ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծը
 |armtimes.com|
22:05 - 09 դեկտեմբերի, 2020

ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծը |armtimes.com|

armtimes.com: Վերջին օրերին բուհական և գիտական համայնքներում նոր վրդովմունքի և խիստ քննադատության առարկա  դարձած «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի նախագծի հետ կապված մի շարք խնդիրների պարզաբանման համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս:

Բանախոսները՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական  Սամվել Կարաբեկյանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը անդրադարձան նախագծի հետ կապված որոշ դրույթների, պատասխանեցին մտահոգիչ մի շարք հարցերի:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե օրենքի նախագիծը հապշտապ է ուղարկվել Ազգային ժողով՝ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ վերջին տարիներին մշտապես քննարկման է դրվել նախագիծը, հետեւապես կրթական համակարգի առջեւ դրված խնդիրների լուծման տեսանկյունից անգամ ինչ-որ տեղ ուշացած օրենք է: Փաթեթը անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկելու նախաձեռնությունը եղել է դեռեւս օրենքի մշակման նախորդ փուլերում: Ըստ նրա, թյուրըմբռնման արդյունք է այն շահարկումը, որ դա կապված է այսօրվա իրավիճակի հետ կամ այնպիսի խնդրի հետեւանք է, որը պարտադրում է նման հապշտապություն:

Հարցին, թե արդյոք հաշվի են առել այն մտահոգությունները, որ նախագծի պատճառով վտանգի տակ է հայտնվել բուհերի ակադեմիական ինքնավարությունը, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ ակադեմիական ինքնավարության առումով մեր բուհերը բավական ինքնավար են, այլ բան է, թե որքանով են նրանք օգտագործում իրենց տրված գործառույթները: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատություններին, բուհը, բավականաչափ ինքնավար լինելով, չի կարողանում ինքավարությունը տարածել ներքին ենթակառուցվածքների, անհատ դասախոսների,  հետազոտողների վրա:

Ուսումնական պլաններում, նրա դիտարկմամբ, կան բավականին բյուրոկրատական գործընթացներ, եւ դա անմիջապես անդրադառնում է ակադեմիական ազատության իրացման վրա: Անգամ բուհական հանրության հիմնական պահանջները ուղղված են դեպի պետություն, բայց ուղղված չեն համալսարանի ներսում իրենց իսկ վերապահված իրավունքները իրականացնելուն: «Սա շատ կարեւոր խնդիր է, որի իրականացման համար օրենքի նախագիծը ոչ թե սահմանափակում է ակադեմիական ազատությունները, այլ  ինստիտուցիոնալ որոշակի հիմքեր է ստեղծում դրանց արդյունավետ իրականացման համար»,- ասաց նախարարի խորհրդականը:

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ավելացրեց, որ բուհական ինքնավարությունը պարզապես մեկ ցուցիչ է, որով գնահատվում է տվյալ երկրի բուհական համակարգի ինքնավարությունը. «Ես կասեմ, որ այս օրինագիծը ամբողջությամբ չի ապահովում բուհերի ինքնավարությունը, բայց մի քանի քայլ առաջ է տանում դեպի ակադեմիական բուհական ինքնավարություն, այստեղ պետք  է կարողանանք պետություն-լիազոր մարմին-բուհ հավասարակշռությունը ապահովել, որը կբերի արդյունավետ կառավարման: Մեր պետությունը որդեգրել է, որ աստիճանաբար պետք է ընդլայնի այդ  ինքնավարությունը: Հաջորդ ցուցիչները՝ ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու, ուսանողներ ընտրելու, ծրագրեր  ներդնելու, դադարեցնելու իրավասություններն են, որոնք իրականացվում են օրենքի շրջանակներում»:

Բուհերը քաղաքական վերահսկողության տակ առնելու մտավախություններին ի պատասխան՝ Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ մտահոգությունները առավելապես նախագծի այս անցումային դրույթին են վերաբերում, որի մեջ որեւէ անանցանելի խնդիր չկա: Խոսքը բուհերում մինչեւ հինգ տարի ժամկետով ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հնարավորությունն ամրագրելու մասին է, ինչը անհամաձայնության մեծ ալիք էր բարձրացրել։ Կարաբեկյանը նշեց, որ մի շարք երկրներում գործում է այդ մեխանիզմը, ընդ որում՝ ոչ միայն անցումային դրույթի ձեւով, այլեւ կա պրակտիկա. պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, բայց դա որեւէ կերպ չի խաթարում գոյություն ունեցող ակադեմիական ազատությունները, չի միջամտում բուն ակադեմիական պրոցեսին, ինչը,  ցավոք սրտի, հիմա մենք տեսնում են  ամեն քայլափոխի:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել