Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|
14:13 - 30 հունիսի, 2025

Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Իրանը հավանություն չի տալիս Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը․ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են լինել տարածքները փոխելու ցանկություն, բացարձակապես տեղին չէ։  

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա ձևակերպումները։ 

Նա ընդգծել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը:  

«Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը (խմբ․ նկատի է առնվում «արևմտյան Ադրբեջանի համայնք» արտահայտությունը), և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ»,-ընդգծել է Էսմայիլ Բաղային: 

Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս, անդրադառնալով թեմայի շուրջ «Արմենպրես»-ի համապատասխան հարցին, նշել էր, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Նա նշել էր, որ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից։

Այդ փաստաթղթի վերաբերյալ հունիսի 23-ին հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ իր հիասթափությունը հայտնելով դրանում տեղ գտած մտացածին ձևակերպումների առնչությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել