Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը |hetq.am|
15:40 - 20 օգոստոսի, 2020

Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը |hetq.am|

hetq.am: Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով տուժած հայերին աջակցելու փաթեթը։ Այս մասին հեռախոսազրույցում հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ վերջնական փաթեթը պատրաստ չէ, մանրամասներ չի կարող փոխանցել։

Այդուհանդերձ, հայտնի է, որ փաթեթն ունենալու կրթական ու առողջապահական բաղադրիչներ։ Դրա մշակմանը մասնակցում են առողջապահության, արտաքին գործերի, ինչպես նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։

Հարցին, թե Հայաստանը քանի լիբանանահայի է պատրաստ ընդունել, Զարեհ Սինանյանը պատասխանեց, թե իրենց ցանկությունն է, որ բոլոր այն հայերը, ովքեր որոշել են հեռանալ Լիբանանից, գան Հայաստան։ «Եթե այդ թիվը մեծ լինի, մենք կհարմարվենք, եթե փոքր լինի, կսահմանափակվենք այդ թվով»,- ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Իսկ հարցին, թե ինչ պետք է անի ՀՀ-ն մեր երկրի քաղաքացիություն եւ այստեղ կեցավայր չունեցող լիբանանահայերի համար, «Հետքի» զրուցակիցն արձագանքեց, թե այնպես պետք է անեն, որ այդ մարդիկ անտուն չմնան։ Օգոստոսի 4-ի պայթյունի հետեւանքով անտուն մնացած հայ ընտանիքիների քանակական տվյալները, ինչպես նաեւ մնացած այլ տվյալներ, ըստ Զարեհ Սինանյանի, հավաքագրում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Հանձնակատարի Զարեհ Սինանյանի խոսքով՝ այդ հարցում իրենք համագործակցելու են ՀԲԸՄ-ի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել