Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել |armtimes.com|
06:48 - 27 հունիսի, 2019

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել |armtimes.com|

armtimes.com։ Շիրակի մարզպետարանի կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովն ավարտել է հունիսի 4-ին տեղացած կարկուտի վնասի չափի հստակեցումը: Ընդհանուր թվով վնասվել է 2065 հա ցանքատարածություն, գումարի չափը կազմում է 560 մլն դրամ: Հիմնականում վնասված է հացահատիկը՝ գարի, ցորեն:

Հունիսի 4-ի կարկուտից Շիրակի մարզում 3 խոշորացված համայնք էր վնասներ կրել՝ Ախուրյանը, Սարապատն ու Ամասիան: Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Կամոն բերքահավաք չեն անի: Եւս 4 բնակավայր Ամասիայում, 5-ն էլ Աշոցքում են հաշվում կրած վնասները:

Ընդհանուր թվով 12 համայնք է բերքից զրկվել: Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը ասաց՝ իրենք տվյալները հստակեցրել, ակտը կազմել են: Բայց փոխհատուցման մասին այս պահին չի կարող խոսել: Հատկապես որ, մարզում մեկ օր առաջ կրկին կարկուտ է տեղացել, նոր համայնքներ են կարկտահարվել: Հավանաբար, ըստ գյուղվարչության պետի, այդ համայքներում էլ երբ պատկերն ամբողջանա, նոր որպես ընդհանուր վիճակագրություն, տվյալները կներկայացվեն գործադիրին:

Հացահատիկային կուլտուրաների, հատկապես ցորենի կորուստն անհետեւանք չի մնա ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հանրապետության համար, քանի որ Շիրակը ՀՀ ցորենի պահանջարկի հիմնական մասն արտադրող մարզն է: Վերջին մեկ-երկու տարում, սակայն, ցորենի ցանքերի թվի անկում է գրանցվում:

Այս գյուղատնտեսական տարում եւս Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատությամբ 6000 հա ցորեն քիչ էր մշակվել: Ընդամենը 18.000 հա: Սա այն պարագայում, երբ Շիրակը 24.000 եւ ավել հա հացահատիկ արտադրելու հնարավորություն եւ փորձ ունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել