Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։
«Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։
Նույն կերպ վերանայվել են նաև եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները, մասնավորապես՝ 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի վճարման վերջնաժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ հետագա՝ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը։
Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում՝ համաձայն որի, այն ֆիզիկական անձը, որը մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը (2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար՝ համապատասխանաբար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը և 2026 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը) դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչև նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչև նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)