fip.am: 2019-ի հուլիսի 23-ին Լալա Համբարձումյանը վարկային պարտավորություն էր ստանձնել՝ վստահելով «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպ» ՍՊԸ-ի արագ վարկերի գրավիչ առաջարկին։ Սակայն Money Cash անվամբ հանդես եկող «Կոնսուլ ինտերնացիոնալ գրուպում» տիկնոջն այդպես էլ գումար չէին տվել, հետո ընկերությունն ասես գետնի տակ էր անցել։ Գրասենյակը փակվել էր, հեռախոսահամարները՝ ապաակտիվացել։ Եվ միայն 4 ամիս անց՝ պատահմամբ հայտնաբերված մի հեռախոսահամարի շնորհիվ Լալա Համբարձումյանին վերջապես հաջողվեց հետքի վրա դուրս գալ։ Նա հայտնվեց «Նատալի և Մարիա» ՍՊԸ-ի գրասենյակում, որտեղ աշխատում էին իրեն վարկային պարտավորության մեջ ներգրաված անձինք։ Եվ Լալան վերջապես կարողացավ ստանալ այն 259,000 դրամը, հանուն որի 4 ամիս առաջ կնքել էր 400,000-ի վարկային պայմանագիր և 4 ամիս շարունակ վճարում էր վարկերը։
«Շահավետ պայմաններ Money Cash միջնորդ կազմակերպության կողմից։ Ստացեք մինչև 3 000 000 դրամ։ Առանց գրավի։ Առանց երաշխավորի։ Անհրաժեշտ գումարը կփոխանցվի՝ սկսած 1 օրից։ Դիմել կարող են 21 տարին լրացած ՀՀ քաղաքացիները». Ֆեյսբուքում պտտվում էր գայթակղիչ գովազդը, իսկ Լալա Համբարձումյանին շտապ գումար էր անհրաժեշտ։ «Եթե ունեք ֆինանսական խնդիրներ, մենք պատրաստ ենք օգնել». ծանուցում էր moneycash.am կայքի ֆեյսբուքյան էջը (կայքն ու ՖԲ էջերն այժմ չեն գործում):
Առաջարկը գրավիչ էր․ ֆինանսական միջոցների, «շտապ գումարի» աջակցություն` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միայն անձնագրով և սոցիալական քարտով։
Լալան պատմում է, որ վարկային անհաջող պատմության հետևանքով «սև ցուցակում» էր և բանկից գումար չէր կարող վերցնել։ Ուստի առցանց հարցում է լրացրել, որից հետո իրեն զանգահարել են, հայտնել, որ հայտը հաստատվել է, ու խոստացել վարկային պատմություն ստեղծել։ Եվ Լալա Համբարձումյանը որդու՝ Վլադ Սարգսյանի հետ այցելել է Արշակունյաց 6-ում գտնվող Money Cash-ի գրասենյակ։ Նրանց դիմավորել ու ուղեկցել են նկուղային հարկում գտնվող մի տարածք, որի դռանը փակցված է եղել՝ «ԱՊՊԱ»։
«Ոչինչ չէր հուշում, որ դա օֆիս է։ Ամենուր իրեր էին թափթփված, մի կողմում ճաշ էին եփում, — պատմում է տիկին Լալան,- սակայն ամեն կերպ փորձում էին մեզ վստահություն ներշնչել։ Համոզում էին, որ գործարքն արագ կարվի, և մեզ նույն օրը գումար կտան․ միայն անհրաժեշտ է խանութ գնալ, մեր անունով ապրանք գնել և վաճառել իրենց։ Մեզ հետ բանակցում էր մի տղա, որը, ինչպես հետագա ամիսներին նկատեցի, ամեն անգամ անճանաչելիորեն կերպարանափոխված էր լինում, երբ կրկին այցելում էինք այդ գրասենյակ։ Հենց նա էր որսում ու թակարդը գցում բոլոր այցելուներին»։
Վլադ Սարգսյանն այդ ժամանակ ընդամենը 20 տարեկան էր։ Եվ չնայած Money Cash-ի պայմաններում նշված էր, որ գործարք կնքում են 21 տարին լրացած անձանց հետ, առաջարկեցին հենց Վլադի անունով առքուվաճառք ձևակերպել։ Ասացին, որ վարկային պատմություն կստեղծեն տղայի համար, և ոչ մի խնդիր չի առաջանա։ Ապա Վլադի ու Լալայի հետ «կերպարանափոխվող տղան» այցելեց «Դեկորա-Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող «Դոմուս» խանութի վաճառասրահ։ 400,000 դրամի չափով շինանյութի գնում ձևակերպեցին (խանութում ապրանքը Վլադին չհանձնեցին), Վլադ Սարգսյանի անունով 400,000-ի վարկային պայմանագիր կնքեցին «Հայէկոնոմբանկի»՝ Ամիրյան 23/1 գրասենյակում և վերադարձան Արշակունյաց 6։
Այստեղ առքուվաճառքի պայմանագիր կնքվեց Վլադ Սարգսյանի և Money Cash-ի հիմնադիր ընկերության՝ «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանի միջև։ Ըստ այդ պայմանագրի՝ 400,000 դրամ արժեքով ապրանքը Վլադը վաճառում էր ընկերությանը 259,000-ով։
Լալան պատմում է, որ այդ օրը Money Cash-ի խոստացած և պայմանագրով հաստատված 259,000 դրամ գումարին երկար սպասեցին ինքն ու Վլադը։ Գրասենյակում նրանց հավաստիացնում էին, որ սպասում են «Դոմուսից» ձեռք բերված ապրանքի գնորդին, որն այդպես էլ կապ չհաստատեց։
Հետագա 2 ամսում Լալա Համբարձումյանը բազմաթիվ այցեր արեց «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպի» գրասենյակ, սակայն այդպես էլ գումար չստացավ։ Այդ ընթացքում ըստ ժամանակացույցի պարտաճանաչ մարում էր 400,000 վարկը և տոկոսները, որպեսզի այն բացասաբար չանդրադառնա որդու վարկային պատմության վրա:
Այդ ամիսներին ընկերությունը 3 անգամ չեղարկեց Վլադի հետ պայմանագիրը և նոր պայմանագիր կապելով՝ հետաձգեց գումարի տրամադրման օրը։ Լալայի պատմելով՝ «Դոմուսի» վաճառասրահում ևս նոր պայմանագիր են կազմել՝ փոխելով ապրանքատեսակը (շինանյութը փոխարինվել է կահույքով), որը, սակայն, Վլադը չի ստորագրել, ինչը վկայում է, որ կեղծվել է Վլադ Սարգսյանի ստորագրությունը։
2019-ի սեպտեմբերին Լալա Համբարձումյանը դիմեց ծանոթ փաստաբանի օգնությանը և վերջինիս հետ այցելեց Արշակունյաց 6։ Այս անգամ երկար առերեսումներից հետո հաջողվեց ստանալ ընդամենը 100,000 դրամ։ Մնացած գումարի համար դեռ երկար գնաց-եկավ Լալան։ Այդ ընթացքում բազմաթիվ իր պես խաբված քաղաքացիների հանդիպեց Արշակունյաց 6-ում, որոնք անհույս սպասում էին իրենց գումարին։ Վերջին այցին հասկացավ, որ գրասենյակը փակվում է։ Պատմում է, որ իրերը «ճամփորդական տրամադրությամբ» հավաքված էին, իսկ տնօրենը մի աշխատակցի հետ առանձնացել էր նախկինում իրեն աշխատասենյակ ծառայող, իսկ այդ պահին խոհանոց դարձած հատվածում և այցելուներին չէր ընդունում։ Երկար սպասելուց հետո Լալան փորձեց պահանջել իր գումարը, սակայն տնօրեն Արմեն Հայրապետյանն ասաց, որ ինքն իրավաբան է, շատ լավ գիտի, որ օրենքն իր կողմում է, և բողոքողներն իրեն ոչինչ չեն կարող անել, քանի որ պայմանագիր են ստորագրել։
Հետո արդեն գրասենյակը փակվեց։
Հենց հիմնադրման տարում ընկերության դեմ վարույթներ են սկսվել։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ընկերության դեմ կա գումարի բռնագանձման պահանջով 5 դատական հայց։
Պետական եկամուտների կոմիտեն ևս «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպ» ընկերության չկատարած հարկային պարտավորությունները գանձելու մասին մի շարք որոշումներ է կայացրել։
Ծանուցագրերն ուղարկված են տարբեր հասցեներով՝ Երևանում՝ Կորյունի 19ա և Արշակունյաց 6, Էրեբունի 3/83, Արմավիրում՝ Արևաշատ, Տերյան փ, հող 31։ Վերջինն ընկերության գրանցման հասցեն է, ինչպես նաև՝ Արմեն Հայրապետյանի գրանցման հասցեն։ Հասցեներն այսքանով չեն սահմանափակվում։ «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպի» «գործունեության» շառավիղն ու առաջարկվող ծառայությունները շատ ավելի ընդարձակ են։
«Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպը» մեկն է ՀՀ-ում գործող ֆինանսական միջնորդ կազմակերպություններից, որոնք վարկի համար դիմող անձանց անունով ՀՀ-ում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր և վարկային պայմանագրում նշված գումարի առնվազն 35%-ը պահում որպես միջնորդավճար։ Միջնորդ ընկերությունն ապրանք է վերցնում խանութներից՝ ապառիկ վաճառքի պայմանագիր ձևակերպելով գումարի կարիք ունեցող քաղաքացիների անունով, ապրանքը պահում է իրեն և վարկառուին տրամադրում վարկի գումարի առավելագույնը 65 %-ը։
Սակայն «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպի» ողջ «հմայքն ու առանձնահատկությունն» այն է, որ այստեղ գումարի կարիք ունեցող քաղաքացին մտնում է ապառիկի «տոկոսի տակ», սակայն չի ստանում ո՛չ ապրանքը, ո՛չ էլ իրեն անհրաժեշտ գումարը, որի համար գնացել է նման գործարքի։ Այս պահին ընկերության գործունեության վրա կիրառված է սահմանափակում։
Հավելենք․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ընկերության կատարած պարտադիր դրոշմանիշային վճարների մասին տվյալներ չկան: Հայաստանում աշխատող յուրաքանչյուր անձի կողմից պետական բյուջե փոխանցվող պարտադիր վճարն է ամսական 1000 դրամը: Ստացվում է՝ «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպը» թաքցրել է աշխատողների մասին տվյալները։
Սպառելով գումարը ստանալու վերջին հույսը՝ Լալա Համբարձումյանը դիմեց Fip.am-ի լրագրողների օգնությանը, և մենք՝ որպես պոտենցիալ հաճախորդ, նախապես զանգահարելով Լալայի հայտնաբերած հեռախոսահամարով ու պայմանավորվելով ոմն Էդգարի հետ, 2019-ի նոյեմբերի 23-ին Լալայի և Վլադի հետ այցելեցինք Էդգարի նշած վայրը՝ Ազատության 8/1 հասցեում գտնվող «Նատալի և Մարիա» ՍՊԸ-ի գրասենյակ։ Այստեղ Լալան ու Վլադը ճանաչեցին «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպի» 3 աշխատակցի՝ տնօրեն և հիմնադիր Արմեն Հայրապետյանին, Արշակունյաց 6-ում նոր տնօրեն ներկայացած ու խոստումներ տված Արթուրին և փոխտնօրեն ներկայացած Էդգարին, որն էլ մեզ դիմավորեց Ազատության 8/1-ում։
«Նատալի և Մարիա» ՍՊԸ-ի աշխատակիցները կտրականապես հերքեցին Էդգարին ճանաչելու փաստը, մեր զանգահարած հեռախոսահամարի՝ իրենց գրասենյակի հետ կապը։ Նրանք նշեցին, որ երկու ընկերություն ունեն, մեկը՝ սա, մյուսը՝ Քոչարի վրա, և երկուսում էլ նման մարդ չկա։
Բարձրացված հարցերից ու վիճաբանությունից հետո աշխատակիցների կանչով գրասենյակ եկավ Դավիթ Ղազինյանը և հրավիրեց մեզ առանձնասենյակ։
Նա ներկայացավ որպես «Նատալի և Մարիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, նաև՝ «Հայաստանի առևտրաֆինանսական բրոքերների միություն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն և հանձնաժողովի նախագահ։
Ղազինյանի խոսքով՝ իրենց ընկերությունը զբաղվում է էլեկտրատեխնիկայի առքուվաճառքով (այն ֆինանսական միջնորդ կազմակերպություններից է, որոնք 35% միջնորդավճար են գանձում վարկ «դասավորելու» համար- ծթ․՝ հեղ․). «Ունենք մի գրասենյակ՝ սա է, և ունենք շատ աշխատողներ, որ դուրս են եկել ուրիշ տեղերից, եկել են մեզ մոտ աշխատելու։ Ոնց հասկանում եմ՝ էստեղ է խնդիրը։ Մեր կազմակերպության վրա գործունեության 3-4 տարում բողոք չի եղել»:
«Նատալի և Մարիա» ՍՊԸ-ն գրանցվել է ընդամենը 2019 թ․ մայիսի 27-ին, և հիմնադիրն ու 100% բաժնետերը Գագիկ Հրանտի Ղազինյանն է՝ Դավիթի հայրը։
Դավիթ Ղազինյանը, հավանաբար, 3-4 տարի ասելով` «Օնլայն էլեկտրոնիկ» ընկերությունը նկատի ուներ․ այն էլեկտրոնային ռեգիստրում գրանցվել է 2016 թ․ փետրվարի 1-ին, և հիմնադիրն ու 100 տոկոս բաժնետերը Դավիթ Գագիկի Ղազինյանն է (իրավաբանական հասցեն` Նոր Նորք, Բակունցի 2-րդ նրբանցք, 13/1, 40. Դավիթ Ղազինյանի գրանցման հասցեն է)։
«Մենք եթե ապրանք ենք առնում, տեղում գումարը տալիս ենք, ճանապարհում ենք հաճախորդին։ Ու ես հիմա ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ պրոբլեմ ա, որովհետև կարող ա կարենամ էդ հարցը լուծեմ։ Եթե տուժել են՝ հենց հիմա իրավաբանին կանչեմ»,- ասաց Դ․ Ղազինյանը։
Նա նշեց, որ իր գրասենյակի վարկանիշն իր համար գումարից կարևոր է, նաև ասաց, որ բարեգործությամբ է զբաղվում։
Արթուրին և Էդգարին ներս կանչելու մեր առաջարկին ի պատասխան՝ Ղազինյանն ասաց, որ Արթուր անունով աշխատող չունեն, Արթուրն ընդամենը տաքսու վարորդ է։ Իսկ Էդգարի վերաբերյալ փորձեց ճշտել, թե որ Էդգարն է՝ ի տարբերություն տեղի աշխատակիցների, որոնք պարզապես ժխտում էին Էդգար անունով անձի ներկայությունն այդ տարածքում։ Նա հաստատեց նաև «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպի» տնօրեն Արմեն Հայրապետյանի ներկայությունը գրասենյակում, սակայն ասաց, որ Արմենը ևս չի աշխատում «Նատալի և Մարիա» ՍՊԸ-ում, պարզապես որպես իրավաբան համագործակցում է իրենց հետ՝ զբաղվում է խնդրահարույց հարցերով։
Ղազինյանն աշխատասենյակ կանչեց Էդգարին և մյուսներին, հրահանգեց շատ արագ՝ մոտակա օրերին լուծել քաղաքացիների հետ պարտքուպահանջի հարցերը, ապա լրագրողի հետ առանձնազրույցում ներկայացրեց, թե ինչու են անվստահելի ընկերության տնօրենն ու աշխատակիցներն իր գրասենյակում։ Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։
— Ես իրանց հետ, կարելի ա ասել, ոչ մի ընդհանուր բան չունեմ․․․ Իրանք ունեն մարդկանց հանդեպ մոտ 2,600,000 դրամի պարտավորություն, որոնցից մեկը հեսա գալիս ա, որ տանի (պարտքը- ծթ․՝ հեղ․)․․․ Ես ամեն օր իրանց աշխատավարձերը, աշխատածները տալիս եմ (պարտատերերի գումարները- ծթ․՝ հեղ․)։ Իրանք ցուցակ ունեն, ըստ որի զանգում եմ, տալիս եմ։ Վստահ եմ՝ էս մարդու (Լալայի ու Վլադի- հեղ․) անունն էլ ցուցակում կա։ Բերում են (գումարը- հեղ․), ասում եմ՝ էս մարդուն, օրինակ, կամ ո՞ւմ եք ուզում առաջինը տաք՝ տվեք։ Հետևում եմ, որ իրանք տան․․․ Ես կարամ իրանց երեքին էլ ռադ անեմ ըստեղից, ճիշտ հասկացեք։
