Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը |armenpress.am|
15:21 - 02 մայիսի, 2025

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը |armenpress.am|

armenpress.am: Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված բոլոր 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

Ավելի վաղ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի և ևս 3 անձի նկատմամբ։  

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ խուլիգանության հատկանիշներով, որը, ըստ մեղադրանքի, կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նույն միջադեպի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև չորս այլ անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու հատկանիշներով։ Նրանց թվում է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում Արթուր Չախոյանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել