«Մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ». Նիկոլ Փաշինյան |news.am|
19:16 - 03 մարտի, 2020

«Մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ». Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Այսօր խոսել հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների մասին այնքան էլ հեշտ բան չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է, Վրաստանն ունի ունի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն կան որոշակի աշխարհաքաղաքական բաժանարար գծեր, բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ խոսում ենք մեր հարաբերություններին ռազմավարական բնույթ տալու մասին:

Մենք խնդիր ենք դնում հայ-վրացական հարաբերությունները դուրս դնել աշխարհաքաղքական զարգացումներից: Ես ասել եմ, որ մեր հարաբերությունների համար նոր հարթություն, նոր տարածք պետք է ձեւավորենք, որտեղ մեր հարաբերությունները պաշտպանված են աշխարհաքաղաքական զարգացումներից: Այդ հարթությունը ձեւավորելու պրոցեսն այսօր սկսված է»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց անկեղծ լինել. «Եկեք ուղիղ ասենք, որ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ, ինչ-որ հետին մտքերի, ենթադրյալ դավադրությունների մեջ: Հիմա ի՞նչն է փոխվել, փոխվել է այն, որ մենք այդ ամենի մասին խոսում ենք: Մենք ասում ենք, որ իրար դեմ տրամադրվածություներ պետք է չունենանք:

Երբ մենք աստիճան ենք բարձրանում եւ այդ սանդուղքն ունի 90 աստիճան, հնարավոր չէ միանգամից հասնել 90-րդ աստիճանին, դա պրոցես է: Հիմա հայ-վրացական հարաբերությունների ճանապարհն էլ պետք է անցնենք: Մենք ունենք այդ քաղաքական կամքը, նույնը տեսնում եմ նաեւ վրացական կողմից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել