Որքա՞ն են աճել արտահանումն ու ներմուծումը. Ատոմ Ջանջուղազյանի տվյալները ճիշտ չեն |fip.am|
06:16 - 07 հունիսի, 2019

Որքա՞ն են աճել արտահանումն ու ներմուծումը. Ատոմ Ջանջուղազյանի տվյալները ճիշտ չեն |fip.am|

fip.am: Ազգային ժողովում հունիսի 5-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, հայտարարեց, որ արտահանումն աճել է 8․4 տոկոսով, իսկ ներմուծումը` 15․3 տոկոսով։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է։

Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների, 2018 թվականին արտահանումն աճել է՝ 2,237 մլն դոլարից դառնալով 2,412 մլն դոլար։ Սա նշանակում է, որ արտահանումն աճել է 7․8 տոկոսով, այլ ոչ թե՝ 8․4, ինչպես նշել է ֆինանսների նախարարը։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն աճել է մոտ 870 մլն դոլարով՝ 4,097 մլն դոլարից դառնալով 4,963 մլն դոլար։ Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ ներմուծման ծավալներն աճել են 21․1 տոկոսով՝ ներկայացված 15․3-ի փոխարեն։

Արտահանման և ներմուծման ծավալների փոփոխությունը 2018-ին պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով։

Նախորդ տարի արտահանման ծավալների ամենախոշոր աճն արձանագրվել է մանածագործական (տեքստիլ) իրերի արտահանման գծով՝ մոտ 165 տոկոս։ Մոտ 5 տոկոսով նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանումը, որը մեծապես պայմանավորված էր Թեղուտի հանքի շահագործման կասեցմամբ։

2018-ին Հայաստան ներմուծվող ապրանքատեսակներից, թերևս, ամենամեծ տեսակարար կշիռն ունեն արտադրական սարքավորումները (935 մլն դոլար) և հանքահումքային արտադրանքը (718․5 մլն դոլար)։

Այս ապրանքատեսակների ներմուծման ծավալները 2017 թվականի համեմատ աճել են, համապատասխանաբար, 48․8 և 11.4 տոկոսով։ Շեշտակիորեն աճել է նաև վերգետնյա տրանսպորտային միջոցների ներմուծումը (46.2%)։ Սա, հավանաբար, պայմանավորված է 2020 թվականից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ։Արտահանման և ներմուծման մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այս և այս հոդվածներում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ տնտեսության արտաքին հատվածի վերաբերյալ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին։

Հատկանշական է, որ 2017 թվականին արտահանման ծավալների աճը կազմել էր 25․2 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 27․8 տոկոս։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել