Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

civilnet.am: Pastinfo.am-ը ապրիլի 29-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Արցախի ներկայացուցչության երևանյան շենքն անցել է Հայաստանի կառավարության տնօրինմանը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս տարիներ առաջ է գույքը գրավադրել։ Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա): Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։ Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։ «Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։ Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
12:52 - 07 մայիսի, 2025
Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջը․ Ազատության հրապարակից վրանը կտեղափոխվի
 |civilnet.am|

Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջը․ Ազատության հրապարակից վրանը կտեղափոխվի |civilnet.am|

civilnet.am: Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ «Մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,- նշել է Իսկանդարյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։ «Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ նրանք մի շարք կետերով հետքայլ են արել ու ընդունել են, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավելու կարիք ունեն»,- ասել է Իսկանդարյանը։ Իսկանդարյանը նաև նշել է, որ իրենք կաշկանդված չեն անհրաժեշտության դեպքում կրկին հանրահավաք անել։Լուսանկարը՝ Ինֆոքոմի։  
18:33 - 29 ապրիլի, 2025
Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը
 |factor.am|

Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստին քննարկվել է 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրման գործողությունը։ Սկզբում գլխավոր դատախազի օգնական Թուղայ Ռահիմլին ցուցադրել է Շուշիի շրջանի Մալիբեյլի և Գուշչուլար գյուղերի, իբր, «հրկիզման և անդադար հրետակոծության տեսագրությունը»։ Ներկայացվել է Շուշիի ազատագրումը ղեկավարած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հայտնի տեսաձայնագրությունից հատվածներ էին, որտեղ նա ելույթ է ունեցել օպերացիայի և դրան մասնակցած անձանց մասին։ Տեսանյութում նաև քննարկվում են Շուշիի ազատագրման համապարփակ նախապատրաստական ​​աշխատանքները։ Շեշտվում է, որ Վազգեն Սարգսյանը հաստատել է ծրագիրը, մարտական ​​հրամանը պատրաստել է Սեյրան Օհանյանը։ Տեսանյութում ասվում է, թե Շուշիի ազատագրման ծրագիրը հայկական զինված ուժերի կողմից մշակվել է խիստ գաղտնիության պայմաններում՝ Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի և այլ հրամանատարների մասնակցությամբ։ Նշվում է, որ գործողությունն իրականում պետք է իրականացվեր ապրիլի 24-ին, բայց հետաձգվել է զենքի պակասի և այլ պատճառներով։ Դատարանում ցուցադրված այլ տեսանյութերում, իբր, հիշատակվում են Շուշիի ազատագրումը չորս ուղղություններով գլխավորած անձանց անունները՝ Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիչյան և Արկադի Կարապետյան։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:36 - 28 ապրիլի, 2025
Արցախցիները կարող են խուսափել անձնագրում «Ադրբեջան» նշումից, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել․ ՆԳՆ
 |civilnet.am|

Արցախցիները կարող են խուսափել անձնագրում «Ադրբեջան» նշումից, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել․ ՆԳՆ |civilnet.am|

civilnet.am: Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, միևնույն ժամանակ նաև զգուշացրել են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում: «ՀՀ գործող օրենսդրությունը ծննդավայրի վերաբերյալ սահմանում է այլընտրանք՝ կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում է ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), ուստի քաղաքացու դիմումի հիման վրա կարող է նշվել նաև ծննդյան վկայականում առկա այլ տվյալ, սակայն կարող է խնդրահարույց լինել սահմանային անցման կետերում»,- հայտնում են ծառայությունից։ 2023-ի Արցախի բռնի տեղահանումից հետո՝ ապրիլի 16-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 568 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Արցախցիների մտահոգությանը, թե ինչու է ՀՀ քաղաքացու իրենց անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից արձագանքել են՝ ասելով, որ անձնագրերում ծննդավայրի նշումը կարգավորվում է միջազգային ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) և ISO 3166 ստանդարտներով, իսկ դրանցից դուրս ցանկացած նշում ՆԳՆ-ի կողմից խնդրահարույց է համարվում սահմանային անցակետերում: Շարունակությունը՝ civilnet.am-ում։
16:46 - 28 ապրիլի, 2025
Ես լիովին աջակցում ես այս նախաձեռնությանը, ինչ որոշում էլ, որ կայացնեք. Սամվել Շահրամանյանը՝ Ազատության հրապարակում
 |news.am|

Ես լիովին աջակցում ես այս նախաձեռնությանը, ինչ որոշում էլ, որ կայացնեք. Սամվել Շահրամանյանը՝ Ազատության հրապարակում |news.am|

news.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր՝ ապրիլի 25-ին, այցելել է Ազատության հրապարակ և վրանում հանդիպել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, տեղյակ եմ մանրամասն իրականացվող աշխատանքներին, ձեր հանդիպումների արդյունքում առաջարկվող տարբերակներին: Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն՝ անկախ նրանից՝ դուք ինչ որոշում կկայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որ իրականացվում է Հայաստանի կառավարության կողմից, ունեմ բազմաթիվ խնդիրներ: Ես առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտարարել դեռ նախագծային փուլում և ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև որոշակի լուրջ խնդիրներ և հանգամանքներ կան, որը հաշվի առված չեն եղել։ Ես տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք և ներկայացնեք կառավարությանը, ձեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա նաև մեր ժողովրդի կողմից է, դուք ունեք այդ լիազորությունը՝ նման որոշումներ կայացնելու և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում, եթե դուք որոշեք տեղափոխվեք գրասենյակային պայմաններում աշխատանքի: Պատրաստ ենք նաև մեր ներկայացչության հնարավորությունները տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը»,- հայտարարեց Շահրամանյանը: Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, Արցախի նախագահը նշեց. «Առաջնայինը և հրատապը այսօր ավելի շատ հումանիտար սոցիալական հարցերն են, և ես գիտեմ, որ դուք ամենաժամյա ռեժիմով զբաղվում եք և տարբեր առաջարկներ եք իրականացնում։ Նաև կա առաջարկ Հայաստանի կառավարության կողմից ստեղծել համապատասխան խմբեր և աշխատանքներ իրականացնել։ Ինձ թվում է դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից նաև կապված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ կյանքը ՀՀ-ում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, ես անկեղծ ձեզ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններում և որոշումներում»: Դրանից հետո Սամվել Շահրամանյանն առաջարկեց հանդիպման մնացած մասն անցկացնել փակ ռեժիմով:
12:59 - 25 ապրիլի, 2025
Անպատիժ ցեղասպանությունը նոր ցեղասպանության հրավեր է. Արցախի ԱԺ

Անպատիժ ցեղասպանությունը նոր ցեղասպանության հրավեր է. Արցախի ԱԺ

Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր։ Այս մասին ասված է՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ Արցախի ազգային ժողովի ուղերձում: «1915-ի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-2023-ին Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Արցախի ազգային ժողովի տարածած ուղերձում նաև ասվում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։ «Ցավոք, որ այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նաև աշխարհասփյուռ հայության հավաքական կամքի արտահայտության հնարավորություն է՝ հանուն անվտանգ ու ապահով ապագայի և ի հիշատակ մեր նահատակված նախնիների։ Մենք հիշում, հարգում և պարտավոր ենք երբեք չմոռանալ բռնությամբ, ցավով և անասելի տառապանքով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցներին։ Մեր հիշողության մեջ նրանք ապրում են ու մեզ ուժ են տալիս պայքարելու ճշմարտության, արդարության և մարդկային արժանապատվության համար։ Հավերժ փառք ու խոնարհում հավատի ու հայրենիքի համար բոլոր նահատակներին»,- ասված է ուղերձում։
13:15 - 24 ապրիլի, 2025
Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է փոխանցել |168.am|

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է փոխանցել |168.am|

168.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ: Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան: Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ: Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ: Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին, եթե նոմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում:  Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի: Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,– ասել է Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներով նախօրեի դատական նիստից Դավիթ Բաբայանի հարցաքննության վերաբերյալ կեղծ տեղեկություններ էին տարածվել: Խոսքը վերաբերում է Դավիթ Բաբայանի ցուցմունքներին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ: Մեջբերենք ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքը՝ Դավիթ Բաբայանի ցուցմունքների վերաբերյալ: ««Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին ի պատասխան՝ ամբաստանյալ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել այս իրադարձություններին։ Նրա խոսքով, նրանք, ովքեր ձգտել են խնդիրը լուծել ուժով, հասել են իրենց նպատակին. «Այս գործողության մեջ ներգրավված են եղել տարբեր խմբեր»,- հավելել է նա։ Ամբաստանյալը հայտնեց նաև, որ Արցախի իշխանությունները նույնիսկ «Խոջալուի ազատագրման համար» մեդալ են սահմանել։ «Եթե, ինչպես պնդում է Հայաստանը, Խոջալուի ցեղասպանության ժամանակ (Իվանյան.- խմբ.) մարդասիրական միջանցք է եղել խաղաղ բնակիչների ելքի համար, ապա ինչո՞ւ նրանց թույլ չեն տվել հեռանալ, ինչո՞ւ, ինչպես դատավարության ժամանակ արդեն նշել է Արկադի Ղուկասյանը, հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողացել հեռանալ այնտեղից, ինչո՞ւ են նրանք հասցվել Խանքենդի (Ստեփանակերտ.- խմբ.), Դավիթ Բաբայանը չի կարողացել պատասխանել: Փոխարենը նա հայտարարեց՝ ինչպե՞ս կարելի է արդարացնել այն, ինչ կատարվել է երեխաների և խաղաղ բնակիչների հետ: Դա բարբարոսություն է»»: Ձայնային հաղորդագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում։  
15:38 - 23 ապրիլի, 2025
Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

ԼՂ –ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ https://mlsa.am/news/910)։ Դիմում կարող եք ներկայացնել՝ հետևելով ստորև ներկայացվող ուղեցույցին։ Եթե արդեն ունեք անհատական օգտահաշիվ ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝ ՔԱՅԼ 1։ Մուտք գործեք Ձեր օգտահաշիվ՝ նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը, որոնք նախորդիվ կիրառել եք օգտահաշիվը գրանցելիս։ Ձեր օգտահաշիվ մուտք գործելու համար կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ ՔԱՅԼ 2։ Վերը նշված եղանակներից որևէ մեկով Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ենթաբաժինը, որից հետո հարթակն անցում կկատարի դիմումի ներկայացման պատուհանին։ ՔԱՅԼ 3։ Դիմում ներկայացնելիս «Դիմումատուի տվյալներ» հատվածում Ձեր անձնական տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ Այս դաշտում անհրաժեշտ է նշել միայն Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» հատվածում ևս Ձեր տվյալները կլրացվեն ինքնաշխատ։ ՔԱՅԼ 4։ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է ընտրել Ձեր փաստացի բնակության մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) և  կառույցի համարը։ ՔԱՅԼ 5։ «Իմ բանկային տվյալները հատվածում» անհրաժեշտ է նշել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել բանկային քարտի համարը (16 նիշ)։ ՔԱՅԼ 6։ «Ունե՞ք ընտանիքի այլ անդամներ» դաշտում «Այո» նշումը կատարելու դեպքում անցում կկատարեք դիմումի ներկայացման հաջորդ էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել ընտանիքի անդամների մասին տվյալներ՝ նրանց նույնականացնելով։ ՔԱՅԼ 7․ Եթե ունեք անչափահաս երեխա(ներ), ապա նրա(նց) վերաբերյալ տվյալները մուտքագրելուց և նույնականացնելուց հետո հարթակը կստուգի երեխաների կապը դիմումատուի և ենթադիմումատուներից որևէ մեկի հետ։ Այն դեպքում, երբ երեխայի ծնողական կապի տվյալը չստացվի դիմումատուի կամ ենթադիմումատուներից որևէ մեկի հետ, երեխայի դիմումը կստանա «Մերժված» կարգավիճակ։ ՔԱՅԼ 8․ Դիմումը հաստատելու համար պարտադիր է «Իմ ներկայացրած տվյալները կարող են տրամադրվել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով» դաշտում ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը, ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ 11․ «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո դիմումի կարգավիճակը ցուցադրվում է անհատական օգտահաշվի «Ծանուցումներ» բաժնում։  Եթե դեռևս չունեք  անհատական օգտահաշիվ  ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգում, ապա՝ ՔԱՅԼ 1։ Անհրաժեշտ է այցելել www.e-social.am, որտեղ հարկ է «Գրանցվել» կոճակի միջոցով ստեղծել Ձեր օգտահաշիվը։ Գրանցման նպատակով կարող եք կիրառել նաև «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։ ՔԱՅԼ 1.1։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկն ընտրելու դեպքում հետևեք «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի հրահանգներին։ ՔԱՅԼ 1.2։ Գրանցվելու 3-րդ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է լրացնել Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ՝ սոցիալական քարտի համարը), անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օրը/ամիսը/տարի, ապա սեղմել «Որոնել» դաշտը՝ նույնականացում անցնելու համար։ «Դիմումատուն հաջողությամբ նույնականացվեց» հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, ապա սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո կստանաք ծանուցում՝ հետագա քայլերի վերաբերյալ։ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն՝ Ձեր անհատական օգտահաշիվն ակտիվացնելու մեկանգամյա ծածկագրի հղումով (մեկանգամյա ծածկագրի հղումն ակտիվ է 30 րոպե, որի ընթացքում Ձեր անհատական օգտահաշիվը չակտիվացնելու դեպքում այն կդառնա անվավեր և անհրաժեշտ կլինի կրկին նույնականացվել` կատարելով նույն քայլերը): Մեկանգամյա ծածկագրի հղմամբ անցնելու դեպքում կբացվի պատուհան, որտեղ նշված են հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա ծածկագիրը և նոր գաղտնաբառի մուտքագրման դաշտերը։ Ձեր կողմից նոր գաղտնաբառ մուտքագրելուց և «Հաստատել» սեղմակն ընտրելուց հետո անցում կկատարեք ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի մուտքի/գրանցման էջ, որտեղ Ձեր էլ․ փոստի հասցեն և նոր ստեղծված գաղտնաբառը մուտքագրելուց հետո՝ «Մուտք» հրահանգի միջոցով կարող եք մուտք գործել Ձեր անհատական օգտահաշիվ և ներկայացնել «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» ծրագրի դիմումը, ինչպես նկարագրված է վերևի քայլերում։  Ուշադրություն․ ԼՂ բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ծրագրի շրջանակում դիմում ներկայացնելու հետ կապված կունենան դժվարություններ, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեները՝ https://socservice.am/offices)», - նշված է հայտարարությունում։
20:30 - 22 ապրիլի, 2025
Շահրամանյանն ընդունել է նախորդ շաբաթվա բողոքի ակցիայի մասնակիցներին
 |civilnet.am|

Շահրամանյանն ընդունել է նախորդ շաբաթվա բողոքի ակցիայի մասնակիցներին |civilnet.am|

civilnet.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ընդունել է մի խումբ արցախցիների, որոնք նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հետ բերել «Արցախից թալանված գումարները»։ Փակ հանդիպման ընթացքում Շահրամանյանն ու ակցիայի մասնակիցները որոշել են նամակով դիմել գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, քննչական կոմիտեի նախագահին՝ ընդունելություն կազմակերպելու համար։ «Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք։ Ուզում ենք, որ բոլոր կառույցների հետ հանդիպում լինի ու նախագահն էլ մեզ հետ լինի»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակից Նահապետ Սարգսյանը: Գերատեսչությունների հետ հանդիպումներից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ու ինչ պահանջներ են ներկայացվելու։ Ապրիլի 18-ին մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընդհանուր առմամբ 467 մլն դոլար է թալանվել Արցախի ներդրումային հիմնադրամից։ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները Շահրամանյանից պահանջում էին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործը։
16:15 - 21 ապրիլի, 2025
«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։ - Տիկի՛ն Սահակյան, նախ կխնդրեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ պահանջներ ունեն իրար դեմ։ - Միջազգայնորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց դատական լուծման․․․ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի  Միջազգային արդարադատության դատարանում նախաձեռնեց վեճ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիոնալ հիմքով, եւ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ` կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը, եւ արդյունքում Միջազգային արդարադատության դատարանում մենք ունենք 1-ական գործեր։  Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր նախաձեռնեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նախկինում այս ատյանը ակտիվորեն օգտագործում էին հայ տուժողները․ պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից` ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այս մտահոգությունները կարծես թե կրկին փարատվեցին։ Հայաստանի հայցին կրկին հայելային մոտեցմամբ հաջորդեց Ադրբեջանի հայցը, եւ հայցերի թվաքանակը ՄԻԵԴ-ում մեծացավ․ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ` ընդդեմ Հայաստանի։ Եվ հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում ներկայացրել ենք նաեւ 1 միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի, որը բովանդակային առումով որոշակի կապվածություն ունի Ադրբեջանի դեմ ներկայացված 1-ին հայցի հետ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան, ըստ էության, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։  Երրորդ հարթակը, որը գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, Արբիտրաժի մշտական դատարանն է։ Հենվելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա՝ Ադրբեջանը միջպետական 2 արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը այս հարթակում խիստ պասիվ է, որեւէ հակադարձող գործընթաց նախաձեռնված չէ։ - Ձեր թվարկած հայցերից հրաժարվելը ընդհանուր առմամբ իրավակա՞ն կամ միայն իրավակա՞ն գործընթաց է, թե նախեւառաջ քաղաքական հայտարարություն, քաղաքական գործընթաց է։ - Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ ազդարարի այն իրավական գործընթացներին, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ տուժողների իրավունքների վերականգնմանը։  Մենք ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ դրույթներ։ Բացի այդ, եթե կողմերը ցանկանում են բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա, որպես կանոն, դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է եւ ապահովում է արդարացիության պայմանները։  Հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին, դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովվում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ թե հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ` չխախտելով իրավունքի, արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը թողնում են բացառապես քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է, եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժած անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։  - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, եւ դրանցից մեկն էլ էլ Ձեր նշած կողմերի հաշտությունն է։ Միեւնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետեւության, որ այդ խախտումները, միեւնույն է, պիտի դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ եթե չկա հաշտություն, գործընթացը անգամ այս կարգավորմա՞նը չի համապատասխանում։ - Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան․ առաջինը հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ, եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը, հետագա որեւէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան նաեւ դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են անում, փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին, եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով` ազդարարելով գործի ավարտը։ Եվ կա 3-րդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլեւս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ, եւ դատարանը, որպես կանոն, գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից։  Բայց Եվրոպական դատարանն ունի մի ստանդարտ․ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների` կյանքի իրավունքի, խոշտանգումների, եւ դատարանը գտել է, որ այդ գործերով պետք է ձեւավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կկանխարգելեն համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնությունը։ Հիմա մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, քանի որ այդ դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին։ Չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին։  - Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը՝ հաշվի առնելով, որ այդ միջպետական գանգատներում շոշափվում են նաեւ տուժողների իրավունքները՝ անկախ անհատական գանգատներից։  - Այս գործընթացները, ըստ էության, ի շահ 3-րդ անձանց գործընթացներ են, այսինքն՝ պետությունը, միջպետական գանգատ ներկայացնելով, պաշտպանում է ոչ թե իր սուվերեն իրավունքները, այլ մարդու իրավունքները, ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն, արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը` արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով։ Բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ․․․ Շուրջ 5 տարի է անցել գանգատները ներկայացնելու պահից, եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը։ Եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5-7 տարի։ Ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա ընթացքում, մատուցվելու է 10-15 տարի անց, ինչը հավասարեցվում է ուշացված արդարադատության, եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։  - Բացի այդ, պետությունը` ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, նաեւ քննչական, դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել` ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Եթե նման բան տեղի ունենա, կստացվի, որ պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն՝ չի ծառայի ի սկզբանե հռչակված նպատակին։  - Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երեւույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են խախտումները փաստաթղթավորելու համար։ Ավելին, պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, հսկայական միջոցներ ուղղել այս խնդիրների լուծմանը, եւ մինչեւ այս պահը գործընթացները հաջողությամբ վարվել են։ Մենք անգամ ունենք դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար։ Բայց պետությունը բաց է թողնում այդ հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։ Սա, իհարկե, թույլատրելի գործելակերպ չէ եւ չի տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո։ Բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ - Հայաստանը, վավերացնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, նաեւ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիան, հանձն է առել պարտականություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը խախտելու է իր իսկ ստանձնած պարտականություննե՞րը։ -  Հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը՝ առաջնային պատասխանատուն հանդիսանում է հենց Ադրբեջանը, եւ Հայաստանի պատասխանատվության խնդիր թերեւս չէր առաջանա, եթե Հայաստանը չազդարարեր, որ ստանձնել է իր քաղաքացիների պաշտպանությունը։ Այդ պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այդ պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ` առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը։ Բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում այս հարցը, եւ ես չեմ բացառում, որ հետագայում, հրաժարման գործողությամբ պայմանավորված, միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի դեմ։  - Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը, արդեն իսկ հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ նման զարգացումների դեպքում պատրաստվում են անհատական գանգատներ ներկայացնել ինչպես Ադրբեջանի դեմ՝ իրենց բազմաթիվ իրավունքների խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի դեմ՝ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու առնչությամբ։ Այս գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ - Առաջնային ազդեցությունը հոգեբանականն է։ Մենք ունենք Ադրբեջանի գործողություններից տուժած հարյուրհազարավոր մարդիկ, որոնք, ըստ էության, անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը հանձն կառնի, բայց հետկանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է։ Այն երկարաժամկետ հետեւանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների վրա։ Երկրորդը, իհարկե, իրավական հետեւանքներն են։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները, եւ մենք ունենում ենք արդեն ոչ միայն Ադրբեջանի հետ վեճ, այլ դրան զուգահեռ՝ մեր պետության դեմ վեճ։ Քաղաքականապես ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով, եւ սա առհասարակ կթուլացնի Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները` բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ կունենանք համանման վարքագիծ։ Այսինքն` Հայաստանը եւ Ադրբեջանը հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում, երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։  - Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետ կանչումը, այլեւ առհասարակ նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում․ եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքեր, նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի՞ դիմելու Եվրոպական դատարան, թե՞ հրաժարումը բացառում է նաեւ այդ հնարավորությունը։  - Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է, եւ կարծում եմ` ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրում է, որ պետությունը պետք է հրաժարվի արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե, կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձեւակերպված լինելու․․․ Հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձեւավորելու են հանձնաժողով, որը քննարկելու է հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չկա, եւ ստացվում է, որ 2 պետությունների համար միեւնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել։ Նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ։ Սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե՛ Սահմանադրությամբ, եւ թե՛ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունք է։ - Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք։ Ես դարձյալ մեջբերեմ վարչապետի հայտարարություններից մեկը։ Մի առիթով նա ասել էր՝ տրամաբանական չէ՞ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցի՞ն էլ փորձենք պատասխանել։ Տրամաբանությունը ո՞րն է։ - Նախ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են իրավական պատերազմ։ Հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ ատյանի, ինչպիսի անուն էլ այն ունենա՝ դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս, հարգելով իրավունքը, իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները, տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Դա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ, եւ տարաձայնությունները լուծվում են ոչ թե ագրեսիվ, վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։  Չկա տարաձայնությունները լուծելու որեւէ այլ քաղաքակիրթ մեթոդ, քան իրավական վեճերը, եւ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը։ Ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում․ Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ, Ադրբեջանը չի ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան՝ լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը։ Հայաստանը եւս չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Բայց իրավական հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ՝ այն պահից, երբ Ադրբեջանը սկսել է ապալեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեւավորվել է հարցի լուծման ռազմական մեխանիզմը, եւ նրանք միտումնավոր քայլեր են արել՝ վիժեցնելու քաղաքական պլատֆորմը, եւ այնուհետեւ արդարացրել են, որ վեճը չունի իրավական լուծում, եւ քանի որ քաղաքական լուծումը արդարացված չէ, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք` փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։  - Ի վերջո, այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում, որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ պահպանումը։ - Այս պահին իրատեսական չեմ համարում, եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է։ Նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունը։ Նրանք կարող են իմիտացնել գործընթաց՝ ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տեւական գործընթացներ։ Նման անհեթեթ պահանջատիրության օրինակ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ խաղաղությունը կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են պատրաստված խաղաղության, երբ ունեցել են այնպիսի աճ, որը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ։ Լավագույն ցուցանիշը հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունը ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ - Օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ նրանք օգտագործում են` խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ - Այո, դա կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում` ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ։ Այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն՝ հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսայական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոփոխվել, ավելին, մենք տեսնում ենք նաեւ բացասական տենդենցներ։ Սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարություններն են օգտագործվում հայատյացությունը խորացնելու նպատակներով։ Եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները, կտեսնենք, որ այս դատավարությունները հայատյացություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ այստեղ ունենք նախ արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով, եւ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որոնք կարող են վստահություն ստեղծել հասարակությունների միջեւ։ Օրինակ՝ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը։ Այս պայմաններում, հասկանալի է, հայ հասարակության որեւէ անդամ չի կարող վստահություն ունենալ քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։  - Այս համատեքստում արժե նաեւ հիշատակել, որ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ նաեւ այն հանցագործներին, որոնք Հայաստանում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։  - Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ` միայն իմիջային առումով դրական զարգացում կլիներ, բայց նրանք այլեւս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով՝ վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել։ Սա խեղված հասարակությունների գործելակերպ է, որովհետեւ պետությունները կարող են ռազմական կամ այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։   Միլենա Խաչիկյան
18:00 - 18 ապրիլի, 2025
Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, անթույլատրելի է. Շահրամանյան

Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, անթույլատրելի է. Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թալանի վերաբերյալ արվող տարբեր հայտարարություններին ու նշեց, որ այդ թալանը պրոյեկտում են բոլոր արցախցիների վրա, սակայն, նրա խոսքով, մի խումբ մարդիկ օգտվել են էդ ամենից, բայց արցախցիներն այսօր կրում են այդ պատասխանատվությունը բոլորի համար։ Հարցին՝ ինչ թալանի մասին է խոսքը, ովքեր են մի խումբ մարդիկ, որոնք օգտվել են այդ թալանից, Շահրամանյանը պատասխանեց, որ Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում, խոսքը Արցախում տեղի ուենցած գործողությունների մասին է․ «Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ինձ մոտ եկած մարդիկ իմ ուղղությամբ որևէ մեղադրանք չեն հնչեցրել։ Ուզում եմ դիմել ժողովրդին, տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, էս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում։ ես Երևանում ապրում եմ 2 սենյականոց բնակարանում, իմ հինգհոգանոց ընտանիքում»։ Շահրամանյանն ասաց, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 2024-ի փետրվարին որպես վկա ՔԿ-ում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են «թալանողները», նրա խոսքով՝ այդ գնահատականը պետք է տա իրավապահ համակարգը։ Դիտարկմանը, որ Շահրամանյանի անունը կապվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, Արցախի նախագահն արձագանքեց․ «Ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել, պարոն Աբազյանի հետ ծանոթ ենք, գործընկերային հարաբերություններ ունենք, այդ հարաբերություններն ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհետ կորածների հանձնաժողովի ղեկավարը»։ Հարցին՝ հրապարակելո՞ւ է այն անունները, որոնք Ներդրումային հիմնադրամից գումար են ստացել և գումարի թիվը, Շահրամանյանն ասաց, որ իրենք դեմ չեն հրապարակումներին, բայց այդ տվյալները որոշակի գաղտնիք են պարունակում։ Միաժամանակ, նա նշեց, որ նախաքննություն է ընթանում, և չեն ուզում խանգարել այդ ընթացքին։ «Ես հրավիրել եմ ակցիայի կազմակերպիչներին, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ, կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները, ի դեմս Դատախազության, դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները»։ Հարցին, թե ՀՀ իշխանության կողմից ճնշումներ կա՞ն, Շահրամանյանը պատասխանել. «Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել, բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»։ Նա նաև ասաց, որ անձնական ճնշումներ չի զգում։
16:43 - 18 ապրիլի, 2025
Սոցիալական հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը․ մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա չունենք․ Սամվել Շահրամանյան

Սոցիալական հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը․ մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա չունենք․ Սամվել Շահրամանյան

Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ արցախցիների սոցիալական խնդիրներին լուծումներ տալու պահանջով։  Ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանի խոսքով՝ խնդրի լուծման ճանապարհը Արցախից թալանած գումարների միջոցով է։ «Չենք կարող ամբողջ թալանն իմանալ, բայց գիտենք էդ ահռելի թալանի փաստաթղթերի մի մասը, որոնք ներկայացվել են Դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կան հարուցված, օդից կախված, որոշ դրվագներ դեռ քննության մեջ են։ Ինձ էլ են հրավիրել Քննչականից, ներկայացրել եմ ինչպես են ձեւավերված կոռուպցիոն սխեմաները»,- ասաց Օսիպյանը։  Նա ներկայացրեց, թե ինչ են պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից․ «Կամ դուրս արի, ասա՝ ոնց ես էս ժողովրդի հոգսերը քաշում, կամ եթե չես կարա, մենք ենք ասում՝ ինչ անես։ Իջնում ես Դատախազություն, որպես պատասխանատու, դատախազին ժողովրդի անունից ասում, որ էդ թալանած փողերի դատաիրավական պրոցեսներն արագացնեն, որպեսզի վերադարձնեն ժողովրդին։ Էդ թալանողների անունը, էդ 467 մլն դոլարը, գնացել է 48 ընտանիքի»,- ասաց Օսիպյանը։ Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փորձեցին ներկայացուցչության դարպասների վրայով ներս անցնել, սակայն չկարողացան։  Ակցիայի մասնակիցների մոտ եկավ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, խոսեց նրանց հետ, ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան ներկայացուցչության շենք՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու։ Արցախցիների հետ մոտ կես ժամ հանդիպումից հետո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ շենքի բակ եւ բարձրախոսով դիմեց հավաքվածներին։ «Ուզում եմ տեղեկացնել էսօրվա իրավիճակի պատասխանատուների մասին։ Էսօրվա կազմակերպիչները բազմիցս հնարավորություն են ունեցել ինձ հետ հանդիպելու, ես տասնյակ անգամ հանդիպել եմ նրանց հետ, ներկայացուցչությունում, դրսում, հինգ հոգով, տասը հոգով, մանրամասն ներկայացրել իրավիճակը, նրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ՝ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին»,- ասաց Շահրամանյանը։ Արցախի նախագահը շեշտեց՝ ինքն էլ է ուրախ նման նախաձեռնությանը համար, ինքն էլ կողմ, որ թալանը պետք է վերադարձվի ժողովրդին․ «Այդ նպատակով 2023 թվականի նոյեմբերի 8-ին համապատասխան գրություն եմ գրել դատախազ տիկին Վարդապետյանին, դրա հիման վրա  ՔԿ-ում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ես հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության։ Առգրավվել են ներդրումային հիմնադրամի կրիչները, մինչեւ 1000 դրամ իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվել Արցախի ներդրումային հիմնադրամում։ Քրգործերի շրջանակում հարցաքննվել են նաեւ պետպաշտոնյաներ, հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ»։  Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իր միանալուն, ապա Շահրամանյանը դրա անհրաժեշտությունը չի գտնում։  Նա նշեց՝ սա քաղաքացիական ակցիա է, ինքը միայն ողջունում է, որ հանրային ճնշում լինի իրավապահ համակարգի վրա՝ այս հարցերին իրավական լուծում տալու համար։ Օսիպյանը հարցրեց՝ ինչ լուծում է տեսնում Շահրամանյանը սոցիալական ծրագրերից զրկվող արցախցիների սոցիալական վիճակի հարցում։  «Տեղյակ եք, որ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը։ Մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա, մշակելու, հաստատելու, չունենք։ Մենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործել ենք՝ հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ էս 50-հազարականները դադարեցնելու դեպքում նաեւ հայտնվելու են փողոցներում։ Մենք էլ ունենք էդ խնդիրը՝ մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց էդ հնարավորությունը չունենք»,- ասաց Արցախի նախագահը։ Ակցիայի մասնակիցների ու Շահրամանյանի միջեւ հարցուպատասխանից հետո նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկուշաբթի առավոտյան ակցիայի նախաձենող խումբը հանդիպում կունենա Շահրամանյանի հետ, առաջարկներ կներկայացնի։
15:37 - 18 ապրիլի, 2025
Պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ․ զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը

Պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ․ զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը

2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատները բաց նամակ են հղել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին։  Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է նամակը․  «Ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, մեր հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը՝ ցեղասպանական ոչնչացումից։ Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է։ Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։ Բաց նամակին չարձագանքելը կհամարենք խիստ դատապարտելի հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ»,- նշված է նամակի մեջ։ 
14:20 - 18 ապրիլի, 2025
Արցախի իշխանությունները դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի հայտարությունը, թե «արցախցիները 2023-ին չեն կռվել»

Արցախի իշխանությունները դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի հայտարությունը, թե «արցախցիները 2023-ին չեն կռվել»

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի սխալ թիվ ասելու համար։  «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ «որևէ միտում չի եղել»։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- նշել է Սուքիասյանը։ Երեկ 24News-ի հետ զրույցում պատգամավորը հայտարարել էր, թե արցախցիները 2023-ին չեն կռվել. «Մի 10 հոգի ղարաբաղցիա զոհվել 2023-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»: Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել Սուքիասյանի հայտարարության վերաբերյալ՝ ընդգծելով, որ նա «հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին»: «Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:  Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր: Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի: Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…»,- նշվում է հայտարարության մեջ:
09:50 - 18 ապրիլի, 2025
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման: Այս մասին Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար: Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով: 1989-ին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը՝ անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ, իհարկե, անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյոթյուն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է  եղել Ղարաբաղի հարցի լուծմանը: «Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ մեծամասնությունս հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ: Ինքս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ, փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց-կամաց, քայլ-քայլ, սկզբից աղոտ, ապա առարկայորեն հասկացել եմ՝ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը բարեկեցեությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար: Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին և եզրափակիչ փուլ մտավ 20-ի սեպտեմբերին: Գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին և այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում: Այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ այսօր գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում: «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել ու լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար: Մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել: Ընդդիմությունն, ըստ էության, ասում է՝ Հայաստանի պետականությունը մի նպատակ ու իմաստ է ունեցել և ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա»,- ասաց Փաշինյանը: Նա շեշտեց, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո, ինտուիցիա ու արիություն է ցուցաբերել՝ կարողանալով քայլ առ քայլ, կտոր-կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է, և այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդամենն օգտագործվում է Հայաստանի՝ առանց այն էլ թուլացած անկախությանն ու պետականությանը վերջ դնելու համար: Փաշինյանի խոսքով՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը «ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետությունն է և մեր վերջնական հանգրվանը՝ որպես ժողովուրդ»։
15:55 - 17 ապրիլի, 2025