Իմ գումարը՝ հեչ, չորս հարյուր քանի հազար ա անում, կհաշվեմ՝ մեկին լավություն եմ արել։ Բայց իրանց նման մարդկանցից ոչ մի բան չեն կարալու քերեն։ Կամ ես կարամ, որ հիմա իրանց վեկալել եմ մեր ձեռի տակ ու աշխատում են խելոք, հետևեմ, որ մարդկանց գումարները տան։ Ստեղ հարցը էդ ա։ Եվ ես պայմանավորվել եմ իրանց հետ, որ ես իմ գումարը կստանամ միայն այն դեպքում, երբ որ իրանք իրանց բոլոր պարտականությունները հաճախորդների հանդեպ վերջացնեն։ Կամ ուղիղ ասեմ՝ սրանք անպատիժ չեն մնա։ Ու երբ որ պատժվեցին օրենքով, իրանք էդ գումարները չեն կարալու արդեն մուծեն։
— Բայց դատական հայցերը գումարը գանձելու համար են, ո՞նց կարող են չտալ։
— Իրանք ոչ մի գույք չունեն իրանց անունով, ո՛չ մի բան չունեն։ Իրանք դատարանում կանգնում ասում են՝ մենք չենք հրաժարվում գումարը տալուց, մենք տալու ենք, բայց չունենք գումար։
— Դուք գումարը հետ գանձելու ձև եք գտել՝ մի խոսքով։ Իսկ ինչո՞ւ եք շահագրգռված հաճախորդի շահով։
— Բացատրեմ։ Որովհետև մարդ եմ առաջին հերթին ու երևի առաջիններից մեկն եմ, որ էս բիզնեսը արել եմ, ու կյանքում չեմ արել հարամություն։ Ավելին ասեմ․ հիմա ամեն մի «իդիոտ» իրա կարճ խելքով կարա ըտենց օֆիս մտածի բացի ու մարդկանց քցի, և դրանից օգտվելով՝ թե՛ լրագրողները, թե՛ ամեն մեկը գցեն մեր անունը՝ էն մարդկանց, ովքեր կյանքում չեն խաբել: Կոնկրետ իմ վրա խի՞ կյանքում բողոք չկա ոչ մի անգամ, որովհետև չկա մի հատ հաճախորդ, որ խաբված լինի իմ մոտ։ Բայց իրանց նմանների պատճառով․․․
— Ի՞նչ լուծում եք առաջարկում։
— Էս հարցի լուծումը ես գտել եմ արդեն։ Որպեսզի իրանց նման փնթիները չկարանան բացեն ըսենց օֆիսներ, ես ինքս իմ ՀԿ-ի ու իմ անունից դիմում եմ գրել Ազգային ժողով և լուծում եմ առաջարկել, որպեսզի նմանատիպ կազմակերպությունները, որոնցից մեկը նաև իմն ա, մտցնեն լիցենզիայի տակ։ Ես ահավոր շատ եմ սիրում իմ գործը, ինձ հետաքրքիր ա, որ իմ գործի անունը չընկնի։ Դրա համար ուզում եմ, որ օրինական աշխատեն, պետությանը օրինական հարկեր մուծեն, ու մաքուր աշխատողները միավորվեն ՀԿ-ի մեջ (իր հիմնած «Հայաստանի առևտրաֆինանսական բրոքերների միություն» ՀԿ-ն նկատի ունի․ ծթ․՝ հեղ․): Թող մտցնեն լիցենզիայի տակ, որ սրանց նմանները չկարանան ֆեյսբուքով բան բացեն, օդից փող կպցնեն։
— Դուք ևս վարկի համար դիմող քաղաքացիներից ապրանքը ձեռք եք բերում ապրանքի գնի 65 %-ով։ Մի քիչ անմարդկային չէ՞․․․
— Ես կարող եմ ցանկացած մեկին ապացուցել, որ մեր միջոցով ձեռք բերված վարկերը 3 անգամ ավելի մատչելի են, քան մի շարք ՈՒՎԿ-ներից, որոնք Կենտրոնական բանկի լիցենզիայի տակ օրինական տոկոսչիներ են։ Էսօր մեր բանկային համակարգը շատ կոռումպացված, սրիկա համակարգ է․․․ Մենք չենք հանդիսանում վարկային կազմակերպություն, չենք տրամադրում ուղղակի վարկեր։ Մենք տալիս ենք գումար՝ տարբեր ճանապարհներով։
— «Կոնսուլ Ինտերնացիոնալ գրուպի» նմա՞ն։
-Չէ, կներեք։ Մենք «կարուսել» չենք անում։ Մենք ապրանք ենք վերցնում իրոք։ Ձեզ հետ խանութ գնում են վարորդներ, որոնք էդ ապրանքը բարձում ու բերում են էստեղ։ Եթե նկատում եք, անգամ իմ սենյակում տարբեր ապրանքներ կան դրված, որոնք բերում են, ես առնում եմ․․․
— Քոչարի վրա ի՞նչ գրասենյակ ունեք։
— Քոչարի վրա գրասենյակ ընդհանրապես չկա։ Քոչարի վրա աշխատում ա միայն բրոքերական գրասենյակ, ոչ թե գումարային։ Էնտեղ ուրիշ բան ա։ Մենք բազմակողմանի ծառայություններ ենք մատուցում։ Էնտեղ գումարային հարց չի։ Քոչարի վրա բրոքերական ֆիրմա ա, որը տան վարձակալությամբ ա զբաղվում։ Ընենց որ, ով ասել ա` էդ հաստատ թյուրիմացություն ա։ Կարող եք գնալ, Քոչարինն էլ ստուգեք․․․
«Նատալի և Մարիա» ՍՊԸ-ում մեր այցի պահին գրասենյակի տարբեր հատվածներում 10-ից ավելի աշխատակից կար։ Սակայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվեհամարին 2019-ի հունիսից մինչև 2020-ի հունվար 1000-ական դրամ վճար է մուտքագրվել, այսինքն՝ 1 աշխատողի համար։ Ստացվում է՝ գրասենյակում նույնիսկ այդ մեկ հոգին չի աշխատել հունվարից այս կողմ, սակայն մայիսին մեր այցի ընթացքում այնտեղ նույն եռուզեռն էր տիրում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում 2017-2018 թթ․ «Օնլայն էլեկտրոնիկ» ընկերության ամսական վճարումները չեն գերազանցել 9000 դրամը: Վերջին վճարը կատարվել է 2018-ի փետրվարին՝ 8000 դրամ, այսինքն՝ 8 աշխատողի համար։ Այնուհետ պարտադիր վճարների մասին տվյալներ չկան։
«Հայաստանի առևտրաֆինանսական բրոքերների միություն» ՀԿ-ի կողմից ևս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում վճարված 1000 դրամների մասին տվյալ չկա:
Դավիթ Ղազինյանի հետ փոխկապակցված ընկերությունների դեմ դատական հայցեր և գումարի գանձման ՊԵԿ որոշումներ չկան։ Սակայն ընդդեմ քաղաքացի Դավիթ Գագիկի Ղազինյանի գումարի բռնագանձման պահանջով դատական հայց են ներկայացրել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն։
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Արմեն Լյովիկի Հայրապետյանի անունով 7 ընկերություն է գրանցված։
Դրանցից 3-ի՝ «ԿՈՆՍՈՒԼ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «ԱՐՄԵՆԱԿ ԳՐՈՒՊ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ի և ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ Ա/Ձ-ի նկատմամբ կիրառված է սահմանափակում։ Մեկ ընկերության՝ «ԷԴԱՐՄ» ԱՆԿԱԽ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ի գործունեությունը դադարեցված է։ Եվ մեկ ընկերությունում՝ «ԳՈԼԴԵՆ ԿԱՊԻՏԱԼ ԻՆՖՈ» ՍՊԸ-ում, Արմեն Հայրապետյանի մասնակցությունը դադարեցված է։ Վերջին 2 ընկերությունում Հայրապետյանի գործընկերն է եղել Էդգար Ռոբերտի Խաչատրյանը։
Այժմ Արմեն Հայրապետյանը հիմնադիր և բաժնետեր է 2 ընկերությունում՝ «ՑԵԶԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (համահիմնադիր և բաժնետեր՝ Մարիամ Մհերի Խուրշուդյան) և «Մ Գ Ա ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում (բաժնետերեր՝ Մարիամ Մհերի Խուրշուդյան և Գոռ Նիկոլայի Կարապետյան)։
Արմեն Լյովիկի Հայրապետյանի դեմ գումարի բռնագանձման պահանջով մի շարք դատական գործեր կան։
Գումար բռնագանձելու պահանջով կան նաև Հայրապետյանի գործընկեր Էդգար Ռոբերտի Խաչատրյանի դեմ։
Առաջիկայում Ազգային ժողովում կքննարկվի «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը տուգանք է նախատեսում վարկային «միջնորդների» համար: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծով՝ վարկային ծառայություններ գովազդողների և տարածողների գործունեությունը դառնում է վարչական իրավախախտում և պատժվում տուգանքով:
Ժաննա Սարգսյան
Միլենա Սարգսյան
comment.count (0)