«Սեքյուրիթի Դրիմ»-ի և «Էլլիպս Ջի Էյ»-ի կողմից պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. դրամ |24news.am|
13:02 - 06 սեպտեմբերի, 2019

«Սեքյուրիթի Դրիմ»-ի և «Էլլիպս Ջի Էյ»-ի կողմից պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. դրամ |24news.am|

24news.am: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ առերևույթ հափշտակվել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:
Նշենք, որ այսօրվա դրությամբ պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. ՀՀ դրամ գումար։
Քրեական գործով հինգ անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից մեկի նկատմամբ, ով հանդիսանում է ընկերությունների համահիմնադիրը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ընկերությունների երկու հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել