Հայաստանի տնտեսական քաղաքականության խնդիրները՝ տեխնոլոգիական ոլորտի աջակցության օրինակով
17:59 - 04 հունիսի, 2025

Հայաստանի տնտեսական քաղաքականության խնդիրները՝ տեխնոլոգիական ոլորտի աջակցության օրինակով

Անկախությունից ի վեր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի կենտրոնական թեմաներից է տնտեսական զարգացման խնդիրը: Այնուամենայնիվ մինչ օրս Հայաստանի կառավարությանը չի հաջողվել գտնել տնտեսական զարգացման բանալին: Նշվածի պատճառն է տնտեսական զարգացման հիմքում ընկած օրինաչափությունների վերաբերյալ պատկերացումների բացակայությունը: Պնդումը հիմնավորելու համար կանդրադառնանք տեխնոլոգիական ոլորտում կառավարության վարած քաղաքականությանը:

Որպես նախաբան ասենք, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում դրական տեղաշարժի բացակայությունը ակնհայտ է դառնում, եթե ուսումնասիրենք Հարվարդի համալսարանի հրապարակած «Տնտեսական բարդության համաթիվը»: Համաթիվը ցույց է տալիս թե որքանով է երկրի արտահանումը բարդ և բազմազան: Առավել բարդ և բազմազան արտահանում ունեցող երկրները առավել բարեկեցիկ են: Ցուցանիշի համաձայն՝ 2021 թվականի դրությամբ Հայաստանի արտահանման կառուցվածքը դասվել է «պարզունակների» շարքին` մրցելով Աֆրիկյան պետություններ Բենինի և Սենեգալի հետ: Նշվածը առնվազն 2014 թվականից տեխնոլոգիական ոլորտային քաղաքականության անարդյունավետության ապացույց է:

Թեև 2022 և 2023 թվականներին ցուցանիշները կտրկուկ լավացել են, այնուամենայնիվ դա ոչ թե արդյունավետ քաղաքականության, այլ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ակտիվացած վերարտահանման հետևանքն է:

Արձանագրելով ոլորտում վարվող քաղաքականության անհաջողությունը՝ դիտարկենք խնդիրները:

Խնդիր 1-ին. լիարժեք տնտեսական քաղաքականության բացակայություն

Եթե ուսումնասիրենք բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումները, ապա կնկատենք, որ և՛ հասարակական քննարկումներում, և՛ օրենսդրական մակարդակով կիրավում է «ոլորտ» բառը:

Նման մոտեցումը ցույց է տալիս, որ կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես ապահովել տնտեսության զարգացումը: Մասնավորապես, պետք է արձանագրենք, որ «տեխնոլոգիական ոլորտ», «բարձր տեխնոլոգիաների ոլորտ» որպես այդպիսին գոյություն չունի: Դրանք ընդամենը հանդիսանում են այլ «ավանդական» տնտեսական գործունեությունների շրջանակներում այդ պահին կիրառվող առաջատար մոտեցումներ, լուծումներ և այլն: Ասվածի մեջ համոզվելու համար կարելի է ուսումնասիրել ներկայումս լայնորեն քննարկվող «արհեստական բանականությունը»:

Արհեստական բանականություն է համարվում համակարգչի՝ այնպիսի խնդիրներ լուծելու կարողությունը, որոնք պահանջում են մարդուն հատուկ մտավոր կարողություններ:

Սահմանումից և կիրառման ոլորտներից (գյուղատնտեսություն, կրթություն, արդյունաբերություն և այլն) բխում է, որ արհեստական բանականությունը ընդամենը այլ ոլորտներին օժանդակող գործիք է: Այլ կերպ ասած՝ անիմաստ է խոսել արհեստական բանականության կամ այլ տեխնոլոգիաների զարգացմանը աջակցելու մասին այն դեպքում, երբ Կառավարությունը չունի պատկերացում, թե ինչ ոլորտներ պետք է զարգացնի:

Գտնում ենք, որ ճիշտ քաղաքականությունը պետք է աջակցի կոնկրետ ոլորտների զարգացմանը, որոնք էլ իրենց առաջ դրված խնդիրները լուծելու համար կնպաստեն առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը:

Խնդիր 2-րդ. որակական տվյալների բացակայություն

1-ին խնդրից բխում է 2-րդը: Կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր՝ առանց որակական տվյալների վերլուծության: Այսպես, «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կառավարությունը չի հավաքագրում ոլորտի վերաբերյալ որակական տվյալներ, այլ հիմնվում է հետազոտական խմբերի քանակական տվյալների վրա: Մինչդեռ ոլորտային քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է իմանալ, թե որ կազմակերպությունը ինչ տեսակի արտադրանք է առաջարկում շուկայում, որքանով է կազմակերպությունների գործունեության ոլորտը համապատասխանում Հայաստանի առջև եղած մարտահրավերներին, որքանով է կազմակերպության ստեղծած արտադրանքը տեղայնացված, այսինքն՝ դրա քանի տոկոսն է ստեղծում Հայաստանի քաղաքացի մասնագետը: Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների դեպքում: Մասնավորապես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա աջակցությունը տրամարդվում է անկախ նրանից՝ ընկերությունը հայաստանյան է, թե այն հիմնադրել է օտարկերյա կազմակերպություն: Թեև օտարերկրյա ներդրումները Հայաստանում քարոզվում են որպես բոլոր խնդիրների լուծման միջոց, այնուամենայնիվ օտարերկրյա ներդրողը բացարձակապես շահագրգռված չէ փոխանցել իր գաղտնիքները և ստեղծել մրցակիցներ:

Նման իրավիճակում կոպիտ սխալ է առանց տարբերակման բոլոր ընկերություններին աջակցելը, քանի որ ստացվում է, որ ծրագրերից օգտվում են ընկերություններ, որոնք առանց այն էլ մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն, և պարզ չէ, թե որքանով է այդ ընկերությունը փոխանցում իր կարողությունները Հայաստանին: Գտնում ենք, որ օտարերկրյա ընկերությունները պետք է աջակցություն ստանան բացառապես այն դեպքում, երբ տիրապետում են գիտելիքների, որոնք անհրաժեշտ են Հայաստանին (խնդիր 1) և համաձայն են փոխանցել դրանք տեղական մասնագետներին: Նման մոտեցումը թույլ կտա ստեղծել զուտ հայաստանյան բռենդներ և այդպիսով առավել շատ միջոցներ ներգրավել Հայաստանի տնտեսություն:

Ասվածի համատեքստում հարկ է անդրադառնալ կառավարության որդեգրած այն մոտեցմանը, ըստ որի՝ բարձր տեխնոլգիաների ոլորտում գործող ընկերությունները միգրանտ աշխատողների[1], նոր ընդունված աշխատողների, ինչպես նաև աշխատողների վերապատրաստման համար ստանում են ֆինանսական աջակցություն։ Այս մոտեցման խնդիրն այն է, որ աջակցությունը տրամադրվում է առանց որևէ նախապայմանի։ Պատասխանատու պաշտոնյայի մեկնաբանությամբ ստացվում է, որ օտարեկրկյա ներդրողը տեսականորեն կարող է ամբողջությամբ կամ մասամբ համալրել ընկերությունը օտարերկրացի մասնագետներով և առհասարակ կտրել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունը՝ միաժամանակ ստանալով ֆինանսական աջակցություն։

Լուծումներ

Առաջարկները ներկայացնելուց առաջ հարկ է արձանագրել, որ ըստ վերջին տվյալների՝ տեխնոլոգիական ոլորտում ներգրավված է 58,700 մարդ (17,7 տոկոսը օտարերկրյա մասնագետներ են)։ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2,689,438 մարդ։ Այսինքն՝ գործող քաղաքականությունը աջակցում է բնակչության մոտավորապես 2.2 տոկոսին՝ առանց հստակ պահանջների և երկրի համար կանխատեսելի արդյունքի։

  1. Ձևավորել իրական տնտեսական քաղաքականություն: Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ հաջող տնտեսական քաղաքականությունը հիմնված է լինում հողային ռեֆորմի վրա, որի արդյունքում ձևավորվում են ֆերմերային տնտեսություններ: Սրանք իրենց հերթին վճարունակ պահանջարկ են ստեղծում արդյունաբերության համար։ Միաժամանակ գյուղատնտեսության արտադրանքի արտահանումը ապահովում է արտարժույթի ներհոսք, որը հետագայում կարող է օգտագործվել արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և մասնագետների ներգրավման նպատակով։

  2. Անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ներգրավման տրամաբանությունից անցում կատարել դեպի զուտ հայաստանյան բրենդների ստեղծում։ Առաջարկը պայմանավորված է նրանով, որ գործնականում օտարեկրյա ներդրումների միջոցով սեփական տնտեսության զարգացումը հաջողություններ չի գրանցում, քանի որ օտարեկրյա ներդրողը շահագրգռված չէ իրեն մրցակիցներ ստեղծել, այլ օգտագործում է համատեղ ձեռնարկությունը տվյալ երկրի շուկան գրավելու համար։ Այսպես, օրինակ, «Hyundai Motors» ընկերության հիմնադիր Չոն Չժու Յոնը իր հուշերում գրում է, որ եթե ընկերությունը որոշեր համատեղ ձեռնարկություն ստեղծել օտարերկրյա ներդրողի հետ, ապա դա կսահմանափակեր ընկերության ստեղծագործականությունը, անկախությունը և հեռանկարները։ Պատմականորեն այս նպատակին հասնելու համար զարգացող երկրները կիրառում են մի շարք լծակներ։ Օրինակ՝ պետական աջակցությունից օգտվում են միայն այն ընկերությունները, որոնց գործունեությունը միտված է արտահանմանը և որոնք ժամանակի ընթացքում ընդլայնում են արտահանման ծավալները։ Նշվածը ենթադրում է, որ արտահանող ընկերությունները պետք է կարողանան առաջարկել արտադրանք, որը մրցունակ կլինի միջազգային շուկաներում։ Այս նպատակին հասնելու համար կան բազմաթիվ միջոցներ՝ օտարերկրյա ընկերությունների գնում, որոնք տիրապետում են անհրաժեշտ ոլորտում հմտությունների, առանձին մասնագետների ներգրավում, օտարկերյա ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացում՝ պայմանով, որ ընկերության մասնագետները պատրաստ են որոշակի թվով տեղական մասնագետների փոխանցել առանձին տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ։ Առավել մեծ հաջողությունների հասած երկրներում (օրինակ՝ Ճապոնիա, Կորեա) տեղական ընկերություններին վարկային ֆինանսավորումը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե ընկերությունը շարունակական հաջողություններ է գրանցում արտահանման և զուտ տեղական արտադրանքի ստեղծման գործում։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է առանձին բիզնես խմբերին աջակցելուց անցում կատարել դեպի ամբողջական արդյունաբերական քաղաքականություն։

 

[1] Հետագայում օգնությունը տրամադրվելու է հենց միգրանտին։


Հեղինակ՝ Համլետ Ավետիսյան

Գլխավոր լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել