Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել
21:21 - 04 ապրիլի, 2020

Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, և Արցախում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի ներսում և ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղություններով մտցված սահմանափակումների վերաբերյալ նախագահը նշել է, որ անցակետերում աշխատանքը պետք է իրականացվի բարձր մակարդակով, իսկ քաղաքացիները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումների մասին:

Անցակետերում իրականացվող ծառայության շուրջ քննարկման ընթացքում Նախագահին զեկուցվել է, որ Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները տեղում ախտահանվում են: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցները ըմբռնումով են մոտենում ստեղծվող անհարմարություններին, ընդգծելով, որ վարակի տարածումը կանխող տարբեր միջոցառումները, ցավոք, մեր քաղաքացիների համար որոշակի դժվարություններ են ստեղծում, որի հաղթահարման ուղղությամբ օպերատիվ շտաբը լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում:

Առողջապահության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրել է անցնող շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների, բուժհաստատություններում իրականացվող լրակահավորման միջոցառումների ու պահուստների ընթացիկ համալրումների մասին ամփոփ տեղեկատվություն: Նախագահն ընդգծել է, որ խիստ կարևորում է նաև ԶԼՄ-ների հետ ակտիվ, օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների համար հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը և հանրության շրջանում իրականացվող իրազեկման արշավները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել