Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել խորհրդարան. պատգամավոր Տիգրան Կարապետյանը ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերի մասին |lragir.am|
09:07 - 04 հունիսի, 2019

Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել խորհրդարան. պատգամավոր Տիգրան Կարապետյանը ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ Այսօր խորհրդարանում պետք է գումարվի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

«Քննարկելու ենք ապրիլյան պատերամզի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը։ Օրակարգը կհաստատվի այսօրվա նիստի ժամանակ»,- ասաց Տիգրան Կարապետյանը։

Հարցին, թե քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, հնարավո՞ր է անհրաժեշտություն լինի նրան հրավիրել հանձնաժողովի նիստերին, պատգամավորը պատասխանեց․ «Որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք՝ անկախ նրանից` ներկա, թե նախկին պաշտոնյա։ Քննելու ենք ամբողջ գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի, աշխատանքի ընթացքում, եթե անհրաժեշտություն կառաջանա լսել այս կամ այն պաշտոնյային, իրենց կողմից որևէ կաշկանդվածություն չի լինի։ Նա հավելեց, որ քննիչ հանձնաժողովն ունի իրավունք նրանց հրավիրելու, անգամ, եթե նախկին պաշտոնյա են, և, այո, նրանք պարտավոր են ներկայանալ։

«Այդ մարդիկ նախկինում պաշտոններ են զբաղեցրել։ Մենք չենք կարող անմեղության կանխավարկած խախտել և ասել, որ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա լսել որևէ մեկին, կարծում եմ՝ խնդիր չկա»,- հավելեց նա։

Տիգրան Կարապետյանը նաև ասաց, որ այդ թվում՝ Արցախից պաշտոնյաներ կարող են հրավիրել։ Այդ հարցում իրենց կօգնեն Արցախի խորհրդարանի պատգամավորները։ «Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները ևս շահագրգռված են ապրիլյանի հետ կապված մեր բոլոր հարցերի պատասխաններն ստանալ»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել