Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան |news.am|
news.am: Դա դատական խնդիր է, իմ խնդիրը չի դա: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր զոհված զինծառայողների ծնողներին են հետապնդում, գեներալ ունենք կալանավորված:
Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հայտարարել է, որ չպետք է սրբադասսել բանակը, ինչը, լրագրողի խոսքով, ուղիղ հակադրվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքին, և Միքայելյանը դրան չի ընդդիմանում, ԵԿՄ նախագահը կոչ արեց չքաղաքականացնել հարցերը. «Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչև այսօր: Ես չեմ ուզում, որ այսօր ինչ-որ բաներ ասեմ, հարցազրույց չեմ տալիս, որ չխանգարեմ ընդհանուր ընթացքին:
Մենք դիրքերում ենք, մեր գործն ենք անում բանակի կողքին կանգնած, որ հայ զինվորը կամաց-կամաց վերապատրաստվի և մարտունակ բանակ կունենանք։ Բանակի հիմնական խնդիրը համարում եմ համախմբվածությունը հայ ազգի: Ես չեմ կարող ասել՝ բանակի առջև դրված խնդիրը որն է, դա գաղտնիք է»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ որ սահմանի մասին է խոսքը, Միքայելյանը պատասխանեց. «Դա քո գործը չէ, դու ինձ սահմանը մի բացատրի: Այն, ինչ որ այսօր կա, մենք այդ սահմանին կանգնած ենք: Այնտեղ, որտեղ մտել են մեր դիրքերը: Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն:
Բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք»,- ասաց ԵԿՄ նախագահը:
13:56 - 28 հունվարի, 2025