Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.04․20 (թարմացվող)
00:45 - 08 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.04․20 (թարմացվող)

0։05- Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջևից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, և պատասխանատվության բարձր գիտակցությամբ։ [Լեւոն Տեր-Պետրոսյան] 


22։23- ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին: 
ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես.

-Քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին
-Գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին
-Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին [Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայություն]




21:36- Հենց նոր ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ ՊՆ տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ ԶՈՒ և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]


21:30- Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի է բուժվում։ Մարզում կա նաեւ 3 բուժված քաղաքացի։ Մեծամասնության շփման շրջանակն արդեն պարզ է, աշխատանքներ տարվում են։ Վարակվածների թվում հղի կանայք եւ երեխաներ չկան։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան] |news.am|


21:04- Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան։ Մի քանիսի թեստերի պատասխանները դեռ չկա, սպասում ենք պատասխաններին։ Բոլոր վարակակիների օջախները պարզ են ու հստակ։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում այդ ուղղություններով: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյան] |news.am|


20:50- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում: [ՀՀ նախագահի լրատվական ծառայություն]


20:18- Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:

Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվեցին տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: [ՀՀ ԱԳՆ]


19:50- ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին։


19:10- Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ Նա տեղափոխվել է Հայաստան, բուժում կստանա Երևանում։ [Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան] 


18:46- Արցախի Հանրապետությունը կորոնավիրուսով վարակված քաղաքացու համագյուղացիների համար սահմանել է ինքնամեկուսացման ռեժիմ։ Ինքնամեկուսացվա անձանց Կառավարությունը կապահովի սննդով ու այլ անհրաժեշտ պարագաներով։ Մոտավորապես 17 հոգու նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել, քանի որ նրանք շփում են ունեցել վարակված անձի հետ։ [ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան] |


17։48- Ապրիլի 7-ին՝ ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ [ՀՀ Ոստիկանություն]

 

17։20- ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների աշխատակիցները օրերս հեռավար քննարկում են ունեցել։ Քննարկումը կազմակերպվել է FRI TALK (Financial Research Institute TALK) նախագծի շրջանակներում, որը նախաձեռնել են ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Այս ծրագրով առաջին քննարկումը աշխարհին պատուհասած վտանգի՝ կորոնավիրուսի ու դրա հետևանքով ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է։ [ՀՀ Ֆինանսների նախարություն]

 

16։28- ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

16։02- Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է ԱՀ-ում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

15։52- ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման: Սույն թվականի ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները` այցելելով Բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
Հանրային ծառայությունների համարանիշկամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,                                                                      անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ:
Հրատապ միանվագ  աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների: |armtimes.com|

 

15։43- Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։ Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։ Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

15։28- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն դրամական պարգևներ է տրամադրել Ծաղկաձորի մեր հանգստյան տների մեկուսարաններում հերթապահություն իրականացնող շտապօգնության և ընտանեկան բժիշկներին, բուժքույրերին և այլ բուժաշխատողների: Շնորհակալ եմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին՝ մեր բուժաշխատողների անձնվեր աշխատանքը գնահատելու և մշտապես մեր կողքին գտնվելու համար: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

15։21-  Կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում դատախազների որոշումներով փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված՝ 6 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդություններ բավարարվել են: Դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] 

 

14։46- Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները ապահովության նկատառումներով նախօրոք ինքնամեկուսացել են՝ թվով 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեn: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

10։58- 07.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 853
Բուժվածներ - 87
Փաստացի բուժվողներ - 758
Բացասական թեստեր - 4287
Մահվան ելքեր - 8
24 ժամում-20 նոր դեպք [ԱՆ]

 

10։32- Գործարկվել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ: Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝
կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն] 

 

10։12-  Օդեսայի հայ համայնքի անդամները կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ինքնամեկուսացել են, մոբիլիզացրել են իրենց բոլոր ուժերը և ձեռք են բերել պաշտպանիչ մի շարք պարագաներ՝ դիմակներ, ախտահանող միջոցներ, ձեռնոցներ և այլն: Արտաքին աշխարհի, միմյանց հետ կապը չկորցնելու նպատակով համայնքի անդամները հաղորդակցվում են օնլայն հարթակում: Այս մասին հայտնել է Օդեսայի հայ համայնքի նախագահ, ODREX բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյան։ |armenpress.am| 

 

09։12- «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։ Ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ «Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ [«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյան]

 

08։50- Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց: [Նիկոլ Փաշինյան]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել