Վրացական ոսկին և Լիդիանի առկախված ծրագիրը |aliq.ge|
12:55 - 17 սեպտեմբերի, 2019

Վրացական ոսկին և Լիդիանի առկախված ծրագիրը |aliq.ge|

aliq.ge։ Վերջին ամիսներին Հայաստանի ամենաքննարկվող թեման, որը սպառնում է անգամ դառնալ հեղափոխությունից հետո ձեռքբերված կառավարության փորձաքարը, Ամուլսարի հանքի շահագործումն է։ Հայաստանի ամենագեղատեսիլ առողջարանային վայրերից մեկի հարակից տարածքում արդեն տասը տարի հանքարդյունահանություն իրականացնելու փորձ է անում «Լիդիան Արմենիա» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին:

Գաղտնի պահվող փաստաթղթերը Հայաստանո՞ւմ են

2011 թվականի սեպտեմբերի 9-ին, Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բնական պաշարների գործակալությունը օգտակար հանածոներ ուսումնասիրելու և ձեռք բերելու համար՝ աճուրդի միջոցով Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում 720,25 հա տարածք 360 հազար դոլարով արտոնագիր է վաճառել «Georgian Resource Company» ՍՊԸ-ին:

Նշված ընկերությունը Վրաստանում հիմնադրվել է 2010 թվականին միևնույն «Lydian International» ընկերության կողմից՝ տնօրեն նշանակելով Թիմոթի Ջեյմս Քոֆլինին՝ մասնագիտությամբ երկրաբան, մագիստրոս, հանքարդյունաբերության գիտությունների դոկտորի թեկնածու:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը օգտակար հանածոների որոնմամբ է զբաղվում և Հայաստանում իրականացնում է ոսկու հայտնաբերման ծրագիր: Ընկերությունը հիմնականում գործում է Արևելյան Եվրոպայում: Նրա ամենամեծ բաժնետերերն են Համաշխարհային բանկը և Գերմանիայի վերակառուցման բանկը:
Վրացական companyinfo.ge կայքի տվյալներով՝ Ներսես Կարամանուկյանը 2011 թվականի դեկտեմբերի 2-ից նշանակվել է Georgian Resource Company-ի տնօրեն:

Զուգահեռաբար, Ներսես Կարամանուկյանը «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել 2013թ. հոկտեմբերի 7-ից: Կարամանուկյանի կենսագրությունից պարզում ենք, որ մինչ այդ՝ 2011-2012թթ. եղել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրենը կովկասյան տարածաշրջանում:

Վրաստանի հանքային «ամենահամեղ պատառը»

Կարելի է պնդել, որ Վրաստանում «Lydian International»-ն ընտրել է հանքերի տեսանկյունից «ամենահամեղ պատառը»: Զոտի գյուղի բնակիչները՝ լեգենդներ են պատմում, որ տարիներ առաջ երբ գյուղի տարածքում հետազոտություններ են արել և ստուգել ոսկու պարունակությունը մտածել են, թե սարքը փչացել է և սխալ է աշխատում, սակայն նոր սարք բերելուց հետո ևս, երբ տվյալները պարզվել են, հաստատվել է, որ այս փոքր տարածքում ոսկու պաշարը հսկայական է:

Սրա հետ մեկտեղ, ինչպես ասում են գյուղի տարեցները, դեռևս խորհրդային շրջանում այս տարածքում բազմիցս հետազոտություններ են իրականացվել, ինչից հետո հետազոտության արդյունքները գաղտնի են պահվել:

Ասում են՝ դա նրա համար է արվել, որ չհայտարարվի այս տարածքի հանքարդյունաբերության մեջ օգտագործելու վտանգի մասին: «Եթե հանքը բացվի, այստեղ կենդանի շունչ չի մնա», պնդում են տեղացիները: Հատկանշական է, որ Հայաստանի Վայոց ձորի մարզի բնակիչները նույնպես մեզ հետ զրույցում վստահեցնում էին, թե իրենց մոտ էլ են խորհրդային հասարակարգերի ժամանակ արված հետազոտությունները գաղտնի պահվել, որպեսզի տարածքը չվերածվի հանքարդյունաբերական գոտու։

«Սա երկու բառով բացատրելու թեմա չէ: Սա ռումբ է թաղված գետնի մեջ: Այստեղ, չնայած ոսկու արդյունահանման մեծ հավանականություն կա, կա նաև մեծ վտանգ, որը կներառի ոչ միայն գյուղը, այլև ամբողջ Չոխութաուրիի տարածաշրջանը: Կարծում եք ինչո՞ւ կոմունիստները չսկսեցին աշխատեցնել այս հանքը: Ժամանակին կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե հանքը բացեն, ամբողջ շրջանը ենթակա է բնապահպանական աղետի», — պատմում է Զոտի գյուղի տարեց բնակիչ Ախմեդ Արթմելաձեն:

Պաշտոնյաները կարծում են, որ գոտում աշխատանքները երբեք էլ չեն սկսվի: Այս մոտեցման համար հիմք են տալիս դեռևս Շևարդնաձեի օրոք հայտարարված երկու մրցույթները, որոնք շահել են արտասահմանյան ընկերություններ, սակայն ավելի ուշ մնացել են միայն հայտարարությունների մակարդակում: Ինչպես մեզ ասում են՝ նման աճուրդները փող «պոկելու» լավագույն միջոցն էին:

Կապը Հայաստանի հետ

Ի դեպ համացանցում Շևարդնաձեի շրջանի աճուրդների մասին տեղեկատվություն գտնել չհաջողվեց, այդ իսկ պատճառով, դժվար թե «Georgian Resource Company»-ին որևէ տեղեկություն ունենա նախկին աճուրդների մասին:

Արխիվներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այս գործով վերջին պաշտոնական հանդիպումը 2016 թվականին է եղել, երբ հանդիպեցին Գուրիայի (Զոտի գյուղը Գուրիա ռեգիոնի` Չոխուտաուրիի շրջանում է) այն ժամանակվա մարզպետ Գիա Սալուքվաձեն և «Georgian Resource Company»-ի ներկայացուցիր Գիվի Պետրիաշվիլի:

Հանդիպմանը քննարկվել էին մի շարք հարցեր, որոնք վերաբերվում էին ընկերության կողմից Զոտի գյուղում անցկացվելիք նախագծերին: «Georgian Resource Company»-ին Զոտի գյուղի մանկապարտեզին էր նվիրաբերել տարբեր տեսակի պիտույքներ և կահույք: Ընկերությունը խոստանում էր նաև գյուղ տանող ճանապարհը բետոնապատել:

Սրանից մեկ տարի առաջ` 2015-ին, կայացել էր նաև Գուրիայի մարզպետի և մարզպետարանի ներկայացուցիչների հանդիպումը «Georgian Resource Company»-ի գործադիր տնօրեն Գիվի Պետրիաշվիլիի ու «Lydian International»-ի ղեկավար Հայկ Ալոյանի հետ: Այդ ժամանակ էլ՝ քննարկումների արդյունքում, կողմերը պայմանավորվել էին «մոտ ապագայում փոխըմբռնման հուշագիր ստորագրել»:

Ինչ են գրում վրացական լրատվամիջոցները

Վրացական լրատվամիջոցներում տարածված է նաև այսպիսի վարկած. «այս անգամ ավելի բարդ սխեմա է մշակվում: «Georgian Resource Company»-ին պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Lydian Resources Georgia» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է «Lydian International Limited» ընկերությանը, որը գրանցված է բրիտանական օֆշորում` Վիրջինյան կղզիներում: Հատկանշական է, որ ո՛չ «Georgian Resource Company»-ին, ո՛չ էլ դրա սեփականատեր «Lydian Resources Georgia»-ին որևէ հետաքրքրություն չեն ունեցել Զոտիի պաշարների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «Lydian International Limited»-ին` այն ոսկու արդյունահանումով դեռևս միայն Հայաստանում է գործունեություն ծավալում: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում այդպիսի խոշոր բիզնես հետաքրքրությունները հիմնականում Ռուսաստանից են, կասկած չկա, որ հենց ռուսական կապիտալն է ուզում իր ճանկերը գցել Զոտիի հանքը»:


Շարունակելի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել