Լրացվել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը. ՊԵԿ
18:56 - 22 սեպտեմբերի, 2020

Լրացվել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը. ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է ներկայացնում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշման վերաբերյալ:

Ըստ տարածած հաղորդագրության, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

ՊԵԿ-ը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ մայիսի 6-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր նրան մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ: Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը:

Շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը նախիկն դեսպանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ («հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)») հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով («ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»), 310.1-րդ հոդվածի («ապօրինի հարստանալը») 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի («հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը») 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը այսօր բավարարվել է դատարանի որոշմամբ:

«Բացի այդ՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել