Ազատամարտիկը պետք է տեսնի, որ գնահատված է․ Նիկոլ Փաշինյան
18:22 - 05 մարտի, 2020

Ազատամարտիկը պետք է տեսնի, որ գնահատված է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարության լրատվական բաժնից հայտնում են, որ վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է:

«Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել