամեն հանգամանք կապ ունի,– նշեց դատավոր Հայրապետյանը։
Գրիգորյանը հետ չկանգնեց իր ոչ մի խոսքից։ Հայտնեց միայն՝ այսօրվա նիստի ճանապարհին Վահանյանն անընդմեջ խոսում էր, ասում՝ ես վիրավորվել եմ, ես քեզ կապի միջոց տվել եմ, դու ես ինձ օգնել, ինքն էլ խոսակցությունը ցրելու համար ընդամենը «հա–հա» է ասել։
Վահանյանն էլ իր հերթին պնդեց իր ցուցմունքը՝ շարունակելով մանրամասնել, թե ինչու է վստահ, որ վկան ճնշման տակ է։
Ըստ նրա՝ Հայկազը պատմել է, որ 2022 թ․ հարցաքննության ժամանակ դատարանի բակում իր հորն ու հորեղբորը ծեծել են, հոր գլխին 7 տեղից կար է դրվել․ «Ասել է՝ ուզեի–չուզեի, պիտի գայի, տենց ասեի, ասեցի՝ քո մի վատ բան ասելով՝ վնասում ես ուրիշին, դու կգաս, ճիշտը կպատմես, ինձ ավել ոչ մի բան պետք չէ, ասեցի՝ դատարանում սա կբարձրաձայնեմ, մնացածը դու կշարունակես, ասեց՝ պրոբլեմ չկա, ու հիմա սենց․․․ Մի բան էլ ասեմ․ երբ ասում էի՝ դատարանն է քեզ ու Քարամյանին դատակոչել, բա չէ, նա չի գալու, ասում եմ՝ ի՞նչ գիտես, բա չէ, հաստատ չի գալու, ու ինձ մոտ ներքին համոզմունք է ձեւավորվում, որ կա պայմանավորվածություն, որ եթե կա քրեական գործ, կա տուժող, կա մեղադրյալ Իշխան, վերջ, մենք մաքուր ենք․․․ Ուզում էին իրենց վրայից գցել, ողղակի չէին հավատում, որ կարողա իրենք էլ դատարանի առաջ կանգնեին»,– ասաց Վահանյանը։
Վահանյանի այս ցուցմունքի ընթացքում Հայկազ Գրիգորյանը քմծիծաղ էր տալիս։ Դատավորի հարցին՝ իր հորն ու հորեղբորը ծեծե՞լ են, նա դրական պատասխանեց, սակայն նշեց՝ չի հիշում եւ չի կարող ասել, թե ովքեր եւ ինչի համար։
- Երբ նախորդ անգամ ցուցմունք էիք տալիս, տուժողների իրավահաջորդները հայտարարություններ էին անում՝ նայիր, հանկարծ սխալ բան չասես, թե չէ գլուխդ կջարդենք․․․ Նախապես պայմանավորվե՞լ էիք, թե ինչ ցուցմունք տալ,- հետաքրքրվեց դատավորը։
- Ես ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի բան էլ չեմ արել, ինչ կա, ներկայացրել եմ անցած ցուցմունքում էլ, էս ցուցմունքում էլ,- պատասխանեց վկան։
Հանրային մեղադրողը դիմեց Վահանյանին՝ եթե սպաները կարող են ինչ–ինչ շահագրգռվածություն ունենալ իր դեմ խոսելու համար, ապա ժամկետային զինծառայողների շահագրգռվածությունը ո՞րն է։ Վահանյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց, ենթադրեց, որ զինվորներն էլ իրար մեջ են շփվել, գուցե իրար հետ պայմանավորվել։ Գեւորգ Ավետիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հարցաքննված զինծառայողներից մեկին՝ Մոնթե Պողոսյանին, դատակոչել են հենց Վահանյանի հորդորով, դրանից առաջ նրա անունը ոչ տուժողները, ոչ մեղադրող կողմը չի տվել, հետեւաբար նրա վրա այդ ենթադրյալ ճնշումը չի եղել։ Բայց անգամ Մոնթեն է եկել եւ Վահանյանի դեմ ցուցմունք տվել՝ նշելով, որ դեպի հոսպիտալ ճանապարհի մասին մանրամասները, որ Վահանյանը պատմում է, ինքն է նրան պատմել, Վահանյանն իրականում իրենց հետ չի եղել։ Վահանյանը սրան պարզաբանում չուներ։
– [Հայկազ Գրիգորյանը] ասում էր՝ V82-ով փորձել եմ կապվել Քարամյանի հետ, լավ չէր լսվում, բջջայինով եմ խոսել, հետո 2 անգամ փորձել եմ, անհասանելի է եղել, կապնվել եմ Մելքումյան Արարատի հետ (Մարտունու քաղաքապետն էր,-հեղ․),– հավելեց Վահանյանը։
– էդ ամեն ինչը իր հրահանգավորումն է, ես էլ բան չունեմ խոսելու,– նշեց վկան։
– Այսինքն՝ պնդում եք, որ Վահանյանն ինչ ասեց, ձեզ հրահանգավորե՞լ է,- հարցրեց դատավորը։
– Այո։
– Ե՞րբ։
– Անցած նիստին գալու ճանապարհին։
– Եվ Դուք պնդում եք, որ իր ասածով չի եղել։
– Այո։
Դատավորի հարցին, թե զինծառայողների զոհվելու համար ով է մեղավոր, վկան չկարողացավ պատասխանել։
– Վահանյանը մեղավորության չափաբաժին ունի՞։
–Դժվար հարց է, չեմ կարող ասել,-նշեց նա։
Հարցաքննության վերջում Վահանյանը վերահաստատեց իր խոսքերը․
– Հստակ ասում եմ՝ ճնշումներ են եղել, ում կողմից՝ չգիտեմ։ Հիմա ես ավելի քան համոզված եմ, որ իմ ցանկացած գործողություն եղել է իրավաչափ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)